Քաղաքականություն

Որպեսզի չստանա հերթական SMS-ը…

Որպեսզի չստանա հերթական SMS-ը…

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձ­­նա­ժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանն արձանագրել է պարտություն ինչպես Քառօրյա, այնպես էլ 44-օրյա պատերազմում։ Ավելացրել է, որ ասվածն արձանագրված է քննիչ հանձնաժողովի կողմից: Խոսքը թե՛ 2016-ի քառօրյա եւ թե՛ 2020-ի 44-օրյա պատերազմների պատճառներն ու ընթացքը քննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքի եզրակացության մասին է: 

Իսկ ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, մնում է բացականչել, որ մի քանի տարի ուշացումով վերջապես իմացա, թե առաջին հանձնաժողովում ինչ եզրահանգում էր կատարվել Ապրիլյան քառօրյա պատերազմի առումով: Օգտագործում եմ վերջապես բառը, քանի որ այդպիսի միանշանակ սահմանում, որքան հիշում եմ, չէր տրվել նախկինում: Դա, բնականաբար, ոչ թե հանձնաժողովի աշխատանքի արդյունքում բացահայտված որոշում է, այլ այսօրվա «խեղճ հարիֆի» որոշումը: Որպեսզի հղում անելով նախորդին՝ հեռացնի իրենից 2020-ի աշնանային պատերազմի պարտության պատասխանատվությունը: «Եթե 2016-ին պարտվել ենք, ապա ինչո՞ւ չէինք կարող պարտվել 2020-ին». սա է նման որոշում կայացնելու տրամաբանությունը: Իսկ այն ծայրեծայր կեղծ է: Կեղծ է, քանի որ 2016-ին, ի հեճուկս ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ու նրա կամակատարի, մենք պարտություն չենք կրել: Թշնամին հարձակվել է Արցախի վրա, սակայն, չկարողանալով կյանքի կոչել իր նպատակը, Մոսկվայից խնդրել է միջնորդել եւ կանգնեցնել պատերազմը: Իսկ որ նրան հաջողվել է գրավել մի բարձունք, ապա նույնիսկ դա չի փոխում եզրակացությունը. այն պարտություն չէր: Վստահ եմ, որ նույնիսկ Քոչարյան Անդրանիկն է դա գիտակցում: Եվ, բացի դրանից, կա նաեւ մեկ այլ հանգամանք. եթե Քառօրյա պատերազմը պարտություն լիներ, ինքը չէր հավաքի իր ջահելներին ու մայիսին չէր գնա Արցախ՝ «մասնակցելու» պատերազմին: Որովհետեւ այնտեղ մեկնելն ու խրամատ փորելը կարելի է, նախ, մասնակցության ձեւ համարել: Եվ երկրորդ՝ այդ օրերին իրենց նկարներից չէր երեւում, թե իրենք «մասնակցել» են պարտված պատերազմին: 

Այնպես որ, ընդհակառակը, դա ոչ թե պարտություն էր, այլ՝ մարտական հաղթանակ: Որովհետեւ թշնամին չկարողացավ հասնել իր նպատակին եւ նահանջեց: Ուրիշ հարց, որ մեկ բարձունք կորցրինք, բայց այն ժամանակ ընկալելի էր ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանի կողմից ասվածը, որ ինքը մեր զինվորների կյանքն ավելի է կարեւորում, քան մեկ բարձունքի կորուստը: Նման մարտավարություն որդեգրեց ռուսական կողմը, երբ 2022-ին արագ տարածքներ գրավելուց հետո այդպես արագ էլ վերադարձավ նախնական դիրքերը, որպեսզի պահպանի բանակը: Իսկ այնուհետեւ համառ մարտերով աստիճանաբար վերագրավում է այդ տարածքները: Ուրիշ հարց, որ հետո Սերժը պետք է համարյա ազգովի մերժվեր, ու մեկ-երկու հարյուր զինվորի փոխարեն 2020-ին՝ Նիկոլի գլխավոր հրամանատարությամբ, այդ բարձունքի համար զոհվեր տասնապատիկ ավելին: Ու դա դառնար նաեւ հարավային ճակատի տապալման պատճառը: Բայց 2016 թվականի ապրիլին դա իմանալ Սերժ Սարգսյանը չէր կարող: Ավելացնեմ, որ Քառօրյայից ինչ-որ ժամանակ անց ես ծանոթացա ռուս ռազմական փորձագետներից մեկի վերլուծությանը, որում այն բնորոշված էր որպես «մարտական ոչ ոքի»: Դժբախտաբար, հեղինակի ազգանունը, նյութի գրության ժամանակահատվածն ու կոնկրետ ծավալը (կարծեմ՝ 10-15 էջանոց էր) արդեն չեմ հիշում:

Այնպես որ, ես ավելի շատ վստահում եմ, նախ, տրամաբանելու իմ կարողությանը, ապա՝ ռուս փորձագետի վերլուծությանը: Եվ ոչ թե, բնականաբար, ՔՊ-ական Քոչարյան Անդրանիկի ղեկավարած հանձնաժողովի եզրակացությանը: Կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո նույն Ազգային ժողովում կկազմակերպվեն հանրային լսումներ, որոնց ընթացքում պարոն Անդրանիկը կփորձի ներկայացնել նման եզրակացության հիմքերը: Ինչպես նաեւ՝ կփորձի պաշտպանել այսօրվա իր տեսակետը՝ պատասխանելով ունկնդիրների հարցերին: Իսկ նախքան դա ինքը, բնական է, պետք է մոռացության մատնի մարդկային այն գծերը, որ հարիր չեն գործող իշխանությունում մնալուն: Ու կատարի այն դերը, որ վստահված է իրեն, որպեսզի չլրացնի նրանց շարքերը, ովքեր հանգստյան օրվա վերջում sms են ստանում մանդատը վայր դնելու «հորդորանք»-հրահանգով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image