«Նախագծով նախատեսվում է Կառավարության միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 7.12 մլրդ դրամի չափով և դրանք ուղղել տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը»,- այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու և գնման պայմանագրերը լուծելու թույլտվություն տալու մասին նախագիծը։
«Նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 26.2 կմ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 4.4, հանրապետական նշանակության ավտոճանմապարհներ՝ 0.2 և մարզային՝ տեղական նշանակության ավտոճանապարհներ՝ 21.6 կմ»,- նշեց նախարարի տեղակալը:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին։