Հարցազրույց

Ճառ ասողի սինդրոմն է, զանգ կախող չկա, ինքն էլ մուրճը նորից առել, ընկել է մարդկանց հետևից․ պատգամավոր

Ճառ ասողի սինդրոմն է, զանգ կախող չկա, ինքն էլ մուրճը նորից առել, ընկել է մարդկանց հետևից․ պատգամավոր

«Հրապարակ»-ի զրուցակիցը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն է:

-Պարոն Մելքոնյան, ընդդիմությունը թո՞ւյլ չէ, ոչինչ չի հաջողվում անել, ընդդիմադիր դաշտը տարանջատված է, հակառակ դեպքում  ինչ-որ բան կփոխվեր:

-Դե, դա  միշտ լսում ենք, ասում էին նույնիսկ այն ժամանակ, երբ դուրս էինք եկել պայքարի, հիմա էլ, եթե դուրս գանք գործողությունների, էլի ասելու են: Ճառ ասողի սինդրոմն է, բոլորը ճառ ասող են, բայց զանգ կախող չկա:

-Հասանք նրան, որ մեր եպիսկոպոսներին կալանավորեցին, Միքայել սրբազանին էլ  արդեն դատարանը մեղավոր ճանաչեց,  չե՞նք ուշացել ամեն ինչից:

-Չէ, մեր պատմության մեջ ավելի դժվար, ավելի ծանր պահեր ենք ունեցել: Ես հասկանում եմ ժողովրդի, բոլորի հուսահատությունը, հիասթափությունը, մեր ազգի մեջ վախի զգացում կա, բայց պիտի խնդրեմ, որ մի պահ բռունցքներս սեղմենք, հավաքենք մեզ:
Ինչ վերաբերում է մեր Շիրակի թեմի առաջնորդի՝ Միքայել Աջապահյանի նկատմամբ հարուցած քրեական գործին, բոլորը գիտեն, որ դա իրավական համակարգի մեջ ընդհանրապես չի տեղավորվում: Ակնհայտ է, որ իշխանության նպատակը սրբազանին ժամանակավորապես չեզոքացնելն է, իմ կարծիքով  նպատակը 2026թ-ի ընտրություններն են: Բոլորս էլ գիտենք, որ Սրբազանը մեծ հեղինակություն վայելող անձ է: Նույնը անում են Բագրատ Սրբազանի հետ, փորձելու են մեկուսացնել, տանել անօրինական կալանքի այնքան, ինչքան իրենց պետք է : Ինքն էլ մուրճը նորից առել-ընկել է մարդկանց հետևից:

-Ձեր անձի նկատմամբ ճնշումներ կա՞ն այս պահին:

-Ոչ,  ճնշում չկա, եթե չհաշվենք ֆեյսբուքյան ֆեյքերի հարձակումները, իսկ դրանց արդեն սովոր ենք:

-Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված ի՞նչ կասեք: Իրավապահներն ասում են՝ բացահայտել են դեպքը:

-Նախ շատ ցավալի էր, որ երիտասարդ, բազմազավակ ընտանիքի հայր կորցրեցինք, համայնքն էլ իրեն շատ գնահատում էր ու ընդունում, եւ հետո միայն որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ շատ ափսոս էր:Հիմա արդեն ընդհանուր վախ կա բոլորի մեջ, որովհետև իրավապահ համակարգն իր տեղում չէ:

-Մեր ուժային բոլոր կառույցները կանայք են ղեկավարում: Չե՞ք կարծում, որ բացը հենց այդտեղ է:

-Այն, որ նախարարները պետք է լուրջ պատրաստված, ոլորտում երկարամյա փորձ ունեցող , համակարգի միջից լինեն, միանշանակ է: Բայց բարդել ու ասել, թե կանայք են, չեն կարողանում աշխատել, դա էլ ճիշտ չէ, քանի որ մեր պատմության մեջ եւ առհասարակ համաշխարհային պատմության մեջ լուրջ կին ղեկավարներ շատ ենք ունեցել:Մեզ մոտ խնդիրն այլ է:Նայած թե երկրի ղեկավարը, առաջնորդը ինչ առաջադրանք է տալիս նրանց: Մեր  դեպքում, կարծում եմ, կին, թե տղամարդ՝ ձախողելու է: Օրինակ ունենք ՄԻՊ, որը կին է եւ անհատների պաշտպանն է: Երբևէ չենք լսել, որ նա գերիների հարցով բարձրաձայնի կամ ընդդիմադիրների հետ կապված լուրջ դեպքերին արձագանքի :

-Անդրադառնանք Շիրակի մարզին: Որպես մարզից ընտրված պատգամավոր՝ ի՞նչ հրատապ խնդիրներ կան այս պահին:

-Խնդիրները շատ-շատ են: Միայն Աշոցքի տարածաշրջանում վերջերս 600-700 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ոչնչացվեց՝ բրուցելոզի պատճառով: Դիմեցի կառավարությանը փոխհատուցման խնդրով, պատասխանել են, թե մշակման փուլում է, ու թե երբ, ոնց կփոխատուցեն, չգիտենք: Գյուղերն ահավոր վիճակում են․ արտագաղթ, սոցիալական ծանր խնդիրներ: Թորոս գյուղում գայլերն են հոշոտել անասուններին, դպրոցներն են փակում, մարդիկ դեմ են դրան, դիմում են ինձ: Վերջերս էլ արդեն աղբավայրի խնդիր է առաջ եկել, չգիտեմ՝ որ մեկն ասեմ․․․․․
 

 
-

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image