Հայաստանում, կարելի է ասել, մեկնարկել է հետընտրական քննարկումների, վերլուծությունների եւ գնահատականների փուլը։ Ու հիմա ամենից շատ թերեւս այն հարցն է արծարծվում, թե ինչու եւ ինչպես Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հաղթել։ Ես, իհարկե, «հաղթանակ» բառին կվերաբերվեի շատ զգույշ, որովհետեւ 2018-ին ավելի քան 70 տոկոս, 2021-ին ավելի քան 53 տոկոս վարկանիշից հետո՝ 2026-ին 49 տոկոս հավաքելը, այն էլ՝ այսքան վերապահումներով` ճնշումների ու կեղծիքների ուղեկցությամբ, բավականին մտորելու տեղիք է տալիս։ Բայց չեմ խոսի վարչական ռեսուրսի համատարած օգտագործման, ճնշումների եւ այլնի մասին։ Վստահ եմ՝ առաջիկա օրերին այդ մասին խոսողների պակաս չի լինի։ Հարցի հետ կապված՝ ինձ հետաքրքրում է մեկ այլ կողմ։
Շաբաթներ առաջ «Հրապարակը» գրել էր, որ «Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ու համակիրների մեծ մասը, սահմանամերձ Ոսկեպարից բացի, տներ ունեն նաեւ Իջեւանում, Երեւանում, Աբովյանում, Ռուսաստանում, այլ վայրերում։ Նրանք այնքան էլ չեն անհանգստանում, որ ԽՍՀՄ-ի ինչ-որ շրջանում անկլավ հանդիսացած, նախկինում ադրբեջանաբնակ Վերին Ոսկեպարի տարածքը Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կհանձնի, եւ այդ դեպքում կյանքը Ոսկեպարում կվատթարանա կամ անհնարին կդառնա, ու իրենք ստիպված կլինեն հեռանալ հայրենի գյուղից։ Նրանք ապրելու այլ հնարավորություններ ունեն եւ առանձնապես տարբերություն չեն տեսնում` Տավուշո՞ւմ կապրեն, թե՞ Կրասնոդարում կամ Աբովյանում»:
Մեջբերված նյութը թերեւս լավագույնս ցույց է տալիս շատ-շատերի հոգեվիճակն այսօրվա Հայաստանում։ Մարդիկ պարզապես հոգնել են ու դարձել անտարբեր։ Շատ-շատերի համար բացարձակապես միեւնույն է՝ կշարունակեն ապրել Հայաստանո՞ւմ, օրինակ՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, թե՞ կապրեն Ռյազանում, Կրասնոդարում, Պյատիգորսկում կամ որեւէ արեւմտյան քաղաքում։ Ու դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Նախ՝ որովհետեւ այլընտրանք շատերը չեն տեսնում, եւ հետո՝ հին մեծական խոսք կա, ասում է՝ «մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը»։ Պարզապես մարդիկ չեն ուզում խաբված լինել՝ աջակցելով հերթական «փրկիչին» եւ կանգնել 18-ի կոտրած տաշտակի առաջ։ Իսկ «փրկիչների» պակաս Հայաստանում չկա, ու, ինչպես հայտնի երգիծական պատումում է ասվում, ԵՊՀ-ում ճիշտ կանեն՝ «փրկիչների» մասնագիտություն ստանալու համար հատուկ ֆակուլտետ բացեն։
Սա հետընտրական հոռետեսական տեքստ չէ, այլ պարզապես մարդկանց մի ստվար խմբի հոգեվիճակի ներկայացում։ Ու այդ հոգեվիճակը դեռ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ չեն եղել։ Այլապես՝ բոլորը բոլորի համար կա՛մ ներկա են, կա՛մ նախկին, ու, մեծ հաշվով, ինչպես նկատել էր «Հրապարակի» գլխավոր խմբագիրն իր առաջնորդողում, հասարակ ժողովուրդն է, որ մնացել է միայնակ։ Ու այդ իրավիճակում ինքն էլ փորձում է գոյատեւել` ինչպես կարող է։