Իմացանք, որ ՔՊ վարչությունը մեծ դժվարությամբ, բայց միաձայն ընդունել է Նիկոլի՝ ՔՊ ցուցակ մտնելու դիմումը: Մինչ այս պահը, սակայն, որեւէ տեղեկություն չկա՝ վճարե՞լ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանը ՔՊ ցուցակ մտնելու համար եւ եթե վճարել է, ապա՝ որքան: Մի՞թե վճարել է նույնքան, որքան շարքային ՔՊ-ականները կամ, ասենք, ցուցակի վերջին հորիզոնականների հավակնորդները: Բայց դա անարդար է` մեկն առաջին տեղի համար վճարի 500 հազար դրամ, մյուսը վերջին տեղերի համար՝ մեկուկես միլիոն (ՔՊ անդամ չհանդիսացողների համար Նիկոլը նման սակագին է սահմանել): Եվ, ուրեմն, որքա՞ն է վճարել Նիկոլ Փաշինյանը, եթե, իհարկե, վճարել է, եւ նա, արդյոք, կգլխավորի՞ ՔՊ-ի երամը: Ասում են՝ բարձր հորիզոնականներում թեժ պայքար է ընթանում ՔՊ էլիտարների միջեւ, այնքան թեժ, որ նույնիսկ Խաչատուր Սուքիասյանը չի դիմացել մրցակցությանը:
Ուրիշ ինտրիգներ էլ կան՝ այդ ցուցակի հետ կապված: Անհամեմատ ավելի հեռատես ՔՊ-շնիկներից շատերն Աստծուց, թե ումից վախենալով, ուղղակի հրաժարվել են առաջադրվելուց: Այս մասին դեռեւս բարձրաձայն չի խոսվում, բայց հրաժարվողների ցանկը, ամեն դեպքում, տրամադրվել է Փաշինյանին, որ նա խոսի այդ մարդկանց հետ եւ հասկանա պատճառները: Կդիմանա՞ն, արդյոք, այդ մարդիկ Փաշինյանի հետ առերեսմանն ու իրենց դեմ եղած կոմպրոմատների ծանրությանը, չենք կարող ասել: Ամեն ինչ պարզ կլինի ավելի ուշ, երբ հրապարակվի ՔՊ-ի նախընտրական ցուցակի վերջնական տարբերակը:
Իսկ նոր անուններ կլինե՞ն… Անշուշտ, ինչպես ասում են՝ փողին մուննաթ: Ոչ կուսակցականների համար, արդեն ասացի` 1,5 միլիոն է մուտքի վճարը: Մի հատ հիշեք Աննա Հակոբյանի փարթիներն ու դրանց մասնակցելու պատրաստ գործարարների հերթերը: ՔՊ-ի ցուցակ մտնելը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում Աննա Հակոբյանի փարթիին մասնակցելուց: Երկու դեպքում էլ ցանկացողները պետք է նախապես տեղեկացնեն այդ մասին եւ վճարեն համապատասխան գումարը: Երկու դեպքում էլ վճարված գումարը հետ չի վերադարձվում: Դիցուք՝ ՔՊ-ի ցուցակի մասով Նիկոլը կարող է որոշել՝ ձեզնից փող առնելուց հետո ընդգրկե՞լ ցուցակում, թե՞ ոչ: Եթե մերժում ստանալուց հետո փորձեք մուտքավճարը հետ պահանջել, ապա դա կլինի կյանքում գործած ձեր ամենամեծ սխալը: Դուք չեք հասցնի զբաղվել քաղաքականությամբ, բայց Հակակոռուպցիոնն արդեն զբաղված կլինի ձեզնով: Դեռ չեմ խոսում այն մասին, որ փողը տալուց հետո ստիպված եք լինելու ՔՊ վարչությունում հիմարության թեստ հանձնել: Բա որ չհաղթահարե՞ք… Ուստի, ավելի լավ է՝ այս բուռն օրերին լռեք ՔՊ-ի ցուցակ մտնելու ձեր ցանկության մասին եւ խոսեք միայն այն ժամանակ, երբ թափուր տեղեր մնան:
Բայց սա ընդամենը բացահայտ մուծումներն են: Խոսակցություններ կան, որ ՔՊ ցուցակ մտնելը շատ ավելի թանկ է: Ասում են` դա պայմանավորված է առաջիկա ընտրություններում ՔՊ-ի եւ Նիկոլի վարկանիշի թռիչքաձեւ բարձրացմամբ, որն իր հերթին արդյունք է ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու եւ բարձր պաշտոնյա Կայա Կալլասի նիկոլամետ հայտարարությունների: Նիկոլամետ՝ շատ մեղմ է ասված: Կալլասն ուղղակի ներխուժեց Հայաստանի ներքաղաքական կյանք՝ ասելով, որ աջակցելու է Նիկոլին այստեղ ներդրված եվրոպական բոլոր բջիջներով ու փողով: Եվ, ահա, շատ բան կախված է մեր ժողովրդից. կա՛մ Կալլասի փողն ու Նիկոլը, կա՛մ` Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Կարո՞ղ ենք ապացուցել, որ մենք արժանապատվություն ունեցող ժողովուրդ ենք… Կարող ենք եւ պարտավոր ենք դա անել: Թքած, ուրեմն, ՔՊ-ի ցուցակի վրա էլ, մեզ վրա Կայա Կալլաս բերողի վրա էլ: Չենք ընտրում, եւ վերջ: Այս մղձավանջը պետք է հեռացնել: