Հասարակություն

«Հրապարակ». Եթե ՀՀ-ն հրաժարվի միջազգային գանգատներից, Բաքվի պատանդները կմնան անպաշտպան

«Հրապարակ». Եթե ՀՀ-ն հրաժարվի միջազգային գանգատներից, Բաքվի պատանդները կմնան անպաշտպան

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս յոթ պատանդների դատավարությունն ավարտվել է, ալիեւյան կեղծ դատարանն «ապացուցված» է համարել նրանց մեղքը, եւ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայ պատանդների համար պահանջել է դատավճիռներ` 16 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Այն, ինչի համար նորմալ աշխարհում պետք է դատվեին Ադրբեջանի ֆաշիստական իշխանության ներկայացուցիչները, դատում են իրենց ազատության եւ անկախության համար պայքարած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնց Ալիեւը պատանդ է վերցրել` արցախցիների Հայաստան տեղափոխումը թույլատրելու համար:

«Հրապարակի» հետ զրույցում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ պատժաչափերն իր համար կանխատեսելի էին: «Ի սկզբանե հասկացել ենք, որ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ցմահ է պահանջվելու: Այն, որ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի առնչությամբ պահանջել են 20 տարի, դա ընդամենը օրենսդրական խոչընդոտի արդյունք է: Վերջիններիս 65 տարին լրացել է, ադրբեջանական օրենսդրությամբ 65 տարին լրացածները համարվում են տարեցներ, իսկ տարեցների կատարած հանցագործությունների դեպքում արգելվում է ցմահ ազատազրկման կիրառումը: Այս պարագայում ցմահ ազատազրկումը փոխարինվում է 20 տարի ազատազրկմամբ, բայց տարիքային առանձնահատկությունից ելնելով՝ դա փաստացի ցմահ ազատազրկում է: Սրանք դեռեւս առաջարկներ են, բայց քանի որ քաղաքական պատվերի հիման վրա գործող դատարանների հետ գործ ունենք, կանխատեսելի է, որ դատարանները հաստատելու են այս պատժաչափերը»,- ասաց Սահակյանը:

Բողոքարկելու հնարավորություն կա՞: Սահակյանն ասաց, որ ձեւական առումով նման հնարավորություն կա, առնվազն մյուս ռազմագերիների գործերով կարող է ասել, որ հանրային պաշտպանները մի քանի ձեւական բողոքներ են գրել, դրանք չեն բավարարվել, եւ սահմանված պատժաչափերը մնացել են անփոփոխ: «Արարքը մեղմացնող կամ պատիժը մեղմացնող դատական ակտեր՝ վերադաս դատական ատյաններից, սպասելի չեն: Միակ հնարավորությունը  միջազգային ատյաններն են: Եվրոպական դատարանն իրավասություն ունի արձանագրելու, որ հետապնդումը չունի իրավական եւ փաստական հիմքեր, պայմանավորված է եղել քաղաքական նպատակներով, ուստի քաղաքական հետապնդում է: Ազատությունից զրկելը դա դարձնում է ապօրինի, եւ Եվրոպական դատարանը լիարժեք իրավասու է քննել, թե ադրբեջանական դատարանները պատշա՞ճ կերպով են կազմակերպել դատավարությունը, եւ բոլոր երաշխիքներից արդյոք կարողացե՞լ են օգտվել ամբաստանյալները: 23-ից 22-ի գործը միջպետական գանգատով է ներկայացված: Այստեղ Հայաստանի կառավարությունն անելիքներ ունի, սակայն եթե կառավարությունը խաղաղության համաձայնագրի հիման վրա հրաժարվի գանգատներից, այս անձինք կհայտնվեն իրավական առումով անպաշտպան վիճակում: Որպես փոխարինող միջոց՝ մենք աշխատում ենք ընտանիքների հետ, ընտանիքներն արդեն իսկ լիազորություններ են փոխանցում, որպեսզի անհատական գանգատներ ներկայացվեն: Եթե մենք չկարողանանք միջազգային ատյաններում ապալեգիտիմացնել այս դատավարական ակտերը, սա շատ վտանգավոր նախադեպ կդառնա․ համանման արարքներ կատարած անձինք կարող են կրկին ենթարկվել քրեական պատասխանատվության: Չմոռանանք, որ մեղադրանքները ներառում են նաեւ ապօրինի սահման անցնելը, նման կարգավիճակում գտնվել են 150 հազար արցախցիներ՝ սա լուրջ սպառնալիք է յուրաքանչյուր արցախցու համար: Նրանք ցանկացած պահի, անգամ եթե հետվերադարձի իրավունքն իրացնեն, կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության հենց 15 գործով հաստատված դիրքորոշումների շնորհիվ: Դատական ակտերը եթե օրինական ուժ են ստանում, վերջնական են եւ չեն չեզոքացվում միջազգային ատյանների կողմից, ունենում են նախադեպային նշանակություն»,- շեշտեց Սահակյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image