2020 թվականից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթ իրականացնելու պահանջ էր սահմանվել, արգելվել էր անասուններին բակերում մորթելը: Այս որոշումն անասնապահների եւ մսավաճառների դժգոհությունը հարուցեց, նրանք մատնանշում էին, որ կենդանիներ տեղափոխելը բարդ է, սպանդանոցները քիչ են: Կառավարությունը, ստիպված, հետաձգեց այս օրենքի գործողությունը եւ այս ուղղությամբ սուբսիդավորվող վարկերի եւ լիզինգային ծրագրեր նախաձեռնեց, որ սպանդանոցների կառուցման եւ անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար պայմաններ ստեղծվեն:
Շիրակի մարզի սպանդանոցների խնդիրը բազմիցս բարձրացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը, սակայն մարզում դեռ սպանդանոցների խնդիրը լուծված չէ. «Շիրակի մարզում սպանդանոցների բացակայության խնդրի մասին ես բարձրաձայնել եմ բազմիցս՝ թե՛ խորհրդարանում, թե՛ հրապարակային հարթակներում։ Սա ոչ թե երկրորդական, այլ ռազմավարական նշանակություն ունեցող հարց է՝ ուղիղ առնչվող ինչպես մեր գյուղատնտեսության զարգացմանը, այնպես էլ հանրային առողջությանն ու տնտեսվարողների գործունեության օրինական դաշտին։ Ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ 2025 թվականի ընթացքում այս խնդիրը որեւէ լուծում չստացավ։ Անգործությունն ու հապաղումը բերեցին այնպիսի իրավիճակի, երբ տուժեցին թե՛ մսավաճառները, թե՛ ֆերմերները։
Մարդիկ հայտնվեցին փակուղում․ մի կողմից՝ օրենքի պահանջները, մյուս կողմից՝ դրանց ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը։ Ավելին ասեմ․ միայն 2025 թ. ընթացքում ՍԱՏՄ-ի կողմից Շիրակի մարզում ոչ սպանդանոցային ծագման մթերք եւ հումք վաճառելու համար պատասխանատվության են ենթարկվել 2 տնտեսվարող եւ 14 ֆիզիկական անձ։ Նշված խախտումների համար տուգանքների ընդհանուր չափը կազմել է 2 միլիոն 700 հազար դրամ։ Սա համակարգային անհավասարակշռություն է, երբ պետությունը չի ստեղծում պայմաններ, բայց պատժում է այդ պայմանների բացակայության հետեւանքով առաջացած իրավիճակի համար։ Սպանդանոցների բացակայությունն այլեւս չի կարող դիտարկվել որպես տեխնիկական խնդիր։ Սա արդեն դարձել է սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիք, որը խաթարում է մարզի գյուղատնտեսության զարգացումը, սահմանափակում մարդկանց եկամուտները եւ վտանգում սննդային անվտանգության նվազագույն չափանիշները։ Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է հստակ պետական ռազմավարություն՝ ոչ թե ձեւական փաստաթղթի, այլ իրական գործողությունների ճանապարհային քարտեզի տեսքով, որը կներառի կոնկրետ ժամկետներ, պատասխանատու մարմիններ եւ վերահսկելի արդյունքներ։ Առանց այդպիսի ռազմավարության մենք շարունակելու ենք պտտվել նույն փակ շրջանի մեջ՝ խախտումներ, տուգանքներ եւ սոցիալ-տնտեսական խորացող խնդիրներ։ Ռազմավարությունը պետք է հիմնված լինի մարզի իրական պահանջների վրա, ապահովի ենթակառուցվածքների ստեղծումը եւ հնարավորություն տա ֆերմերներին ու տնտեսվարողներին՝ գործել օրինական եւ կանխատեսելի դաշտում։ Պետությունը պարտավոր է հստակեցնել ոչ միայն «ինչ անելը», այլ նաեւ՝ «երբ անելը», եւ «ով է պատասխանատու»։ Հակառակ դեպքում ցանկացած հայտարարություն կմնա թղթի վրա, իսկ Շիրակի մարզի բնակիչը կշարունակի կրել այդ անորոշության ծանր հետեւանքները»։
Մինչեւ տարեվերջ Շիրակի մարզը կունենա ինչպես համայնքային, այնպես էլ մասնավոր սպանդանոցներ։ Մարզում կառուցվում են սպանդանոցներ, նպատակն է՝ լուծել մորթի կազմակերպման խնդիրը, սննդամթերքի անվտանգության պահանջների լիարժեք պահպանումը՝ վստահեցրին մեզ Շիրակի մարզպետարանից. «Մարզում կառուցվում է 6 սպանդանոց, որից 3-ը՝ մասնավոր ընկերության կողմից, մյուս 3-ը կառուցվել են Աշոցք, Ախուրյան եւ Արթիկ համայնքներում: Այս պահին չեն գործում, գտնվում են սարքավորումների մատակարարման փուլում»: