Քաղաքականություն

Ջղաձգումներ երազում եւ արթմնի

Ջղաձգումներ երազում եւ արթմնի

Թերթերից իմացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծով հետաքրքրված անձանց հրավիրել է ՀՀ կառավարություն՝ քննարկումների: Թե բա՝ «սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում, հանրության շրջանում։ Կարեւոր եմ համարում քաղաքացիների հետ Նախագծի անմիջական քննարկումները։ Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ Նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու»։

Առաջին արտահայտությունը, որ թռավ բերանիցս, սա էր. «Վայ, ես քեզ համալսարանի դիպլոմ տվողի հերն եմ անիծել…»: Այ տղա, կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչու ես «Իրական Հայաստան» արտահայտության մեջ «իրականը» մեծատառով գրել, բաղադրյալ հատուկ անունների ուղղագրության ո՞ր կանոնով: Մի հատ գրատախտակի մոտ արի… գրի՝ Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստան, Հյուսիսային Կովկաս, Հարավային Կովկաս, Վերին Արտաշատ, Ներքին անասնագոմեր… «Անասնագոմերն» ինչո՞ւ ես փոքրատառով գրում, գյուղի անունն է: Այո, պետք է լինի մեծատառով: Նստի՛ր, «երկու»:

Նիկոլ, սա ի՞նչ նախադասություն է, որ գրել ես. «Ձեւավորեք Ձեր խմբերը եւ հանդիպման հայտն ուղարկեք [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների անվանական ցանկը»: «ԿՑ», «ՑԿ», «ՔՑ», «ՑՔ» բաղաձայնների այս «ալիտերացիան» քո ականջը չի՞ սղոցում: Էս ի՜նչ մի «ցըքցըքալ» ես «ցըքցըքում»… Բայց «ցըքցըքան» բառակույտը դեռ մի կողմ թողնենք: Ինչո՞ւ ես «Ձերը» գրել մեծատառով: Որեւէ անհատի՞ ես դիմել «Դուք»-ով, թե՞ ուղղակի հարգող ես ձեւանում, չգիտես էլ ինչպես սերդ հայտնես քո իրական Հայաստանի քաղաքացիներին: Նույն սխալն ես թույլ տվել նաեւ վերջում՝ հետգրության մեջ. «70 հոգանոց եւ ավելի մեծ խմբեր ձեւավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու»: Բայց այստեղ, Նիկոլ, «Նախագիծ» բառն էլ ես գրել մեծատառով: Կուզենայի իմանալ՝ Նախագիծ, որպես քննարկման պաշտոնական «էսքիզ», կա՞, թե՞ դա իրական Հայաստանի մասին քո խզբզած թուղթն է, որ կարդում էիր եթերում:

Մի խոսքով՝ հիասթափված եմ վարչապետական գրից եւ «հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների անվանական ցանկին կցվելու» անհրաժեշտություն չեմ զգում: Էլ չեմ ասում, որ Հայաստանն ինչպիսին էլ լինի տվյալ պահին՝ իրական է: Տիգրան Մեծի Հայքն էլ էր իրական, հայկական հետագա թագավորություններն էլ էին իրական, 1918թ. Հայաստանի Հանրապետությունն էլ էր իրական, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն էլ էր իրական, Արցախի Ինքնավար Հանրապետությունն էլ էր իրական, Հայաստան-Արցախն էլ էր իրական: Արցախը ճանաչեցիր իրական Ադրբեջանի մաս՝ ասում ես՝ եկեք սուվերեն տարածքներից զրկված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագիծը քննարկենք:

Չգիտեմ, ախպեր… Եթե մի հրաշքով ես մասնակցեմ այդ քննարկմանը, ապա, վստահեցնում եմ, այն կվերածվի էշի հարսանիքի: Ի՞նչ պետք է ինձ պատասխանի, երբ հարցնեմ՝ Հայաստանը, արդյոք, իրակա՞ն է` առանց Արցախի, առանց Կիրանցի, առանց Գորիս-Կապան ճանապարհի… Ալմա-Աթայի հռչակագի՞րը պետք է դեմ տա: Կտամ գլխին: Բա «Զանգեզուրի միջանցքն» ու Մեղրի՞ն… Առանց Մեղրի ու Սյունիք ի՞նչ իրական Հայաստան: Տղեն գիտությունով է չալում՝ «Իրական Հայաստանի գաղափարախոսություն»: Տո թքած այն «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա, որի սահմանադրությունը «Իրական Ադրբեջանի» սահմանադրության հավելվածն է լինելու, որի զինանշանն ու օրհներգը Էրդողանն է խմբագրելու: Ինձ ի՞նչ պետք է բացատրի՝ Եվրոպա ենք գնո՞ւմ: Վախ, վախ, վախ… Դե զգույշ գնացեք, մի քիչ դանդաղ շտապեք, որ հանկարծ «փուստ» չտաք ու անկարա-բաքուներում հայտնվեք: Այնտեղ հարցերը չեն քննարկում, դնում են վզներիդ ու կարգադրում՝ կատարել:

Մեր հարեւան Շմավոնը կպել է, թե արի մի ցուցակ էլ մենք կազմենք ու գնանք Նիկոլի հետ հանդիպման: Շմավոն, վերջ տուր, մարդիկ իմանան՝ ես Նիկոլի հետ «գաղափարախոսություն» եմ քննարկում, ի՞նչ կասեն: Բայց դուք գնացեք, եթե շատ եք ուզում: Սաքոյի, Վաղոյի, Ավթանդիլի, Մյասնիկի, Մնացի անունները գրի՝ միասին գնացեք: Նիկոլի կնգա հետ ո՞նց էին հանդիպում «հաջողակ կին գործարարները», «հաջողակ տղամարդիկ», «զոհվածների մայրերը», «առաջնորդ կանայք»… Խոստանում եմ՝ թերթում կգրեմ, որ այսպես ու այսպես, Նիկոլ Փաշինյանը, յուր տիկնոջ օրինակով, հանդիպել է մեր հարեւան Շմավոնի կազմած ցուցակի մարդկանց հետ եւ քննարկել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image