Հասարակություն

«Հրապարակ»․ Սեւ լճի դիրքում անորոշ վիճակ է. նախարարը հաստատում է, որ մեր դիրքապահներն անցնում են ադրբեջանական անցակետով

«Հրապարակ»․ Սեւ լճի դիրքում անորոշ վիճակ է. նախարարը հաստատում է, որ մեր դիրքապահներն անցնում են ադրբեջանական անցակետով

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ որոշակի հստակություն է մտցրել Սեւ լճի մոտ ստեղծված իրավիճակի շուրջ: Նա հերքել է խոսակցություններն այն մասին, որ այդ հատվածում գտնվող դիրքում ծառայող հայ զինվորները ադրբեջանցիների հսկողության տակ են եւ ստուգվում են նրանց կողմից: Սակայն հաստատել է, որ մեր զինվորները ծառայության վայր գնալու ճանապարհին անցնում են ադրբեջանական անցակետի կողքով: 
«Նրանք անցնում են կողքով, գուցե նույնիսկ բարեւեն ու զրուցեն։ Այս փուլում բացարձակապես ոչ մի խնդիր չկա։ Ամիսներ շարունակ ոչ մի խնդիր չի առաջանում»,- հայտարարել է Պապիկյանը: Նաեւ հիշեցրել է, որ Սեւ լճի հարակից տարածքի ազատումը սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների իրավասության ներքո է: 

«Խնդիրը հետեւյալն է՝ կա՛մ պետք է այդ դիրքը թողնենք, կա՛մ պետք է անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պետք է մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ։ Դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր 2021 թվականին եւ դրանից հետո պատասխանատվություն են կրել։ Դուք էլ ակտիվորեն լուսաբանում եք այդ մարդկանց, նրանց հարց տվեք, ասեք՝ ո՞նց է այդ դիրքը հայտնվել այդ դիրքում, հարգելի նախկին պաշտոնյաներ։ Այդ հատվածում նախկինում լարվածություն առաջացել է, բայց ամիսներ շարունակ խնդիրներ չեն եղել»,- ասել է Սուրեն Պապիկյանը։ 
Ինչպես հայտնի է, Սեւ լճի հատվածում դեռեւս սահմանազատում չի արվել, եւ հայտնի չէ, թե որքան ժամանակ է այս անորոշ իրավիճակը շարունակվելու: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն այն աբսուրդային է համարում:

Պնախարարի խոսքից հետեւում է, որ ինքը չէ ստեղծված իրավիճակի մեղավորը, սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Մեր հարցին պատասխանում է. «Այո, ճիշտ է, ՀՀ եւ ԱՀ դիրքապահներն այնտեղ Բուրկինա Ֆասոյի կամ Մոզամբիկի սահմանն են պահում համատեղ»: Բայց համատեղ պահո՞ւմ են, եթե մերոնք իրենց կողքով են դիրք գնում: «Դե, ուրեմն, ադրբեջանցիները ե՛ւ իրենց սահմանն են պահում, ե՛ւ միաժամանակ հայ զինվորների խաղաղ ծառայութունը: Դիմեք Ավանի հոգեբուժարան, այնտեղ երեւի ազատ պալատներ ՊՆ ղեկավարների, սպաների համար կարող է լինեն: Ուրիշ ի՞նչ ասեմ: Աբսուրդ է, դա մենք գիտեինք: Ուղղակի իրենք էլ չեն կարողանում թաքցնել: Ի՞նչ մարտական խնդիր է իրականացնում այն զինծառայողը, որը գնում է այնտեղ՝ մարտական հերթապահության: Նա գնում է, Հայաստանի Հանրապետության սահմանի պահպանությունն է իրականացնում ադրբեջանցիներից: Եթե ադրբեջանցիները նախահարձակ գործողություններ են իրականացնում կամ պլանավորում, եթե մարտական հենակետի ավագը գնահատում է, որ ադրբեջանցիների կողմից կարող է լինել նման գործողություն, մեր մարտական հենակետի զինծառայողներին նա հրաման է տալիս՝ պահպանությունից անցնել պաշտպանության, այն է՝ օգտագործել զենք: Ինձ հետաքրքիր է, էդ պաշտպանությունն ումի՞ց են իրականացնում: Եթե ադրբեջանցիները քայլ անեն, ումի՞ց են մերոնք պաշտպանվելու: Ոնց որ երկիրն են բարդակ ձեւով կառավարում, նույնն էլ՝ սահմանը: Այսինքն՝ եթե պարզ ասեմ, էդ մարդիկ գնում են, շրջափակման մեջ են հայտնվում: Չէ՞ որ ադրբեջանցիների մոտով են գնում, այլ ճանապարհ չկա, իրենք գնում են, հայտնվում են շրջափակման մեջ: Եթե այլ ճանապարհ լիներ, որ առանց իրենց հետ հանդիպելու անցնեին, չէին հայտնվի շրջափակման մեջ: Այսինքն, այդ մարդիկ գնում են ադրբեջանցիների կողմից կրակային խոցելիության տարածքում սահմանը պաշտպանելու, բայց ումի՞ց են պաշտպանում, ո՞ւմ հետ են կռվում: Աբսուրդ է»: Հարցին, թե Սեւ լճում այս անորոշությունն ինչքան կարող է տեւել, Հայկ Նահապետյանը պատասխանում է. «Այնքան, որքան որ Փաշինյանը ղեկին է»: 

Սեւ լճի հատվածում, ըստ մեր տեղեկությունների, սահմանազատում դեռ չի եղել: Արդյո՞ք ադրբեջանցիների անցակետն այդտեղ մնալու է: Իշխանական փակ աղբյուրը մեկնաբանում է. «Հնարավոր է, որ սահմանազատումից հետո նրանք հեռանան այդտեղից: Միայն այդ հատվածում չի անորոշ, խառը վիճակ: Սահմանազատումից հետո նրանք՝ բոլորը, պետք է գան, կանգնեն պետական սահմանի վրա: Էնպես չի, որ մենք չունենք այդպիսի հատվածներ: Տեղ ունենք, որ մենք ենք կանգնած իրենց տարածքում: Նախիջեւանի հատվածում, օրինակ, մենք էլ, իրենք էլ պետք է նման տեղերից դուրս գանք»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image