Այլ

Էդ ու՞մ Ջենիֆերով եք Լոպես բերում․․․

Էդ ու՞մ Ջենիֆերով եք Լոպես բերում․․․

Եթե ուշադրություն դարձրել եք, օնլայն հարթակում Ջենիֆեր Լոպեսի Հայաստան գալը ոչ մի ոգևորություն չի առաջացրել։ Ու պատճառը, եթե ամբողջացնենք, Ջենիֆերի մեջ չէ։ Մի նախադասությամբ կարող եմ ամբողջացնել հանրության վրդովմունքը՝ Էդ ու՞մ Ջենիֆերով եք Լոպես բերել։

Հանրությանն իրազեկվել է, որ Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես կգա Սնուփ Դոգի փոխարեն։ Գաղտնիք չէ, որ «Սնուփ Դոգի ձախողված համերգային ծրագիրը, որն այդպես էլ չկայացավ, դարձել էր պատուհաս ԿԳՄՍՆ-ի եւ Կառավարության գլխին։

Եվ ահա 2025 թվականի հուլիսի 31-ին Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց նաև 2023 թվականի օգոստոսի 11-ի N 1365-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կրթության, Գիտության, Մշակույթի և սպորտի նախարարության նախագիծը, որով, հաստատեց նաև «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։

Ստացվում է, որ Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս Սնուփ Դոգի փոխարեն՝ նույն գումարի շրջանակում, որ հետո չասեք՝ բա էդ փողերն ի՞նչ եղան, բա մեր փողերն ու՞ր կորան։ Թվաբանությունը թողնում եմ ձեզ, հիշեցնելով, որ անգամ առևտրի մեջ հավերը քաշով են վաճառվում։

Կոպիտ համեմատության համար ներողություն եմ խնդրում, բայց դա ընդամենը միտքս պատկերավոր արտահայտելու համար է։ Ջենիֆերի Հայաստան գալու մեջ լավ բան եմ տեսնում։

Ջենիֆերը պիտի գար, որ հիշեինք Հայաստանը Ջենիֆեր վիճակում է։ Որ հիշեինք, թե մեր փողերը ո՜նց ենք անխնա ցփնում, երբ երկիրը արհավիրքի մեջ է։ Մարդիկ հիշեին, որ իրենց Ջենիֆերով են Լոպես բերում։ Լավ է, որ Ջենիֆերը եկավ ու հիշեցրեց, որ Հայաստանը Ջենիֆեր վիճակում է, ու մարդիկ վրդովում են՝ Էդ ու՞մ Ջենիֆերով եք Լոպես բերում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image