Վերջին տասնամյակներին աշխարհում տուրիզմի ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը դարձել է էքստրեմալ (ծայրահեղ վտանգավոր) տուրիզմը։ Ջրային, օդային, լեռնային, ցամաքային տուրիզմի տարբեր ճյուղերի մեջ աստիճանաբար առաջատար դիրքեր է գրավել ակտիվ, վտանգով հագեցած, ադրենալին պահանջող նորաձեւ ուղղությունը, որի սիրահարները վստահ են՝ այն զգացողությունները, որ ստանում են ժայռի վրա կախված, գետի փրփուրների մեջ մաքառելիս կամ օդում ազատ անկման պահին, չեն համեմատվում որեւէ այլ հույզի հետ։ Այդ զգացողությունները, ի դեպ, հնարավոր է ունենալ նաեւ Լոռիում։
Ադրենալինի այնպիսի քանակ է արտադրվում մարդու օրգանիզմում այդ պահերին, որ ասում են` այն կհերիքի մինչեւ կյանքիդ վերջը։ Տարբեր միջազգային աղբյուրներ, այդ թվում՝ աշխարհահռչակ հետազոտական կենտրոններ, նշում են, որ Հայաստանն էքստրեմալ տուրիզմի զարգացման բացառիկ հնարավորություններ ունի։ Լեռներ, կիրճեր, արագահոս գետեր, անտառներ, քարանձավներ, բարձրադիր տարածքներ․ ամեն ինչ կա, որպեսզի երկիրը դառնա էքստրեմալի տարածաշրջանային կենտրոն։ Սակայն մեր իշխանավորներն այդքան ճկուն ու ջանադիր չեն, որ օգտվեն այդ հնարավորություններից, բայց էքստրեմալ տուրիզմը սկսում է կամաց զարգանալ, եւ դրանում կարելի է համոզվել՝ շրջելով, օրինակ, Լոռիով։
Լոռին՝ որպես խտացված պատկեր
Լոռին կարելի է անվանել էքստրեմալ տուրիզմի բոլոր տեսակների բնական ու դասական հարթակ։ Այստեղ կան լեռնագնացության ու ժայռամագլցման համար հարմար ժայռեր, արագահոս գետեր՝ ռաֆթինգի ու քայաքինգի համար, անտառներ ու կիրճեր՝ արշավների համար, քարանձավներ՝ սպելեոտուրիզմի համար, բարձրադիր տարածքներ՝ պարապլաներիզմի ու բեյս-ջամփինգի համար։ Մի մարզի սահմաններում կարելի է համադրել աշխարհի գրեթե բոլոր հայտնի էքստրեմալ տուրիզմի ձեւերը։ Բայց Լոռին առանձնանում է ոչ միայն դրանով։ Այստեղ էքստրիմը վաղուց դուրս է եկել սպորտային ու զբոսաշրջային սահմանումներից եւ դարձել առօրյա կյանքի բաղկացուցիչ։ Այն այնքան խորն է ներթափանցել կենցաղ, քաղաքային միջավայր, հասարակական հարաբերություններ, որ մարդը հաճախ անգամ չի գիտակցում, որ ինքն ապրում է մշտական էքստրիմի մեջ։
Էքստրիմ՝ առանց աշխարհ շրջելու
Հայ-էքստրիմը վայելելու համար բոլորովին էլ պարտադիր չէ բարձրանալ Կիլիմանջարո, Էլբրուս կամ անցնել մեռած կանյոններով, օձառատ ավազուտներով ու անմարդաբնակ վայրերով։ Դրա համար ընդամենը պետք է այցելել էքստրիմի երկիր Հայաստան, տեղավորվել ցանկացած քաղաքի կամ գյուղի հյուրանոցում, հանգրվանում եւ սպասել։ Էքստրիմը քեզ երկար սպասեցնել չի տա։
Էքստրիմ՝ առանց պատվերի
Լոռի ես գալիս որպես զբոսաշրջիկ։ Տեղավորվում ես հյուրանոցում, հյուրատանը կամ պարզապես որեւէ հանգրվանում։ Չես հասցնում պայուսակդ բացել, երբ առաջին էքստրիմը քեզ գտնում է ինքն իրեն։ Ցնցուղը կարող է չաշխատել կամ աշխատել անկանխատեսելի տրամաբանությամբ։ Տաք ջուրը կարող է բացակայել։ Իսկ եթե բախտդ բերի, ու ջուրը հանկարծ հայտնվի, այն կարող է գալ այնպիսի ճնշմամբ, որ ցնցուղի գլխիկը որոշի ազատ անկման մեջ՝ ուղիղ գլխիդ ընկնել։ Էլ ի՞նչ իմաստ ունի էքստրիմ փնտրել` սառնորակ լեռնային գետերում, երբ նույն զգացողությունը ստանում ես փակ տարածքում՝ առանց մեծ ջանքերի։
Քաղաքը՝ որպես փորձադաշտ
Դուրս ես գալիս քաղաք։ Լոռու քաղաքները, ինչպես Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները, ունեն յուրահատուկ ճարտարապետական դիմագիծ։ Շենքերը, խանութ-տնակները, ժամանակավոր կառույցները, կիսակառույցները գոյակցում են առանց հստակ տրամաբանության։ Մայթերը հաճախ ավելի շատ հիշեցնում են փորձադաշտ, քան քայլելու տարածք։ Անհարթություններ, ջրափոսեր, ձմռանը՝ սառցաշերտեր, որոնք չեն մաքրվում, որովհետեւ ենթադրվում է, որ մարդը պետք է ինքնուրույն հաղթահարի արգելքները։ Քայլելը դառնում է արկած։ Ամեն քայլը պետք է հաշվարկ անես` ինչպես էքստրեմալ լեռնագնացության կամ ռաֆթինգի ժամանակ։ Սա ոչ թե զբոսանք է, այլ՝ մասնակցություն քաղաքային էքստրեմալ «մրցույթին»։
Սոցիալական էքստրիմ
Փողոցներն ու մայթերը հաճախ գրավված են անտարբեր ու պարապ երիտասարդներով։ Նրանք ծխում են, գարեջուր են խմում, արեւածաղիկ չրթում։ Փորձիր դիտողություն անել՝ կրակը կընկնես։ Քաղաքային միջավայրն արագ կվերածվի ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեբանական էքստրիմի միջավայրի, եւ հայտնի չէ` կկարողանա՞ս այդ էքստրիմից անփորձանք դուրս գալ, թե՝ ոչ։
Սանիտարական էքստրիմ
Զուգարանների հարցը, որպես կանոն, մնում է տուրիստական ծրագրերից դուրս։ Մեզ մոտ զբոսաշրջությունն իբր զարգացնում են, բայց մոռանում են ամենապարզ ու ամենակարեւոր ատրիբուտի մասին։ Պատկերացրեք՝ քաղաքին անծանոթ զբոսաշրջիկը հանկարծ բնական կարիքները հոգալու պահանջ ունի։ Մոտակա զուգարանը կարող է լինել 10-12 կանգառ հեռու կամ՝ ընդհանրապես չլինել։ Տուրիզմի զարգացած երկրներում զուգարաններ կան անգամ սարերում ու լեռներում։ Մեզ մոտ չկան նույնիսկ քաղաքներում։ Սա արդեն ֆիզիոլոգիական էքստրիմ է։
Կենսաբանական էքստրիմ
Մեր փողոցներում ու հանգստյան գոտիներում վխտում են թափառող շների ոհմակներ։ Դրանք Վենետիկի կենտրոնական հրապարակի հեզ աղավնիները չեն, որ միայն ծրտելով բավարարվեն կամ ոտքերիդ տակ դեսուդեն քայլեն։ Մեր շները նաեւ հարձակվել գիտեն, իսկ զբոսաշրջիկը միշտ պատրաստ չէ այդ էքստրիմին։
Բնությունը՝ վտանգված ու վտանգավոր
Լոռու բնությունը գեղեցիկ է, բայց՝ խոցելի։ Առաջին տեղատարափ անձրեւը բավական է, որ գետը դուրս գա հունից, փոխի ուղղությունը եւ հիշեցնի, որ ինքը նույնպես էքստրիմի մասնակից է։ Գետերի հուները մաքրելու փորձերը հաճախ անիմաստ են, որովհետեւ ավտոմեքենաների կմախքներ, հին հեռուստացույցներ, շշեր ու կենցաղային աղբ, ինչ ասես կա այդ հուներում, որոնք խցանել են գետի հոսքը։ Մի տեղատարափ, եւ հեղեղը փողոցներով է հոսում։
Առողջապահական էքստրիմ
Եթե այս ամբողջ շղթայում վնասվես եւ բժշկական օգնության կարիք ունենաս, ապա էքստրիմը տեղափոխվում է հիվանդանոց։ Այստեղ ամեն ինչ կախված է քո հնարավորություններից։ Որքան «ունես», այնքան կբուժվես։ Վերջացավ՝ դուրս կգրվես։ Եվ սա սատիրա չէ, սա կենցաղային փորձ է։
Կենցաղային էքստրիմ
Եվ վերջում՝ Լոռվա վերելակները։ Շատ շենքերում դրանք սովետական թարմության են եւ 30-35 տարի չեն նորոգվել, չեն փոխվել։ Ամեն մի հարկ բարձրանալն իրականում էքստրեմալ խաղ է ճակատագրի հետ` տեղ կհասնի՞, թե՞ կեսճանապարհին կկանգնի։ Այս էքստրիմը սկսվում է հենց շքամուտքից։
Լոռին՝ որպես հայելի
Այս ամենը, իհարկե, միայն Լոռվա մարզի մասին չէ։ Լոռին ընդամենը օրինակ է։ Նույն պատկերը կտեսնեք նաեւ Հայաստանի ցանկացած մարզում։ Տարբեր են լանդշաֆտները, նույնն է վերաբերմունքը, իրավիճակը։ Մենք սիրում ենք ասել՝ տուրիզմ ունենք։ Բայց տուրիզմը ենթադրում է անվտանգություն, համակարգ, պատասխանատվություն, պատշաճ սպասարկում, հարմարավետություն, կանխատեսելիություն։ Մեզ մոտ ձեւավորվել է բոլորովին այլ բան` հայ-էքստրիմ։ Էքստրիմ՝ առանց ծրագրի, առանց ներդրումների, առանց ընտրության։ Էքստրիմ, որին չես գնում, այլ որը գալիս է քեզ ընդառաջ, եթե անգամ դու էքստրիմի սիրահար չես։
Գլխավորը՝ ան-վը-ճա՜ր
Մինչ աշխարհը միլիոններ է ծախսում՝ ադրենալին «արտադրելու» համար, մեզ մոտ այն արտադրվում է ինքնաբուխ` առանց ջանքերի ու մեծ գումարների։ Դրա ստեղծմանը մենք ազգովի ենք մասնակցում։ Դա առանց տոմսի, առանց ապահովագրության, առանց վերադարձի իրավունքի է։ Սա պարծենալու բան չէ` սա ընդամենը արձանագրում է։ Մենք՝ հայերս, փաստորեն, գիտակցաբար ենք ընտրում հայ-էքստրիմը եւ պատրաստ ենք այս փորձով կիսվել օտարերկրացիների, զբոսաշրջիկների հետ, որոնց Հայաստանում անմոռանալի հանգիստ եւ ադրենալինի չլսված չափաբաժին է սպասվում։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