Քաղաքականություն

Նոր քաղաքական իրավիճակ` Փաշինյանը կորցրել է լեգիտիմությունը

Նոր քաղաքական իրավիճակ` Փաշինյանը կորցրել է լեգիտիմությունը

Գյումրու եւ Փարաքարի ընտրություններում արձանագրվեց գրեթե նույն արդյունքը․ իշխանության իրական հանրային վարկանիշը՝ գումարած վարչական ռեսուրսը, մոտ 35-37 տոկոս է, երկու համայնքում էլ իշխանության թեկնածուներն այդքան են ստացել: Դրա մեծ մասը վարչական ռեսուրսն է` մարզպետարանների, համայնքապետարանների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, դպրոցների, մանկապարտեզների, սպորտդպրոցների, արվեստի դպրոցների, քոլեջների աշխատակիցներ, ոստիկանության, ԱԱԾ, դատախազության, Քննչական կոմիտեի, հարկային եւ մաքսային մարմինների, պետական այլ հաստատությունների աշխատակիցներ, նրանց ընտանիքի անդամներ: Ցանկացած իշխանություն համարում է, որ եթե որեւէ մարդ պետական աշխատանքի է, եթե նա պետությունից փող է ստանում, պարտավոր է քվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Տրամաբանությունն այն է, որ հաջորդ իշխանությունը կարող է այդ մարդկանց փոխարինել իր կողմնակիցներով, իրենք պետք է քվեարկեն գործող ստատուս քվոյի պահպանման օգտին: Վարչական ռեսուրսը հօգուտ իշխանության աշխատում է ամեն տեղ, կարեւոր չէ՝ դա Հայաստան է, թե Միացյալ Նահանգներ: Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագրի» իրական վարկանիշը 10 տոկոսից ցածր է:

Գյումրու եւ Փարաքարի ընտրություններում չպարտվեցին Սարիկ Մինասյանը կամ Լյուդվիգ Գյուլնազարյանը, պարտվեց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի ցածր, բացասական վարկանիշը պատճառ դարձավ, որ այդ համայնքների բնակիչները մերժեն գործող համայնքապետերին: Եթե նախկինում Փաշինյանն իր հեղինակությամբ կարողանում էր ընտրողների վրա ազդեցություն ունենալ եւ նրանց համոզել՝ քվեարկել իր աջակցությունը վայելող թեկնածուի օգտին, հիմա ճիշտ հակառակն է․ բոլոր այն թեկնածուները, որոնց ինքը պաշտպանում է, ովքեր հանդես են գալիս ՔՊ-ի անունից, հաղթելու ոչ մի հնարավորություն չունեն: Փաշինյանը պարտության եւ ձախողման խորհրդանիշ է ոչ միայն արտաքին քաղաքականության ոլորտում, այլեւ՝ ներքին կյանքում: ՔՊ-ական վերնախավը հասկացավ, որ իրենց քաղաքական կենսագրությունը շատ արագ ընդհատվելու է, եւ նա, ով իրենց ծնել է, ինքն էլ կարող է իրենց քաղաքական վախճանի պատճառ դառնալ:

Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո, երբ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» հանդես էր գալիս իբրեւ ընդդիմություն, բայց ի վերջո միացավ ՔՊ-ին, ծակվեց այն փուչիկը, թե եվրաինտեգրացիայի կողմնակիցներն ինքնուրույն քաղաքական ուժ են: Որքան էլ Լեւոն Բարսեղյանը փորձեց դիրքավորվել որպես Փաշինյանի իշխանության ընդդիմություն, որքան էլ հաճախ հայտարարեց, որ ինքն անցողիկ շեմը հաղթահարելուց հետո չի պատրաստվում միանալ ՔՊ-ին եւ օգնել մեծամասնություն ձեւավորելուն, միեւնույն է՝ գյումրեցիները նրան ձայն չտվեցին՝ որպես Փաշինյանի սատելիտ քաղաքական ուժի: Լեւոն Բարսեղյանի ստացած ձայները ցույց տվեցին, որ Հայաստանի եվրաինտեգրացիան հանրային պահանջ չէ, այլ իշխանությունների կողմից հայ հանրության վզին փաթաթվող նախաձեռնություն, որի հետեւում ոչ թե Հայաստանի, այլ իրենց անձնական, նեղ խմբային շահն է: Հայաստանում եվրաինտեգրացիայի կողմնակիցների թիվը չի անցնում 5 տոկոսը, կամ առնվազն այդքան մարդ է համարում, որ այս պահին եվաինտեգրացիան կարող է իրականություն դառնալ: 

Գյումրին մի քիչ յուրահատուկ քաղաք է, այն գտնվում է Թուրքիայի անմիջական հարեւանությամբ, հենց գյումրեցիներն են 1918-1920 թվականներին իրենց քաղաքի վրա զգացել թուրքական օկուպացիայի հետեւանքները եւ չեն ուզում, որ այն հերթական անգամ կրկնվի: Գյումրու քաղաքապետի ընտրություններում ընդդիմությունից ամենաշատ ձայն ստացած Վարդան Ղուկասյանը հանդես էր գալիս հակաթուրքական կոչերով, նա բացահայտ հայտարարում է, որ դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, դեմ է Թուրքիայի կողմից Հայաստանի կլանման քաղաքականությանը, որի իրականացման մեջ մեղադրում էր իշխանություններին: Նրա ստացած մեծ թվով ձայները վկայում են, որ գյումրեցիները եւ հայ հասարակությունը Հայաստանի թուրքականացումն ընկալում են որպես իրական սպառնալիք եւ դեմ են իրենց քաղաքի, երկրի թուրքացմանը:

Վերջին ընտրությունների արդյունքով Հայաստանում ձեւավորվել է նոր քաղաքական իրողություն` Նիկոլ Փաշինյանը եւ նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրել են լեգիտիմությունը: Այն քաղաքական պատկերը, որ Փաշինյանին հաջողվել էր ստանալ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, այլեւս գոյություն չունի․ հասարակության ճնշող մեծամասնությունը, առնվազն` 65 տոկոսը, դեմ է Փաշինյանին եւ նրա իշխանությանը: Այդ նոր իրողությունն արձանագրվել էր դեռեւս 2023 թվականի Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներով, սակայն Փաշինյանին հաջողվեց տարբեր մանիպուլյացիաներով զավթել Երեւանի քաղաքապետի պաշտոնը եւ լղոզել պատկերը: Նա այլեւս նման բան չի կարող անել: Փաշինյանը եւ նրա թիմն իրավունք չունեն հանդես գալու Հայաստանի եւ հայ հասարակության անունից, քանի որ մերժված են այդ նույն հասարակության կողմից: Ժողովրդավարական երկրներում նման խայտառակությունից հետո իշխանությունը դնում է իր վստահության հարցը, անցկացնելով արտահերթ ընտրություններ, բռնապետություններում ռեժիմն իր գոյությունը երկարաձգելու միջոցներ է հորինում:

Կմնա՞ Փաշինյանը մինչեւ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններ, թե՞ կհեռացվի մինչ այդ` մեծ չափով կախված է նաեւ ընդդիմության վարքագծից: Եթե ընդդիմությունը կարողանա միասնական դիրքորոշում որդեգրել եւ վեր կանգնել անձնական եւ ներխմբային հակասություններից եւ ամբիցիաներից, ապա Հայաստանի ազատագրումը կարելի է կազմակերպել 1-2 ամսվա ընթացքում: Հայ հասարակությունն ուզում է տոնել իր ազատագրումը ՔՊ-ից` այնպես, ինչպես տոնում էին Գյումրու եւ Փարաքարի բնակիչները:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image