«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ակնհայտորեն դժգոհ է Նիկոլ Փաշինյանի իրականացրած ներքին եւ արտաքին քաղաքականությունից։
Այդ մասին նա կետ առ կետ անդրադարձավ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին մեր հանրությունը տեղեկացված չէ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի օրոք։
Նա հիշեց, թե ինչպես է Սերժ Սարգսյանը ժամանակին «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում հայտարարել տարածքներ զիջելու պատրաստակամության մասին։ Եվ նույնը, ըստ նրա, տեղի է ունենում այսօր, Նիկոլ Փաշինյանի օրոք։ «Նա բղավում էր, թե ինքը տեղյակ է, թե ով ինչպես է բանակցել նախկին իշխանությունների ժամանակ։ Մյուս դեպքում նա չասաց, որ պետք է հանդիպի Իլհամ Ալիեւի հետ, մեկուկես ժամ հանդիպում է ունենում եւ իբր թե բանակցում պատմության հետ կապված։ Իհարկե, սրանք արժանահավատ չեն, մտահոգության տեղիք են տալիս, քանի որ առանց հանրությանը տեղեկացնելու տեղի է ունենում բանակցային գործընթաց»,- ասաց «Երկիր ծիրանի»-ի ղեկավարը։
Զարուհի Փոստանջյանը, որը մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի մասին արտահայտվեց՝ քանիցս նրան դիմելով՝ Նիկոլ Վովաեւիչ, վարչապետին մեղադրեց Արցախի հարցում հայեցակարգ չունենալու համար։ Նրա դիտարկմամբ՝ տեղի է ունենում ԼՂ հարցում արագացված գործընթաց, եւ այդ գործընթացում կան ստվերային պայմանավորվածություններ։
Զարուհի Փոստանջյանը մտահոգված է, որ որեւէ մեկը մինչ օրս պարզաբանում չի տվել, թե ինչու Արցախի զինված ուժերի հրամանատար Լեւոն Մնացականյանին ազատեցին աշխատանքից, ո՞րն էր նրա աշխատանքից ազատման հիմքը։ «Երկիր ծիրանի»-ի ղեկավարը հիշեց 2018թ․ ապրիլին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Նրա կարծիքով՝ այդ բանաձեւի հիմքում ընկած է Արցախի հիմնախնդիրը։ «Որեւիցե այլ դեպքում, Սերժ Սարգսյանը, լինելով հմուտ չեկիստ, չէր կարող թույլ տալ, որ տեղի ունենային նման իրադարձություններ ՀՀ-ում ապրիլ եւ մայիս ամիսներին։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է Նիկոլ Փաշինյանի հոգեւոր հայրը, վերջինս էլ ՀՀՇ-ական գաղափարների կրողն ու ժառանգորդն է։ ԱԺ նախկին պատգամավորը մտահոգված է, որ Նախիջեւանի շրջանում իրականացվում են բազմամիլիոնանոց ինժեներական շինարարական աշխատանքեր, սակայն հայկական կողմը չի միջամտում՝ թույլ տալով, որ թաշնամին մոտենա մեր ռազմավարական ճանապարհներին։
Անդրադառնալով ներկա ԱԺ-ին՝ Զարուհի Փոստանջյանը հիշեց, թե ինչպես է վերջերս մի երիտասարդ կին հարցազրույց տվել Արցախի թեմայով, իսկ հետո պարզվել է, որ նա Ադրբեջանի հետ քարոզչություն անելու խմբավորման անդամ է։ Նա հիշեց նաեւ, որ խաղաղության քարոզչությամբ զբաղվում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, որ հայ-ադրբեջանական սահմանին հայտարարել է, թե կարեւոր չէ՝ ով է սկսել հակամարտությունը։ Մինչդեռ բոլորս գիտենք, թե ով է եղել նախահարձակ, ով է սկսել հակամարտությունը։