«Հրապարակի» զրուցակիցը ռուս քաղաքագետ, Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի վարիչ Վլադիմիր Կիրեեւն է։
- Մինչ Ուկրաինայից, այդ թվում՝ նախագահ Զելենսկուց, ազդակներ էին գալիս Մոսկվայի հետ հնարավոր երկխոսության մասին, Կիեւն անակնկալ կերպով ներխուժեց Կուրսկի մարզ, որտեղ շարունակվում են անզիջում մարտերը: Նույն Զելենսկին պնդում է, որ այդ գործողության նպատակներից մեկը «ՌԴ-ի բանակցային դիրքերը թուլացնելն է»:
- Ուկրաինայի քաղաքական հանրությունը չափազանց արկածախնդիր է, անազնիվ եւ աժիոտաժի հակված: Ուկրաինայի իշխանությունները՝ ի դեմս նախկին նախագահ Պորոշենկոյի եւ այժմյան առաջնորդ, ոչ լեգիտիմ նախագահ Զելենսկու, ընդամենն իրականացնում են քաղաքական հանրության մեջ տիրող այս ընդհանուր տրամադրությունները։ Այն, որ ընտրությունները չեղարկվել են, միայն ընդգծում է ուկրաինական կառավարման ոճի ընդհանուր բնույթը։ Ռացիոնալությունը, օրինականությունը, հասարակության իրական շահերը բացարձակապես երկրում առաջնահերթությունների մեջ չեն՝ թե՛ առօրյա, թե՛ քաղաքական մակարդակով։
Ավելին, Վլադիմիր Զելենսկին՝ ինքն էլ տեղի ունեցողն ընկալում է որպես արկածախնդրություն եւ անհատական ներկայացում, Ուկրաինայի քաղաքացիների կյանքը միայն վիճակագրական միավորներ են: Բացի այդ, շահույթ ստանալու ցանկությունը մեծ դեր է խաղում պատերազմում՝ գումարած Արեւմուտքի աջակցությունը, որը կարեւոր մոտիվացնող դեր է խաղում։ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործողությունը կրում է քարոզչական եւ իմիջային բնույթ, այն կարող է ազդել հակամարտության ընդհանուր ընթացքի վրա միայն այն առումով, որ ծառայեց որպես առաջիկա խաղաղ բանակցությունները խափանելու միջոց: Նախորդ 10 տարիների իրադարձություններից պարզեցինք, որ Ուկրաինային խաղաղություն պետք չէ բոլոր փուլերում, Կիեւը բորբոքեց հակամարտությունը 2014 թվականի գարնանից սկսած։ Հետեւաբար, մենք Կիեւից սպասում ենք նոր սադրանքների: Նա, այսպես թե այնպես, կգնա խաղաղ բանակցությունների, դա միայն կբարձրացնի հակամարտության խաղադրույքները:
- Կուրսկում տիրող իրավիճակի հետ կապված՝ ՌԴ նախագահը խոստացավ, որ Ուկրաինային խիստ պատիժ է սպասվում: Գործնականում դա տեղի է ունենում վերջին օրերին` ռուսական բանակը զանգվածային եւ ինտենսիվ հարվածներ է հասցնում Ուկրաինայի մի շարք մարզերին: Կիեւում խոստովանում են, որ դա եղել է Մոսկվայի խոշորագույն հարվածներից մեկը: Ի՞նչ սցենարներ եք կանխատեսում հետագայում:
- Ցավոք, ի պատասխան Ուկրաինայի վերջին 10 տարիների արկածախնդիր-ագրեսիվ քաղաքականության, Մոսկվան առաջարկում է չափազանց մեղմ եւ ֆորմալ առումով «խելամիտ» քաղաքականություն, որն իրականում միայն խորացնում է հակամարտությունը։ Պաշտոնական Ռուսաստանը հույս ունի ուկրաինական կողմի խելամտության վրա, անվերջ շանսեր է տալիս եւ իրապես խոհեմ է գործում խաղաղ բնակչության, իսկ ի սկզբանե՝ զինվորականների նկատմամբ։ Նույնիսկ հիմա, իսկապես զանգվածային հարվածը ռազմական եւ ռազմատեխնիկական օբյեկտներին, ներառյալ՝ էներգետիկ ենթակառուցվածքին, ուղղված չէ զենքի մատակարարման խափանման դեմ, որն իրականացվում է ընդամենը մի քանի երթուղով՝ թունելների համակարգ Կարպատներում (Լեհաստանից) եւ Օդեսայի նավահանգստում։
