Այլ

Մենք հասել ենք մի սահմանի, որից այն կողմ անկանխատեսելի է ամեն բան

Մենք հասել ենք մի սահմանի, որից այն կողմ անկանխատեսելի է ամեն բան

«КГБ-ի ագենտն» էլ (չնայած արդեն 35 տարի է КГБ չկա), «ռուսի ստրուկն» էլ, «արեւմուտքի մարիոնետն» էլ, «թուրքի հարճն» էլ տիրաժավորված խոսույթներ են, որոնք  ներքաղաքական անառողջ մթնոլորտի, ինֆորմացիոն էկոլոգիայի բացակայության հետեւանք են։ Մտածենք, ուր է տանելու մեզ ներհասարակական քաոսը, հակադիր ճամբարների բաժանված, պառակտված հանրության լարված տրամադրությունները և արժեհամակարգային այս ճգնաժամը։ 

Եթե երկրի ներսում քաղաքական պրոցեսների լեգիտիմության ճգնաժամ չլիներ, ինստիտուցիոնալ մեխանիզմները չդառնային անպետք գործիքներ, ապա քարոզչական մանիպուլյացիաներն էլ նվազագույնի կհասնեին և բնականաբար՝  չէինք ունենա պիտակավորված, լարված, ապատիայի մեջ ընկած, հակադիր խմբերի բաժանված հասարակություն։ 
Մի դիտարկում էլ. նկատե՞լ եք մարդկանց պիտակավորելու այս երևույթի թեմատիկան էլ է արտաքին՝ ռուս, ամերիկացի, թուրք։ 

Զարմանալի ժողովուրդ ենք:

Այստեղ էլ ենք մեր խնդիրները թողած օտարից կառչած:

Ինչի՞ց է, չգիտեմ, սոցիալական հոգեբանները ավելի ճշգրիտ պատասխան կարող են տալ սրան: 
Իսկ մինչ այդ, անհանգստացնողն այն է, որ այս ամենը խորապես, արմատապես խարխլում է մեր ներքին համերաշխությունը, ինչի պակասն ամեն օր զգում ենք այս քաղաքական տուրբուլենտության ժամանակներում:
Սրանք տեխնոլոգիաներ են, որոնք կիրառվում են սոցիալական ցածր կենսամակարդակ ունեցող, ներքին եւ արտաքին անվտանգային ռիսկերի թիրախում գտնվող հասարակություններում, որպեսզի զանգվածները հեշտ կառավարվեն եւ ցանկացած ժամանակ նույնքան դյուրին կերպով ուղղորդվեն։

Մենք հասել ենք մի սահմանի, որից այն կողմ անկանխատեսելի է ամեն բան։ Թերեւս այս իրավիճակը դետալ առ դետալ դիտարկելով է հնարավոր լուծման ուղիներ գտնել: Այս պահին իրատեսական ճանապարհներից մեկն այն է,որ նախընտրական գործընթացները, թիմերի քարոզչությունը կենտրոնացվի հստակ տեսլականներ առաջարկելու, ոչ թե իրար պիտակավորելու, էժանագին աղմուկ-աղաղակի վրա: 

Այստեղ, այս հարցում պետք է կոնսենսուս լինի՝ որակյալ, հստակ, բովանդակային կոնտենտով քարոզչություն իրականացնելու վերաբերյալ:  

Հաշվարկված, ծրագրած քայլեր, ռեալ կյանքում փոփոխություն բերող առաջարկներ, որոնք իրապես կտանեն ժողովրդին ներազգային, ներհասարակական համերաշխության, արտաքին անվտանգային ռիսկերի նվազեցման, տնտեսական նոր որակի պլատֆորմի ձևավորման ու զարգացման ռազմավարության, անվտանգային կայուն ճարտարապետության եւ ազգային արժեհամակարգի վերընթացի։ 

Պետականության վերելքի ուղին կոնկրետ քայլերից է սկսվում, ոչ թե քաղաքական գազլայթինգից: Վերջինս սպառել է իրեն, ի ուրախութուն բոլորիս:

Բելլա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image