2025 թվականը սկսվել է մեզ համար անչափ հետաքրքիր իրադարձություններով ու զարգացումներով: Անակնկալների պակաս չկա: Ռուսները կասեին՝ «Что ни день- то сюрприз»:
1. Խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, 2. Հայաստանը չի դառնա խաղաղության խաչմերուկ, 3. Հարավային Կովկասով անցնող բոլոր տեսակի կապուղիների քարտեզը հաստատված է, ըստ որի բոլոր ճանապարհները շրջանցում են Հայաստանը, 4. Հայաստանը պետք է Սյունիքով «Զանգեսուրի միջանցք» տա Ադրբեջանին և Թուրքիային, 5. Հայաստանը ֆաշիստական պետություն է, որը պետք է ոչնչացնել, 6. ԱՄՆ-ում տեղյակ չեն, որ ԱՄՆ-ը գնում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու ճանապարհով, 7. Բրյուսելում քիչ առաջ իմացան, որ անանորյա խումհարից հետո ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու առաջարկին, 8. Մոսկվայից ասացին, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի բաներ են և Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել թե՛ մեկին և թե՛ մյուսին, 9. ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը նույնացրեց Տիտանիկի համար տոմս առնելու հետ, 10. ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևը մեզ բարի ճանապարհ մաղթեց դեպի դրախտ և կարծիք հայտնեց, որ Ալիևի՝ Հայաստանը ոչնչացնելու մասին հայտարարություններից հետո սափրված Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կհիշի ՀԱՊԿ-ի գոյությունը… 10 օրում միջազգային կարգի10 սյուրպրիզ՝ ո՞նց է ձեզ համար:
Ներքին կյանքի սյուրպրիզների մասին էլ դեռ չեմ խոսում: Ռուսները կասեին՝ «что ни день, то внутриполитический сюрприз»: Կառավարության երկու նիստ են արել՝ մեկը մյուսից անիմաստ: Դրանք իսկի կառավարության նիստեր էլ չէին, այլ փոդքաստ Նիկոլ Փաշինյանի և կառավարություն կոչվող բիոզանգվածի մասնակցությամբ: Ի՞նչ եք կարծում, բիոզանգվածն, արդյոք, պարտավոր չէ՞ր Փաշինյանից հետաքրքրվել՝ լսիր, այ ապուշ, խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվեր, ի՞նչ եղավ… Ոչ մի ծպտուն: Ոչ մի հարց Ալիևի հայտարարությունների մասին, ոչ մի տարակուսանք այն կապակցությամբ, որ Արարատ Միրզոյանն, ըստ էության, ստել է ԱՄՆ- Հայաստան ռազմավարական գործընկերության մասին, ինչպես նաև համատարած լռություն Նիկոլի՝ ԵԱՏՄ-ից հրաժարվելու և տնտեսական անորոշության մատնվելու մտագարության շուրջ: Այդ կառավարություն կոչվող բիոզանգվածն ի՞նչ է, չի՞ հասկանում, որ ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների խզման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 80 %-ով, որ սովորական մարդիկ կկորցնեն եկամուտները, աշխատանքը և կսկսեն ավելի թանկ վճարել ամենաանհրաժեշտ բաների համար։ Ե՞ս պետք է բիոմասսային բացատրեմ այս բաները: Եվ, առհասարակ, ի՞նչ է տալու մեզ ԵԱՏՄ-ից հրաժարվելը՝ եվրոպական երկրների հետ առանց վիզայի ռեժիմ և Հայաստանի բնակչության թվաքանակի կրճատո՞ւմ… Իսկ ո՞ւմ է դա պետք, եթե ոչ Հայաստանի թշնամիներին:
Եվ այս տարատեսակ սյուրպրիզների ֆոնին Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում նույնիսկ անհնար է մտածել քաղաքական ուժերի և հասարակության համախմբման մասին: Խուճապը հեռու չէ, գլուխ է բարձրացնում հանրային և քաղաքական փսիխոզը, վերջնական, համակողմանի և անսակարկելի կապիտուլյացիայի շեմին ենք: Ի՞նչ անենք…
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքով՝ Հայաստանը կրիտիկական խաչմերուկում է, որտեղ բախվում է արտաքին քաղաքական խորը մարտահրավերների և իր ապագայի վերաբերյալ գոյաբանական խնդիրների: Ըստ նրա՝ արտաքին և ներքին ճգնաժամերի այս սերտաճումն ընդգծում է հստակության, ռազմավարության և խիզախ ղեկավարության հրատապ անհրաժեշտությունը՝ երկիրը ներկայիս ճահճից դուրս բերելու համար: Խիզախ ղեկավարությո՞ւն… Իսկ հայաստանյան իրականությունը պատրա՞ստ է խիզախ ղեկավարություն ունենալուն, ուզո՞ւմ է դիմակայել, պայքարել, ապրել… Ես խիստ կասկածում եմ: Էլիտա՞… Չկա, չենք ստացել, և մեզանում կրկին հին ասացվածքն է շրջանառվում՝ գնացողին Լոսը կփրկի, մնացողին՝ փոսը:
Հայաստանի Հանրապետությունն, այո, իր գոյության ամենակրիտիկական խաչմերուկում է և կարող է դառնալ 21-րդ դարում աշխարհի քարտեզից վերացած առաջին պետությունը: Այս ցավալի հեռանկարն այսօր ավելի քան իրական է, ու մենք դրա դեմն առնելու ռեսուրս գրեթե չունենք: Ասում ենք՝ Նիկոլը պետք է հեռանա, որ Հայաստանը փրկվի: Մազալու մարդիկ ենք, համ ուզում ենք, որ Հայաստանը փրկվի, համ էլ ուզում ենք, որ դա Նիկոլն անի՝ ինքնակամ հեռանալով: Լինելո՞ւ բան է: