Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը վերջին շաբաթներին դարձել է Հայաստանում հասարակական-քաղաքական դիսկուրսի օրակարգում առաջնային կարեւության հարցերի ձեւակերպողը կամ թելադրողը։ Իր հայտնի հայտարարությունների եւ դրանց շուրջ մինչեւ այժմ շարունակվող քննարկումների արդյունքում ներկայումս բավականին հետաքրքիր քաղաքական բովանդակության թեզեր են ձեւավորվել, նաեւ դրանք նկատի ունենալով՝ փորձենք մի քանի դիտարկում կատարել։
Առաջինը, որ այս առումով կուզենայի ֆիքսել այն է, որ Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն, իսկ մենք էլ մեր կողմից կհավելեինք՝ Հայաստանում հնարավոր է քաղաքական կյանքի զարգացում կամ առաջընթաց /եթե համարենք, որ քաղաքական կյանքը Հայաստանում փոքրիշատե կայացած է/, եթե տեղի ունենա սերնդափոխություն կամ եթե Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները հեռանան քաղաքական ասպարեզից, այսինքն՝ իրապես անցնեն հանգստի/թոշակի։ Սա իրականում բավական հետաքրքիր քաղաքական բովանդակություն ունեցող թեզ է։ Ու զարգացնելով Աջապահյանի այս թեզը, ինքներս կավելացնեինք, որ Հայաստանում քաղաքական համակարգը կզարգանա, առաջընթաց կունենա, եթե Հայաստանի ժողովուրդը քաղաքական իմաստով կարողանա հաղթահարել «կոլեկտիվ Նիկոլ Փաշինյանին», «կոլեկտիվ Սերժ Սարգսյանին» ու «կոլեկտիվ Ռոբերտ Քոչարյանին»։ Հակառակ դեպքում՝ Հայաստանը քաղաքական առումով կշարունակի մնալ անհատի շուրջ ձեւավորված քաղաքական շրջանակների մեջ պարբերաբար ընթացող «մարտական գործողությունների» թատերաբեմ, որտեղ օրակարգը կլինի չափազանց տեղային ու մեծ հաշվով կպահպանվի իշխանություն/ընդդիմություն այն «ստատուս քվոն», որը ձեւավորվել է գոնե 2021 թվականի դրությամբ։
Դատելով «Բաքուն ուզում է խաղաղություն կնքել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ» Ադրբեջանից վերջին օրերին բավականին հաճախակի հնչող թեզերից, չի բացառվում, որ առաջիկայում որոշակի արտաքին ուժային կենտրոնների կոնսենսուսի պայմաններում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի խաղաղության փաստաթուղթը Երեւանի եւ Բաքվի միջեւ կնքվի Հայաստանում մի այնպիսի քաղաքական իրավիճակում, երբ, ադրբեջանական բառապաշարով ասած՝ խաղաղության փաստաթղթի հետեւում լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Հայաստանը։
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի «Սրբազան պայքարը», որպես իր տեսակի մեջ քաղաքական պայքարի առաջին փորձ, կարծես թե հաջողություն չի ունենում, սակայն սա չի նշանակում, թե պետք է թեւաթափ լինել։ Կարելի է ձեւավորել նոր շարժում, օրինակ, հենց Միքայել Աջապահյանի գլխավորությամբ՝ նրա առաջարկած թեզերի շրջանակում՝ հատկապես նկատի ունենալով «նախկինների ստվերից զերծ» եւ «հակակուսակցական» թեզիսները, հենվելով «մեր կուսակցությունը ժողովուրդն է» թեզիսի վրա։
Եթե Միքայել Աջապահյանը, օրինակ, մի օր նման մտադրություն ունենա, ապա արդեն դասեր քաղած լինելով Բագրատ արքեպիսկոպոսի ձախողման փորձից, կարող է ավելի մեծ հաջողության հասնել, հատկապես, որ Աջապահյանը մեդիա տիրույթում շատ ավելի ակտիվ է, տարիներ ի վեր՝ միշտ իր խոսքն ունեցող ու իր խոսքը բարձրաձայնող գործչի համբավ ունի, երբեմն նաեւ՝ չվարանելով կոշտ ու սուր ձեւակերպումներից։
Այստեղ խնդիրը թերեւս այն կլինի, թե արդյոք կուզենա՞ Միքայել Աջապահյանը մտնել նման պայքարի մեջ։ Ի վերջո, նման պայքարի մեջ մտնել, նշանակում է Բագրատ Գալստանյանի նման «իր անձը դնել Հայրենիքի զոհասեղանին»՝ չունենալով լիարժեք հաջողության հասնելու երաշխիք։