Քաղաքականություն

Էստոնիան լուրջ պրոբլեմ ունի

Էստոնիան լուրջ պրոբլեմ ունի

Փաշինյանի համար, կարծում եմ, Էստոնիան լավագույն ուղղությունը չէր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին Մոսկվա այցելելուց առաջ: Չգիտեմ, գուցե կարելի էր այս օրերին առավել չեզոք և Ռուսաստանի հանդեպ առավել լոյալ երկիր գնալ, քան Ռուսաստանի հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող Էստոնիա: Հաղորդեցին նախապես, որ հանդիպելու է Էստոնիայի ողջ ղեկավարության հետ՝ նախագահ, վարչապետ, խորհրդարանի նախագահ, ինչ-որ հիմար կենտրոն է այցելելու, որտեղ հավաքվում են ամեն տեսակ սատանայությունների սիրահարներ… Ինչ է խոսելու, ինչ է քննարկելու Էստոնիայի ղեկավարության հետ, անհայտ է: Ու այդ կարգավիճակում գալու է Հայաստան, որ մեկնի Մոսկվա՝ ԵԱՏՄ-ից հրաժարված, ՀԱՊԿ-ում սառեցված, ԱՊՀ-ում արհամարհված: Ես, օրինակ, մայիսի 9-ի նախօրյակին Էստոնիա մեկնելուց առաջ երկու անգամ կմտածեի:
Հավանաբար Փաշինյանը անկախության և ինքնիշխանության ավելցուկ է զգում իր մեջ: Ահավասիկ՝ Բրյուսելը ԵՄ անդամության թեկնածուներին նախազգուշացրել է, որ Մոսկվա չգնան, եթե չեն ուզում կես ճանապարհին մնալ և մերժվել ԵՄ-ից: ԵՄ գնացող Հայաստանի վարչապետը, սակայն, այնքան հանդուգն է, որ համ ԵՄ անդամ Էստոնիա է գնում, համ էլ Մոսկվա՝ մասնակցելու հաղթանակի արարողություններին: Ասինք՝ ինքնիշխան, բայց այսքա՞ն էլ ինքնիշխան: Պուտինի հետ էլ գրկախառնվելու է՝ կարող եմ գրազ գալ:

Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության մեջ հակասականությունը հիմնական գիծ է: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է: Անվերջ խաղաղությունից խոսող Փաշինյանը, օրինակ, ՆԱՏՕԻ-ի անդամ Թուրքիային բերում է տարածաշրջան, դարձնում հարց լուծող, հետո զանգում Պուտինին, թե պատրաստ եմ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Այ ընկեր, դու տեղյակ չե՞ս, որ Ուկրաինայում Ռուսաստանն ըստ էության պատերազմում է ՆԱՏՕ-ի դեմ, որ այդ պատերազմը ՆԱՏՕ-ի՝ դեպի Ռուսաստանի սահմաններ առաջխաղացման հետևանք է… Բա զանգել ես Պուտինին, մի զեկուցել ես զեկուցեում, որ ՆԱՏՕ-ի համար ճանապարհները բացել ես դեպի Արևելք, դեպի նրա և մեր բնական դաշնակից Իրան, ու հիմա գնում ես Մոսկվա՞: Ես դեռ չեմ խոսում այս այցի նախօրյակին Հայաստանի Հանրապետությունում բարձրացված հակառուսական հիստերիայի մասին: Բայց Մոսկվայում, արդյոք, չգիտե՞ն այս մասին: Հասկացանք, Հայրենական պատերազմի հայ հերոսների, գեներալների, մարշալների տո հենց պատերազմի մասնակից քո պապի սիրույն, գուցե, տանեն, մի կտոր հաց տան, մի հարմար տեղ նստացնեն. դրանից ի՞նչ է փոխվելու: Համ ԵՄ-ի աչքից ես ընկնելու, համ ՆԱՏՕ-ի, համ էլ ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում հով լռված Էստոնիայի:

Գաղտնիք չէ նաև, որ Բալթյան երեք երկրները՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, 44-օրյա պատերազմում ադրբեջանական երգեր են երգել ու ամեն առիթով ողջունել Ադրբեջանի «հաջողությունները»՝ դրանք համարելով Հարավային Կովկասում «կայուն» խաղաղություն հաստատելու գրավական: Նիկոլ, այսինքն քո մեջ հակառուսականությունն այնքան ուժեղ է նստած, որ այն անգամ քո երկրի պարտությամբ ուրախացողների հե՞տ ես կիսում: Բա դու Լևոն Շիրիմյանից ինչո՞վ ես տարբերվում, որ ասում է՝ ավելի լավ է լինել թուրքի լամուկ քան ռուսի ստրուկ… Թեև ես մի տարբերություն տեսնում եմ, այնուամենայնիվ: Լևոն Շիրիմյանն այս դեպքում ավելի տանելի է, քան դու, որովհետև ռուսի ստրուկ լինելու վտանգ չկա, բայց արդեն դառնում ենք թուրքի լամուկ:

Կարող եք հարցնել՝ բա քեզ պե՞տք է, թե ինչու է Նիկոլը գնում Մոսկվա: Ոչ լեզու գիտի, ոչ ճամփա, ոչ բան… Ոտքերը քստքստացնելով կգնա, քստքստացնելով հետ կգա: Ենթադրենք՝ Պուտինը մի անգամ էլ իրեն ու Ալիևին իրար դիմաց նստեցնի՝ ի՞նչ է փոխվելու դրանից: Եթե իմ այսքան գրելուց հետո ձեր մեջ այդ հարցերն են առաջանում, ապա դա նշանակում է, որ լավ չհասկացաք հոդվածի միտք բանին: Իրականում ցավս Էստոնիան է, ոչ թե Նիկոլը: Այդ երկիրը լուրջ պրոբլեմ ունի, ուրեմն, որ սեփական ժողովրդին դավաճանած, որ իր հայրենիքից հրաժարված, որ Հայաստանի օկուպացված տարածքների մասին մոռացած Նիկոլ է ընդունում:

Հ.Գ. Բալթյան երկրների հայոց թեմի կղերական առաջնորդների պահվածքին դեռ առիթ կունենանք անդրադառնալու: Թող առայժմ հանգիստ խղճով մոմ ծախեն բալթյան հայության վրա, Հայաստանն Էստոնիայից շատ հեռու է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image