Ընդհանրապես, Ռուսաստանը դեռեւս լիարժեք պատերազմ չի վարում Ուկրաինայում՝ ձգտելով փոխզիջման գնալ Արեւմուտքի հետ։ Այնուամենայնիվ, հենց այս փոխզիջումային դիրքորոշումն է միայն բարձրացնում խաղադրույքները եւ ավելի բարձր ռիսկեր ստեղծում հաջորդ փուլում: Ուկրաինայում «խաղաղության ազդանշաններն» ընկալում են որպես նոր սադրանքների հնարավորություն։ Մտավախություն ունենք, որ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ մեծ պատերազմի ռիսկերն օրեցօր աճում են, եւ այս սցենարից դուրս գալը բավականին դժվար է։
- Ուկրաինայի ՊՆ ղեկավարն իր հերթին հայտարարել է, որ իրենք համարժեք պատասխան են տալու: Բելգորոդում իրավիճակը ծանր է: Ըստ Ձեզ, ո՞րն է լինելու Կիեւի հարձակման հաջորդ թիրախը:
- Հարձակման հաջորդ թիրա՞խը. օրինակ՝ ԱԷԿ-ի ոչնչացումը կամ զանգվածային հարձակումները քաղաքների վրա՝ Ռուսաստանի Դաշնության ներսում․ ամեն ինչ հնարավոր է։ Որպես Ուկրաինայի ռազմական գործողությունների նոր թիրախներ՝ քննարկվել են նաեւ հետեւյալ թիրախները․ Բրյանսկ, Զապորոժիե եւ Կուրսկի ԱԷԿ, հրթիռային հարձակումներ ռուսական քաղաքների բնակելի թաղամասերի վրա։ Ուկրաինան իրականում գրեթե չունի ռազմական ներուժ, հատկապես՝ մարդիկ, ուստի Կիեւն ամեն ինչ կանի ՆԱՏՕ-ին հակամարտության մեջ ներքաշելու համար, եւ դրա համար անհրաժեշտ են վառ, բովանդակալից, սադրիչ թեմաներ։
- Այդուհանդերձ, Վլադիմիր Պուտինն ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս ակնարկեցին, որ Մոսկվան պատրաստ է վերադառնալ ստամբուլյան սկզբունքներին, որոնք բերվել են նաեւ Ուկրաինայի կողմից, սակայն՝ նոր իրողությունները նկատի առնելով: Նման հռետորաբանությունն ու դիվանագիտական դիրքավորումն արդյո՞ք Կուրսկի գործողության հետեւանք չեն, ինչի մասին հայտարարել է Զելենսկին:
- Պուտինն ու Լավրովն առաջարկում են վերադառնալ Ստամբուլի սցենարին: Դա տեղի է ունեցել Կուրսկի ներխուժումից անմիջապես հետո։ Թեեւ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի մարզում կարեւոր է իր իմիջով, սակայն ռազմական առումով այն որեւէ դեր չի խաղում։ Ուկրաինական բանակը ռազմաճակատում կազմաքանդվում է, այն չի բերել ընդհանուր միտումի փոփոխություն:
Ռուսաստանի խաղաղ մտադրություններն ավելի շուտ Մոսկվայի խաղաղ մտադրությունների ցուցադրումն են, մեծ զոհերի տանող հակամարտությունը սառեցնելու կամ նույնիսկ դադարեցնելու ցանկություն: Սակայն, ըստ էության, ակնհայտ է, որ ո՛չ Կիեւին, ո՛չ Արեւմուտքին պետք չեն խաղաղության նախաձեռնություններ։ Ժամանակակից Ուկրաինայի իշխանությունները հավանաբար հավատում են, որ Ռուսաստանը եթե նույնիսկ մոտենա Կիեւին, չի գրավի այն, նրանք կպահպանեն իշխանությունը, ինչպես նաեւ Արեւմուտքի սուբսիդիաները։ Նման պայմաններում նրանց ինչի՞ն են պետք խաղաղ նախաձեռնությունները։
Եթե մարդկանց կյանքը նրանց համար կարեւոր չէ, իսկ հասարակության եւ քաղաքական հանրության մեջ կա ցանկություն՝ ավելի ու ավելի պատերազմ մղել։ Ըստ այդմ, Կրեմլի խաղաղարար նախաձեռնությունները բուն Ուկրաինայում իրական հասցեատեր չունեն։ Արեւմուտքում փոփոխություններ կարող են լինել, բայց շատ դեպքերում դրանք չեն հասցնի տեղի ունենալ այնքան ժամանակ, մինչեւ աշխարհը չներքաշվի լիարժեք համաշխարհային պատերազմի մեջ՝ զանգվածային միջուկային հարվածներով: