Այլ

Պղծեցին նյութը, հիմա գալիս են՝ պղծելու Ոգին

Պղծեցին նյութը, հիմա գալիս են՝ պղծելու Ոգին

2018-ից առ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող համակարգված գրոհը մի հստակ նպատակ ունի։ Նա խաբեությամբ զավթեց նյութական Հայաստանը, մեր հողն ու պետական կառույցները, իսկ այժմ ձգտում է զավթել նաև հոգևոր Հայաստանը։ Նյութը նրան այլևս չի հագեցնում․ նա փնտրում է ոգին՝ ուզում է տիրանալ նաև անտեսանելուն, հավերժականին։

Հիշենք Ավետիք Իսահակյանի մարգարեական խոսքերը․
«Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով»։

Այդ սովն է հիմա խոսում նրանց աչքերից՝ Փաշինյանի և նրա իշխանության բերած սովահարների, որոնք հագեցած են աշխարհիկ հաճույքներով, բայց դատարկ՝ հոգով։ Նրանք այսօր մտել են հոգևոր դաշտ՝ ոչ թե լցվելու, այլ կլլելու նպատակով։
Նրանց մասին է գրված բանաստեղծի խոսքը․
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք՝ միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք՝
Մոռացած անմահ, անհունի տենչանք։

Հիշո՞ւմ եք Հովհաննավանքի անպարկեշտ պարը։ Այդ սրբավայրում հնչած խուլ ծիծաղը, մարմնական շարժումների անզսպությունը նյութի տաճարում հարբածների լրբենի պարն էր՝ պար՝ առանց հոգու, ծաղր՝ սրբության դեմ։ Նրանք չեն հավատում ո՛չ հոգևոր արժեքներին, ո՛չ հոգուն, ո՛չ Աստծուն, ո՛չ էլ անմահությանը։
Աստծո տաճարում նրանք կազմակերպեցին աշխարհիկ խրախճանք և դեռ հայտարարում են, թե իրենց սրտին հաճելի է կարգալույծ քահանայի օրհնությունը։ Կարգալույծի օրհնությունն է պետք հարբած հոգիներին, որոնք խմում են ոչ թե գինի, այլ սեփական խղճի մոռացությունը։

Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ, «կլուբնիչնի բանակ», որտեղ ոգին մարում է ծափահարությունների մեջ։

ՔՊ-ն այսօր եկեղեցի է ուզում, ոգի է ուզում՝ ոչ թե փրկվելու, այլ ցույց տալու համար, որ կարող է պղծել ոչ միայն նյութը, այլև Ոգին։ Եվ այդտեղ է իրենց պարտության սկիզբը, որովհետև Ոգին, նույնիսկ վիրավոր, չի ենթարկվում բռնապետին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image