Ինչպիսի երջանկություն, Նիկոլը Թրամփի WhatsApp-ի համարը ունի… ՀՀ ոչ մի ղեկավար նման հարաբերություն չի ունեցել ԱՄՆ նախագահներից եւ ոչ մեկի հետ: «Հանուն Հանրապետության» կուսակցության, այսպես կոչված, առաջնորդ Արման Բաբաջանյանի հերյուրանքը, կամ՝ ուշացած հրճվանքն է սա, որով կիսվել է Նիկոլի «ընտրազանգվածի» հետ: Ասում եմ Նիկոլի, որովհետեւ Արման Բաբաջանյանը որպես կուսակցություն կամ գործիչ ինքնին ընտրազանգված չունի եւ գլուխ է պահում սրա-նրա ընտրազանգվածի գլուխը էշություններ լցնելով: Քանի կար՝ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի շնորհիվ խորհրդարան մտավ որպես լուսավորհայաստանցի, իսկ հեռանալուց հետո միացավ հակահայկական գործակալական ցանցի մյուս երեւելիներին ու սկսեց մանր-մունր ծառայություններ մատուցել Նիկոլին: Հիմնած կուսակցությունն էլ չգիտես ինչի մասին է: «Հանուն Հանրապետության»: Հանուն ո՞ր հանրապետության՝ Ֆրանսիայի, Ադրբեջանի, Թուրքիայի... Ահա այս անհասկանալի վիճակում էլ գործում է պարոն Բաբաջանյանը, որն ի լրումն մնացած խայտառակությունների, նաեւ «փաթաթած ունի» ՀՀ արդարադատության համակարգը, դատարաններն ու ամենամեծ դատախազին: Մարդը, փոխանակ դատարանի վճիռը կատարելու, արջի ծառայություններ է մատուցում Նիկոլին: Աչքի է ընկել եկեղեցու դեմ արշավներին, Գյումրիի ընտրություններին, ինչպես նաեւ 102-րդ ռազմաբազայի եւ Հայաստան այցելած ռուս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ կապիկություններ անելով: Բաբաջանյանը միայնակ չէ այս գործում: Նրա հետ են Լեւոն Բաղդասարյանը, Լեւոն Շիրինյանը, Արթուր Սաքունցը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամը, քաղ-չգիտեմինչ Մեհրաբյանը, Սաֆարյան Ստյոպը, Խուրշուդյան Հովսեփը եւ ուրիշներ… Արեւմտամեռների պլեադան՝ եթե կարճ ասեմ:
Հանրությունը ՖԲ-ում տժժում է Արման Բաբաջանյանի հայտնած նորության վրա՝ Նիկոլը Թրամփի WhatsApp-ի համարն ունի… Մարդիկ գրում են՝ կոշիկի համարն էլ կունենա, Մելանյայի կրծկալի համարն էլ: Արման Բաբաջանյանի կենսագրությունն ունեցողը որտեղի՞ց իմանար, որ նման հարցերում հայերի երեւակայությունը սահմաններ չունի: Մի քիչ էլ քաղաքական տհասության հարց է: Բա քո երկրի վարչապետին այնքան փոքրացնես, որ օտար երկրի նախագահի WhatsApp-ի համարն ունենալը համարես նրա համար աննախադեպ հաջողությո՞ւն: Բա Նիկոլն է՞դ տղան է… Ո՞ր թիվն է, այսօր աշխարհում նախագահ, վարչապետ կամ առաջնորդ կա՞, որի հետ Նիկոլը չկարողանա հեռախոսով կապվել: Եվ ո՞ւմ շնորհիվ է դա այդպես: Իհարկե, Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների, որոնք ի թիվս այլ գույքերի, Նիկոլին են փոխանցել նաեւ ՀՀ զինանշանով թիվ 1 հեռախոսը:
Եվ, այնուամենայնիվ, Արման Բաբաջանյանի հայտնած լուրը, որ Նիկոլն ունի Թրամփի WhatsApp-ի համարը, ոչ այնքան ուրախալի է, որքան զավեշտալի: Պատկերացնում եմ, թե Նիկոլն ինչպես է նախ մտնում WhatsApp, ապա՝ գտնում Թրամփի համարն ու զանգում… Իսկ Թրամփը Նիկոլի WhatsApp-ի համարն ունի՞: Բա որ տեսնի կովբոյի ցիլոյով մեկն է իրեն զանգում ու չպատասխանի՞:
Ասում ես, էլի, ՀՀ նախագահներին ո՞ւր էր Նիկոլի բախտը, որ ԱՄՆ նախագահների հետ WhatsApp-ով շփվեին: Ոչ WhatsApp կար, ոչ Viber ու Telegram… Դիսկով հեռախոս էր՝ զանգում էին պոչտա, որ պոչտայի աղջիկը միացներ: Պատահում էր՝ զանգում էին, այնտեղից քարտուղարուհին ասում էր՝ մեր նախագահը տեղում չէ, մի քիչ հետո զանգեք… Ի՜նչ օրեր էին, այ մարդ: Իսկ Նիկոլը, խնդրեմ, վերցնում ու WhatsApp-ով դուզ զանգում է Թրամփին: ՖԲ օգտատերը գրել էր՝ Նիկոլին ասեք՝ հանկարծ SMS չուղարկի, Թրամփն իր համար Հովիկ Աղազարյանը չի, էլի:
Վերջում թույլ տվեք հատուկ շնորհակալություն հայտնել Արման Բաբաջանյանին՝ Նիկոլին այսպես «բարձրացնելու» համար եւ մի տեղեկություն փոխանցել, որ, կարծում եմ կհետաքրքրի նրան: Տիգրան Խզմալյանն արդեն քննադատում է Նիկոլի չինական արկածները եւ սպառնում պայքարել նրա ընտրած նոր ուղղության դեմ: Ասում էր՝ բա ԵՄ գնալն ի՞նչ եղավ, բա ԵՄ գնալու մասին օրենքը, որ ընդունեցինք «Եվրաքվեով», ո՞ւր մնաց… Բաբաջանյան Արման, քեզ այս հարցը չի հետաքրքրո՞ւմ, թե՞ դու այլեւս դուրս ես եկել Գյումրու «Եվրատաշիկից», քանի որ քեզ ու եւս մի քանի հոգու այդ «դաշինքից» ավելի սրտամոտ է թուրք-ադրբեջանական դաշինքը՝ թող որ Թրամփի անունով ու Թրամփի ուղիով:
ՀԳ. Ո՞վ է Արման Բաբաջանյանին տեղեկացրել, թե Նիկոլն ունի Թրամփի WhatsApp-ի համարը: Եթե Նիկոլը, ապա տեղեկությունը հաստատ ֆեյք է, իսկ եթե Թրամփը, ապա Արման Բաբաջանյանը գործակալ է: Մի տարբերակ էլ կա, որ տեղեկությունը Լոնդոնից են փոխանցել: Մենք այնտեղ մի նախկին նախագահ ունենք, որ Թրամփի լավ բարեկամն է եւ նրա առաջին ընտրության ժամանակ գուշակել էր հաղթանակը: