1847 թվականին հրատարակվել է Շառլոտա Բրոնտեի «Ջեյն Էյր» վեպը, որը համաշխարհային գրականության, նաեւ՝ անգլիական գրականության գլուխգործոցներից է։ Դա մի սիրո պատմություն է՝ խոր հոգեբանական եւ սոցիալական շերտերով։ Պատմության կենտրոնում կնոջ ճակատագիրն է, որը փորձում է պահպանել մարդկային արժանապատվությունը, ներքին ազատությունն եւ անձնական երջանկություն ունենալու իրավունքը։ Գրական այս ստեղծագործությունն ահռելի ազդեցություն է ունեցել համաշխարհային գրականության եւ մշակույթի վրա։ Ու ավելի քան հարյուր տարի մասնագետները թե՛ գրքերում եւ թե՛ էկրանին փորձել են ներկայացնել Անգլիայի այդ ժամանակների մռայլ մթնոլորտը, Էդուարդ Ռոչեսթերի դժբախտ կյանքը։
Վեպը գրվել է վիկտորյանական մշակույթի ծաղկման շրջանում։ Ուշագրավ է այն, որ առաջին անգամ վեպը լույս է տեսել «Կարեր Բել» տղամարդու կեղծանվամբ ստորագրությամբ, քանի որ 19-րդ դարի կեսերին կին գրողները հաճախ էին բախվում ժամանակի գենդերային նախապաշարումներին, որոնք առկա էին թե՛ գրաքննադատների մոտ, թե՛ հրատարակիչների։ Շատ առումներով վեպը կարելի է համարել ինքնակենսագրական։ Ջեյն Էյրի՝ խստաբարո միջավայրում անցկացրած մանկությունը գիշերօթիկ դպրոցում Բրոնտեի սեփական փորձառությունն է, որ ունեցել է Քովան-Բրիջի բարեծին օրիորդաց դպրոցում ուսանելու ժամանակ։ Բրոնտեն օգտագործել է սեփական ապրումները, որպեսզի ցույց տա կնոջ վիճակն անգլիական այն ժամանակվա հասարակությունում՝ սահմանափակված պայմանականություններով, ոչ իրավահավասար, սահմանափակ հնարավորություններով, տնտեսական կախվածությամբ եւ բարոյական ճնշվածությամբ։ Վեպը, կարելի է ասել, հեղափոխական եղավ իր ժամանակի եւ միջավայրի մեջ։
Ջեյն Էյրը, իհարկե, իդեալական գեղեցկությամբ օժտված աղջիկ չէր եւ ոչ էլ վիկտորյանական ժամանակների խոնարհ կին։ Նա խելացի էր, անկախ, ի վիճակի՝ բանավիճելու հասարակության եւ նույնիսկ սիրելի մարդու հետ եւ իր խոսքն առաջ տանելու, եթե հատկապես խոսքն ընտրության ազատությանն էր վերաբերում։ Անձնական ազատության համար պայքարը, բարոյականության եւ սիրո բալանսավորումը, սոցիալական անհավասարությունն ու դրանից թելադրված պայմանականություններն ու ընկալումները, կարծրատիպերը, վիկտորյանական մռայլ միջավայրն այն հիմնական թեմաներն են, որոնք արծարծվում են վեպում։ Ջեյն Էյրի կերպարը համաշխարհային գրականության մեջ կանացի ամենահայտնի կերպարներից է։ Նա ռոմանտիկ ավանդույթին հետեւող հերոս չէ, եւ փրկությունը նրա համար դրսից չի գալիս։ Նրա ուժը նրա բարոյական անկախության, ինքնագլխության եւ արժանապատվությունը նույնիսկ ամենածանր պահերին պահպանել կարողանալու մեջ է։ Երբեմն վեպը համարվում է նաեւ ֆեմինիստական գրականության «ծիծեռնակ»։ Բրոնտեն, իհարկե, այդպիսի տերմինաբանությամբ չի առաջնորդվել, սակայն նրա հերոսուհին հոգեւոր, մտավոր առումով հաստատվում է որպես տղամարդկանց հետ լիովին իրավահավասար անձ։
Վեպն էկրանավորվել է տասնյակ անգամներ՝ կինոարվեստի արշալույսից սկսած, երբ դեռ տիրապետողը համր կինոն էր։ Իհարկե, համր կինոյում հնարավոր չէր արտացոլել Ջեյն Էյրի պատմության ողջ խորությունը, սակայն այդ ժամանակներում արդեն այն հանդիսատեսի համար ամենասիրված մելոդրամատիկ սյուժեներից էր։ Ամենահայտնի էկրանավորումներից մեկը 1943 թվականին ռեժիսոր Ռոբերտ Սթիվենսոնի էկրանավորումն է, որտեղ Ջեյն Էյրի դերակատարը Ջոան Ֆոնթեյնն է, իսկ Էդուարդ Ռոչեսթերինը՝ Օրսոն Վելսը։ Այն չափազանց մռայլ է ու կրում է ամերիկյան «նուարի» գեղագիտական ազդեցությունը։ Վելսի Ռոչեսթերը հիշվում է որպես խստաբարո, առեղծվածային եւ ներքին ողբերգություն ապրող կերպար։ BBC-ն բազմաթիվ անգամներ է անդրադարձել այս վեպին, սակայն ամենահայտնի էկրանավորումում գլխավոր դերերում հանդես են գալիս Ռութ Վիլսոնը՝ որպես Ջեյն Էյր, եւ Թոբի Սթիվենսը՝ որպես Էդուարդ Ռոչեսթեր։ Այս մեկը բարձր է գնահատվել՝ վեպի հոգեբանական խորքը հիանալի պատկերելու համար:
Մեր օրերում արդեն դասական է համարվում ռեժիսոր Քերի Ֆուկունագայի 2011 թ. էկրանավորումը, որտեղ Ջեյնի դերում հանդես է եկել Միա Վասիկովսկան, իսկ Ռոչեսթերի դերում՝ Մայքլ Ֆասբենդերը։ Այստեղ հատկապես շեշտադրված են Ջեյն Էյրի մենակությունը, հոգեբանական վիճակներն ու ապրումները։ Շատ քննադատներ կարծում են, որ վեպի ոգեղենությունն ամենաճշգրիտը հենց այս էկրանավորումն է փոխանցում։