Ոչ հուզվեք Փաշինյանի հաթաթաներից ու բղավոցներից, ոչ էլ վախեցեք։ Առհասարակ՝ հայ մարդն այսօր մի խնդիր ունի․ վախերը հաղթահարելու։ Երբ ոչ մեկն այլեւս չվախենա նստելուց, այդ միակ գործիքը կկորցնի իր իմաստը, իսկ այդ գործիքը կիրառողը կվերածվի անիմաստ ճղճղացողի։ Վախը հաղթահարելու խնդիր ունեն ոչ միայն սրա թիրախներն ու քննադատները, հատկապես պետք է հաղթահարեն քննիչները, դատավորներն ու դատախազները։
Մի քիչ համարձակություն գտեք ձեր մեջ ու մի կատարեք ապօրինի հրահանգները։ Գլխավոր դատախազը, Քննչականի ու Հակակոռուպցիոնի ղեկավարները եւ ամենակարեւորը՝ դատավորները, երբ դադարեն վախենալ, հենց իրենց պաշտպանվածությունն էլ կմեծանա։ Հավատացեք՝ եթե մի քիչ դիմադրություն ցուցաբերեք, նահանջելու է ձեր լաչառ վերադասը, սթրվելու է տեղը։
Առհասարակ, մի լսեք այդ կատաղի ելույթները, առաջնորդվեք մարդկանց գործողությունների իրավական վերլուծությամբ ու փաստերով։ Մեր հասարակության փրկությունը ձեր վախերի հաղթահարումն է՝ չափն ու սահմանը անցած հիստերիկ իշխանությունից եւ բացառապես օրենքին ծառայելը։ Մանավանդ դուք չգիտեք, թե իրականում ինչ հետին մտքով է ճղճում նա, ում է ուղղված այդ գոռոցը, ինչքանով է այն փիառ կամ հոգեբանական իմաստով կիրառվում։
Հիմա եկեք լսենք, թե ինչ է ասում մեր «հաղթած հզորը», որը նախընտրական փուլում իր տգեղ լեքսիկոնը բացատրում էր քաղաքական պայքարի առանձնահատկություններով, ասում էր՝ ընդդիմադիրներն ինձ են ասում, ես՝ իրենց, նախընտրական պայքարի կանոններն են այդպիսին։ Հիմա նախընտրական քարոզչությունն ավարտվել է, ԿԸՀ-ն իր ուզած թվերը նկարել է, իր սիրելի եւրոպացիները շնորհավորել են, ընդդիմադիր զանգվածը փողոցներում չէ․․․ ո՞րն է այս հիստերիայի պատճառը։ Մի՞թե սահմանադրական մեծամասնություն չստանալը։ Չեմ հավատում։ Այդ սմքած դեմքը, վազող աչքերը, անկառավարելի ժեստերն ու գժական միմիկան ոչ մի կերպ չեն հուշում, որ հաղթել է եւ ամեն ինչ օքեյ է, ինքն էլ անհանգստանալու բան չունի։
Բայց չի հանգստանում, սպառնում է, որ «ջախջախելու է», որ «թավիշն ավարտվել է», որ եկել է պատասխանատվության ժամը, քանի որ 720 հազար մարդ իրեն այդ պատվերն է տվել (հիշում եք, չէ՞․ «եկել է քաղաքացու վրեժի ժամը․․․»), հիմա էլ «երեխաների հեղափոխություն» է ուզում անել, Ծառուկյանին արդարացրած դատավորին է կաշառակեր անվանում (ես նրա տեղը կդիմեի դատարան՝ զրպարտության համար, որովհետեւ եթե նման փաստ լիներ, վաղուց այդ դատավորը ՔԿՀ-ում կլիներ), գոռում է՝ ո՞վ ա ասում, որ կեղծիքներ են եղել, դիմում է ընդդիմությանը՝ բա եթե ընտրակեղծիքներ են եղել, «ինչի՞ եք վեր ընգել ձեր տներում», դուրս եկեք փողոց ու կտեսնեք, թե որն ա հեղափոխությունը (սա էլ կարծես նոր Մարտի 1-ով է սպառնում)։
Հիմա եկեք մի փոքր թարմացնենք էս մարդու հիշողությունը․ 2017 թ․ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ստացել է 770 հազար քվե, ընտրողների (այ քեզ զուգադիպություն) 49,15 տոկոսի ձայները, որը փոշիացված ձայներով դարձել է 54 տոկոս։ Այդ տարի Ծառուկյանը ստացել է 27 տոկոս ձայն, փոշիով՝ 30, ՀՅԴ-ն՝ 6,5 տոկոս, դարձել է՝ 7, 2 եւ Ելքը՝ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան կազմով, 7, 7 տոկոս, դարձել է՝ 8,5 տոկոս։
Այս մարդը, որը հայտարարում է, որ երբեք Հայաստանում արդար ընտրություններ չեն եղել եւ վստահ է, որ Ծառուկյանն ու մյուսները ընտրակաշառքով են 17-ին քվեներ ստացել, չի բողոքարկել այդ ընտրությունների արդյունքները, ճանաչել է դրանք ու խելոք գնացել խորհրդարան։ Իսկ այսօր ճղվում է մեջտեղից, թե՝ դուրս եկեք փողոց, եթե արդար չեն անցել ընտրությունները, հեղափոխություն արեք։ Հետընտրական ոչ մի պրոցես 2017 -ին չի եղել, իսկ մեկ տարի անց՝ 2018 -ին ժողովուրդը լցվել է փողոց եւ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականն ու․․․ իրեն իշխանության բերել։
Այնպես որ ՝ չարժի հոխորտալ, հեղափոխության կոչեր անել, նաեւ՝ վաղաժամ ուրախանալ։ Մանավանդ, եթե նկատեցիք՝ ՀՀԿ-ն 17 թվին իր այսօրվա քվեներից շատ էր ստացել․․․ բայց ոչ մի ՀՀԿ-ական իրեն թույլ չէր տալիս ծաղրել ԱԺ անցած ընդդիմադիրներին, սադրել, թե՝ դուրս եկեք փողոց, այդ ժամանակ ոչ մեկին չեն նստացրել, ոչ մեկի դեմ քրեական վարույթ չեն հարուցել․․․