Քաղաքականություն

«Հրապարակ». Ինչ է խոսել սրբազանը՝ ընդդիմադիրների հետ փակ հանդիպմանը

«Հրապարակ». Ինչ է խոսել սրբազանը՝ ընդդիմադիրների հետ փակ հանդիպմանը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ կեսօրին խորհրդարան էր գնացել, նա մոտ մեկուկես ժամանոց փակ հանդիպում ունեցավ ընդդիմադիր երկու խմբակցությունների մի խումբ պատգամավորների հետ։ «Քաղաքական, հասարակական բոլոր ուժերի ու մտավորականների հետ հանդիպել ենք, հիմա էլ հանդիպում ենք ԱԺ խմբակցությունների հետ։ Քննարկելու ենք առաջիկա գործողություններին իրենց անելիքներն ու հասկանանք, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու»,- մինչ հանդիպումը կսկսվեր, իր այցի նպատակի մասին լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց Բագրատ սրբազանը։

Հանդիպումից հետո, սակայն, փակագծեր չբացեց, այլ, իրեն բնորոշ ձեւով, ընդհանրական պատասխաններ տվեց։ Հարցրինք՝ քննարկե՞լ են արդյոք առաջիկայում վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնելու հնարավորությունը կամ՝ քաղաքական ճգնաժամ առաջացնելու նպատակով ընդդիմության՝ մանդատները վայր դնելու հարցը։ «Ամեն ինչ էլ քննարկել ենք»,- ասաց շարժման առաջնորդը՝ վստահեցնելով, որ պայքարը նոր թափով են շարունակելու, եւ եթե անգամ ինքը միայնակ մնա, պայքարն իր նպատակին է հասցնելու։ «Քննարկել ենք հնարավոր քաղաքական լուծումներն ու տարբերակները, նաեւ՝ իրենց դերակատարումն այդ ամբողջ գործընթացի մեջ: Եզրահանգումը մեր գործողություններով է պայմանավորված»,- ասաց նա եւ հավելեց, որ վարչապետի թեկնածուի անուններ չեն քննարկվել: Մեր դիտարկմանը, որ ընդդիմադիր գործընկերներից ոմանք իրեն ընդունում են որպես հոգեւորական, բայց ո՛չ որպես քաղաքական առաջնորդ, սրբազանն արձագանքեց, որ ինքը չի էլ հավակնում քաղաքական առաջնորդության։ Հարցրինք նաեւ՝ արդյոք վարչապետի թեկնածուի փոփոխության օրակարգ կա՞ այսօր ընդդիմության առջեւ դրված։ Բագրատ սրբազանն ասաց՝ դա պայմանական է, իր համար կարեւորը վերջնարդյունքն է։ 
«Եթե մարդիկ պատասխանատվություն կստանձնեն, կցանկանան՝ սիրով, որեւէ մեկի համար արգելք չկա, ես դա ճիշտ եմ համարում»։

Ինչ են քննարկել սրբազանն ու ընդդիմադիրներն իրականում

Հանդիպման սկզբում սրբազանը կարեւորել է, որ այս հանդիպումը հենց խորհրդարանի շենքում է տեղի ունենում, թեեւ կարող էր այլ վայրում կայանալ։ Արձանագրել է, որ թեպետ շարժման հենց սկզբում ստացել է խորհրդարանական ընդդիմության աջակցությունը եւ տարբեր ֆորմատներով պարբերաբար քննարկումներ է ունեցել երկու ֆրակցիաների ներկայացուցիչների հետ, բայց ԱԺ շենքում հանդիպումը խորհրդանշական է եւ ավելի պաշտոնական բնույթ է հաղորդում համագործակցությանը։

Սրբազանն ասել է, որ ինքն ունի իշխանություններին հեռացնելու իր ծրագիրը, իր անելիքները լավ գիտի, բայց եկել է, որ ընդդիմադիր գործընկերներից լսի նրանց տեսլականը, առաջարկները։ Ասել է նաեւ, որ սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք հավաքի ընթացքում ներկայացնելու է իր ծրագիրը, նաեւ անդրադառնալու է այս ընթացքում իր անձի ու շարժման հասցեին հնչած բոլոր քննադատություններին, վստահեցրել է, որ բոլոր հարցերին պատասխան ունի եւ այդ պատասխաններից հետո վստահ է, որ շարժումն ավելի է բյուրեղանալու։ Իր անելիքների, ակնկալիքների ու ծրագրերի մասին նախընտրել է շատ չմանրամասնել՝ հաշվի առնելով, որ խորհրդարանում են, եւ իրենց հաստատ կարող են գաղտնալսել։ Բացի այդ՝ չի ցանկացել բացել սեպտեմբերի 22-ի հավաքի ինտրիգը եւ նշել է, որ այդ օրը շատ հարցերի պատասխաններ կհնչեն։  

Խոսել է նաեւ քաղաքական աջակիցների մասին, մասնավորապես, որ նրանց շարքերը նոսրացել են, քաղաքական ուժերի վերջին հավաքներն այլեւս նույն կազմով չեն ընթանում, ինչ սկզբնական շրջանում էր։ Սրբազանն ասել է, որ այս ամիսներն իր համար էլ փորձաքննության շրջան էին, որը պարզ դարձրեց քաղաքական ուժերից շատերի բնույթը, ցույց տվեց՝ ովքեր են իրականում իշխանության դեմ, ովքեր՝ այլ հաշվարկներ ունեն։ 
Վերահաստատել է՝ եթե անգամ միայնակ մնամ, միեւնույն է, իմ պայքարն ավարտին եմ հասցնելու, ու թող ոչ ոք չկասկածի դրանում։

Ընդդիմադիրներն էլ իրենց տեսակետներն են ներկայացրել՝ շեշտելով, որ իշխանափոխության բոլոր տարբերակների շարժիչ ուժը, իրենց կարծիքով, հանրային աջակցությունն է, պետք է այնպիսի գործողություններ անել, որ այդ հանրային ճնշումն իշխանություններն ամեն րոպե իրենց մաշկի վրա զգան։ Սրբազանն ասել է, որ ինքը գիտի դրան հասնելու մեխանիզմը, բայց կրկին փակագծեր չի բացել՝ վստահեցնելով, որ հասնելու է դրան։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image