Վերլուծություն

Լռության իրավունքը չի գործում, երբ վտանգված է պետությունը

Լռության իրավունքը չի գործում, երբ վտանգված է պետությունը

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը կարծում է՝ «լավ հայը» նա չէ, որը տիրապետում է մայրենիին, ունի հռետորական ձիրք եւ դա է համարում իր միակ նվիրական զբաղմունքը։ Նա վստահ է՝ երկրին հիմա ոչ թե խոսողներ, այլ գործ անողներ են պետք։ Հայաստանում այսօր ամենավտանգավոր երեւույթը ոչ այնքան արտաքին պարտքն է, ոչ էլ թշնամու սպառնալիքը` դրանք գոնե տեսանելի վտանգներ են։ Ամենավտանգավորը լռությունն է։ Լռություն, որ նստել է մշակույթի մարդկանց ուսերին, մտավորականության բերանին, ինտելիգենցիայի խղճին։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պետությունը դանդաղ քայքայվում է, արտաքին պարտքը հասնում է միլիարդների, տնտեսությունը չի զարգանում, ազգային ինստիտուտները թիրախավորվում են, իսկ հարեւան թշնամիները բաց տեքստով հայտարարում են՝ «այս հողը մերը պիտի լինի»։ Եվ այս ամենի ֆոնին մեր «լուսավորյալ խավը» զբաղված է ամեն ինչով, բացի «լույս վառելուց»։ Նրանք լռում են։ Գուցե դեռ նաեւ ասեն, թե ի՞նչ խոսենք, ինչի՞ց խոսենք...
Ասեմ: Ահա ինչից. վարչապետի որոշմամբ, Արման Սարոյանը (նախկին Գեւորգ եպիսկոպոսը) նշանակվել է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Ո՞ւմ համար պարզ չէ, որ նշանակումը, որը կատարված է առանց Հայ առաքելական եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաեւ՝ խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որեւէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գեւորգ եպիսկոպոսը լիազորված չէ եւ չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական եւ ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Բացի այդ, ներում «բառն» ու այդ հանձնաժողովի էությունն ինքնին ենթադրում են օրենքի ու բարոյականության տառի պահպանում, մի մարդ, որը չի պահել տարրական մարդկային կանոնները, դրժել է իր ուխտը, դավաճանել է իր հոտին ու համքարությանը, ինչպե՞ս կարող է այդ հանձնաժողովի անդամ դառնալ:

Դե, հայրենի քաջահմուտ այրեր, խոսեք, ընդդիմացեք, ժողովրդին բացատրեք, որ այս քայլը հերթական ոտնձգությունն է Հայոց եկեղեցու ինքնավարության եւ Ամենայն հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։ Ձեր ձայնը լսելի դարձրեք, հասեք այն բանին, որ չեղարկվի ակնհայտ ապօրինի այդ որոշումը: Չեք արել, չեք անում՝ «միահեծանն» էլ նորանոր անօրեն որոշումներով է մեզ «կերակրում»: Լռում եք:

Լռում եք այնպես, կարծես լռությունը կարող է փրկել թե՛ ձեզ, թե՛ մեզ։ Կարծես եթե չխոսենք, պատմությունը կշրջանցի մեր «դռները»։ Չգիտե՞ք, որ պատմությունը ներս մտնել գիտի: Եթե վաղը թուրքական զորքը մտնի այս հողը, ո՛չ Նիկոլ կլինի, ո՛չ իշխանություն, ո՛չ էլ նրանց խանությունը։ Այդ ժամանակ հարց կծագի՝ դուք ո՞ւմ մշակույթի գործիչներն ու ինտելիգենցիան եք դառնալու։ Թշնամո՞ւ։ Օկուպացիայի՞։ Թե՞ պարզապես անհետանալու եք պատմության աղբանոցում՝ որպես «լռության ասպետներ»։ Մշակույթի մարդիկ, ինտելիգենցիան երբեք չեն սահմանվել դիպլոմով։ Դրանք սահմանվել են պատասխանատվությամբ: Եվ միշտ եղել են այն խավը, որն առաջինն է զգացել վտանգը, առաջինը բարձրացրել ձայնը, առաջինն է ասել՝ «այստեղ կարմիր գիծ է անցնում»։ Եթե դա չեն անում, դառնում են ոչ թե չեզոք դիտորդ, այլ՝ մեղսակից։

Այսօր մենք գործ ունենք մի երեւույթի հետ, որը կարելի է անվանել միայն մեկ ձեւով՝ բարոյական կապիտուլյացիա։ Սա միայն վախկոտություն չէ, հարմարվողականություն է։ Սա մտածողություն է, որտեղ մարդն ասում է․ «Երկրի հերն էլ անիծած, միայն թե ես իմ փոքրիկ հարմարավետությունը չկորցնեմ»։ Սա այն վիճակն է, երբ մշակույթի մարդը դադարում է լինել մշակութային եւ դառնում է պարզապես «կահույք»՝ գեղեցիկ, բայց անշարժ ու անպիտան։ Երբ Եկեղեցին թիրախավորվում է որպես պետականության հիշողություն, իսկ դու լռում ես, դու օգնում ես հիշողությունը ջնջելուն։ Իսկ հիշողություն չունեցող ժողովուրդը երկար չի ապրում։
Ամենացավալին այն է, որ այս լռությունը վարակիչ է։ Ժողովուրդը տեսնում է՝ եթե խոսք ունեցողը լռում է, ինքն ինչո՞ւ խոսի։ Եվ այդպես լռությունը դառնում է ազգային «հիմնավորում», իսկ պարտությունը, ետընթացը՝ բնական վիճակ։ Հստակ ասենք՝ լռելու իրավունքը չի գործում, երբ վտանգված է պետությունը։ Լռելն ընտրություն է։ Եվ այդ ընտրությունն ունի մեկ անուն՝ բարոյական դավաճանություն։ Հենց դա էլ գրվում է պատմության «գրանցամատյանում»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image