Քաղաքականություն

Ումի՞ց է կախված Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը

Ումի՞ց է կախված Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը

Երկու օր առաջ Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյան Արարատը զարմանահրաշ հայտարարություն է արել: Ահա այն. «Ընտրությունը կայանում է ինքնիշխան ժողովրդավարության կամ հնազանդության տանող ավտորիտար ուղու միջև, և մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը»: Եթե դիտարկում ենք հայաստանյան իրականությունը, ապա կասկած չի հարուցում այն հարցը, թե որ տարբերակի օգտին է կատարվել «մենք»-ի ընտրությունը: Եթե որևէ մեկի մոտ այդ առումով, այնուամենայնիվ, կարող է կասկած առաջանալ՝ առաջարկում եմ ընթերցել «hraparak.am»-ի կամ այլ օբյեկտիվ լրատվական կայքերի նյութերը: Իսկ իմ (և ոչ միայն իմ) կարծիքով դա հենց մեկ անձի իշխանության հաստատմանը հասցրած ավտորիտար ուղին է: 

Մնում է ճշտել, թե աշխարհի որ կողմի կամ որ պետության նկատմամբ է լինելու հնազանդությունը: Չնայած ենթադրում եմ, որ նման հարց չպետք է որ ընդհանրապես ծագեր: Այն, նախ, առկա է իրականության մակերևույթին, և, բացի դրանից, ձևակերպվել է Միրզոյան Արոյին այդ պաշտոնին նշանակող՝ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից: Ըստ որի, Հայաստանի անվտանգությունը պետք է կախված լինի բազմաթիվ արտաքին դերակատարներից: Ինչն, ի դեպ, նշանակում է՝ չնայած չի բարձրաձայնվում, որ այդքան պետություններից պետք է կախված լինի նաև մեր երկրի ինքնիշխանությունը: Բայց ՀՀ անվտանգությունն ու, ըստ այդմ, նաև ինքնիշխանությունն առաջին հերթին կախված են մեզ թշնամի մեր երկու թյուրքախոս հարևաններից: Ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ մեր անվտանգությունից ու մեր ինքնիշխանությունից կմնան միայն փշրանքներ, որ կախված կլինեն մեզանից՝ Հայաստանի ազգաբնակչությունից ու զինված ուժերից:  

Բայց կար ժամանակ, երբ Հայաստանի ինքնիշխանությունը կախված էր իր ազգաբնակչությունից ու իր զինված ուժերից: Եվ աշխարհում էլ կար մի պետություն, որ լրացուցիչ ապահովում էր մեր անվտանգությունը: Որի սահմաններում էր, նախ, հայտնվել ժամանակին մեր կորցրած տարածքի մի մասը: Եվ երկրորդ, ում ստեղծած պայմանների շնորհիվ էլ ձևավորվել էր մեր անկախ պետականությունը երկարատև ընդմիջումից հետո: Սակայն 2018-ի իշխանափոխության հետևանքով մենք կորցրինք մեր այդ հովանավորին ու հայտնվեցինք կոտրած տաշտակի առջև: Ինչ մնում է մեկ հովանավոր ունենալու երևույթին, ապա նույնիսկ Իսրայելի պես հզոր երկրի համար դա ամոթ բան չէ: Իսկ Հայաստանը Ռուսաստանին թե՛ լեզվի, ինչը նույնն է, ինչ մտածողությունը, և թե՛ կրոնի առումով շատ ավելի մոտ ենք, քան հրեաները ԱՄՆ-ի ազգաբնակչության հիմքը կազմող անգլոսաքսերի և այլ եվրոպական ժողովուրդների հետ: 

Կարծում եմ, որ ասվածից հետո իբրև թե ինքնիշխան ժողովրդավարությանը «մենք»-ի ընտրությանը Հայաստանում կարող են հավատալ, առաջին հերթին, գործող իշխանության ներկայացուցիչները՝ «մեծարգո» վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ: Չնայած դրանց դեպքում դա կլինի ոչ թե հավատ, այլ անհրաժեշտություն: Երկրորդ, դրանց շրջապատն ու դրանցից կախում ունեցողները, որոնց դեպքում ևս հավատի մասին խոսելն անհեթեթ կլիներ: Եվ վերջապես՝ հասարակության՝ հայրենիքի զգացողությունից զուրկ ու գրագիտության հետ խնդիր ունեցող հատվածը: Որոնց դեպքում մի կերպ կարելի է ընդունելի հավատալու հավանականությունը: Ինչ մնում է արտաքին դերակատարներին, ապա դրանք առաջնորդվում են (միշտ է եղել այդպես) ոչ թե հավատով, այլ աշխարհաքաղաքական շահերով:

ՀԳ. Ինչ մնում է Միրզոյան Արոյի ընտրությանը, ապա այն, բնականաբար, պետք է հիմնված լիներ կեղծիքի վրա: Ճիշտ այնպես, ինչպես կատարվեց մարդկանց խաբելու միջոցով իշխանություն գրավելը: Իսկ որտեղ կեղծիք՝ այնտեղ էլ առկա է ապօրինություն, ինչն այս օրերին գործող իշխանության կողմից իրականացվում է հայոց եկեղեցու դեմ նախաձեռնված պատերազմում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image