«Թավշյա» ինքնանվանված այս իշխանությունը ոչ միայն ստի ու կեղծիքի ծնունդ է, այլեւ շարունակում է գոյատեւել հենց այդ հանգամանքի շնորհիվ: Հանուն իշխանության պահպանման ու դրա ընձեռած վայելքներից օգտվելը երկարաձգելու՝ այս մարդիկ (թե՛ Նիկոլը եւ թե՛ նրա նմանները) կանգ չեն առնում նույնիսկ պետականության կորստի սպառնալիքի առջեւ: Կանգ չեն առնում ազգային ինքնությունը ոչնչացնելու վտանգին դեմ-հանդիման: Որովհետեւ դրանց միակ նպատակն իշխելն է ու դրանից հաճույք զգալը: Եթե այդ մարդկանց մեջ մի-մի պտղունց ազնվություն ու հայրենասիրություն լիներ, դեռեւս 2020 թ․ խայտառակ պարտությունից հետո մեկ հոգու նման վայր կդնեին իրենց մանդատները՝ հրաժարական ներկայացնելով թե՛ գործադիր եւ թե՛ ներկայացուցչական պաշտոններից: Բայց դա տեղի չունեցավ, ու արդեն չուրսուկես տարի դրանց ղեկավարությամբ Հայաստանը լարախաղացի նման տարուբերվում է այս ու այն կողմ՝ պատրաստ գահավիժելու դեպի դժոխքը:
Վերցնենք վարչապետի աթոռից կառչած անձի (թե բա՝ նախկիններն աթոռակռիվ են անում) հերթական խոսքը կամ, ավելի ճիշտ՝ անհեթեթությունը: Թե բա՝ Հայաստանի անկախությունը միջնորդավորված է Ղարաբաղյան շարժումով, ու պետականության կայացումը ենթարկվել է շարժման տրամաբանությանը (ասվածը շուրջ 10 րոպեանոց ճամարտակության իմաստն է): Ու հենց դա էլ առաջ է բերել պետականության կորստի վտանգը: Ավելի անհեթեթ բան կարող էր երկնել միայն ինքը՝ այս մտքի հեղինակը: Որովհետեւ ադեկվատ ու գրագետ մեկը նման բան ուղղակի չէր կարող մտածել: Եթե ասվածը տրամաբանական լիներ, ապա այսօր Իսրայելը ոչ միայն հզոր չէր լինի, այլեւ գոյություն չէր ունենա ընդհանրապես: Որովհետեւ այդ պետությունը զրոյից ձեւավորվեց ու զարգացավ հենց սեփական «ղարաբաղյան» շարժման շնորհիվ:
Այնպես որ, Ղարաբաղյան շարժումից անկախության գաղափարի ծնունդ առնելը ոչ թե ստորջրյա քարեր է գեներացրել, այլ ավելի է հզորացրել այն: Եվ անհեթեթություն է մտածելը, որ պետությունը, նրա էությունը, նպատակն ու բովանդակությունն այլ կլինեին, եթե շարժումը գոյություն չունենար: Ընդհակառակը, շարժումն ու անկախությունը լրացրին միմյանց, ու դրա շնորհիվ Արցախյան առաջին գոյամարտն ավարտվեց հաղթանակով: Ուրիշ հարց, որ պետականության ավանդույթ չունեցող ժողովուրդը չկարողացավ նորմալ պետական կառավարում ձեւավորել: Ինչի արդյունքում ծաղկեց «բեսպրեդելը», ու ծնվեց դրան հակոտնյա արմատական ընդդիմություն, որն էլ վերջին հաշվով ճանապարհ հարթեց Նիկոլի ու նիկոլանմանների հայտնվելու համար:
Դա՝ մեկ, եւ երկրորդ. եթե նույնիսկ չլիներ շարժումը, Ադրբեջան կոչված արհեստածին պետությունն օր ու արեւ չէր տալու նորանկախ Հայաստանին: Կարծում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ է, որ այսօրվա Ադրբեջանն իրեն համարում է ոչ թե խորհրդային Ադրբեջանի, այլ 1918-1920 թթ.-ին գոյություն ունեցած Ադրբեջանի իրավահաջորդը: Իսկ այդ Ադրբեջանն իր տարածքն էր համարում Հայաստանի առաջին հանրապետության տարածքի արեւելյան ու կենտրոնական հատվածների մեծ մասը (եթե Կարսի նահանգը, որ հետո կորցրինք, համարենք որպես արեւմտյան հատված): Ինչեւէ, ոչ միայն համարում էր, այլեւ հենց այդ սահմաններով էր դիմել Ազգերի լիգային անդամակցության համար: Բայց քանի որ դա լուրջ չէր, նորաստեղծ այդ կազմակերպությունը մերժել էր Ադրբեջանի դիմումը մինչեւ Հայաստանի հետ սահմանների հստակեցումը: Հետո Հարավային Կովկասի երկրները խորհրդայնացվեցին, ու այդ հարցը մեխանիկորեն դուրս եկավ օրակարգից:
Չգիտեմ, վերը նշված անձը տեղյակ է, թե ոչ, սակայն Հայաստանը որպես «Արեւմտյան Ադրբեջան» ներկայացվում է ոչ միայն մամուլում, ցուցահանդեսներում, «գիտաժողովներում» եւ այլն, այլեւ այդ երկրի պաշտոնական փաստաթղթերում: Օրինակ՝ պաշտպանության նախարարության կայքում, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը Ֆեյսբուքում հրապարակել էի ս. թ. փետրվարի 7-ին: Այնպես որ, շարժումը լիներ թե ոչ, Ադրբեջանի ագրեսիվությունը չէր վերանալու: Ու ՀՀ ղեկավարի պաշտոնին նիկոլանման մեկի հայտնվելու դեպքում մենք, միեւնույն է, բախվելու էինք նավթի ու գազի վաճառքի շնորհիվ հարստացած ու ժամանակակից սպառազինություն ձեռք բերած թշնամու ագրեսիային: