Քաղաքական անհաճո դեպքերին հետևելիս ականջիս մեջ կեսդարյա մի ձայն է հնչում, որն ինձ թվում էր՝ վաղուց մոռացված է. «Ախր այգուս միջի ամենագեղեցիկ վարդերը տարան...»։
Գյուղում էինք։ Գող էր մտել ու հարևանի այգուց արմատախիլ արել, տարել վարդի այն հիասքանչ թուփը, որով հմայվում ու շլանում էինք բոլորս, որով մեր հարևանը ո՜նց էր հպարտանում...
Այն ժամանակ այսօրվա նման չէր։ Քիչ կային, կամ գրեթե չկային շքեղ վարդերի տնկիներ։ Չգիտեմ՝ որտեղից էր գտել, որտեղից էր բերել տանտերը։ Բոլորիս այգիներում սովորական վարդեր էին՝ անուշաբույր, համեստ, գյուղական։ Չորացնում էինք թերթիկները, ձմռանը վարդաբույր թեյ խմում ու ամառվա հոտը պահում սրտներումս։
Այս նուրբ պատկերից անցումը կոշտ է լինելու։ Շատ կոշտ։ Բայց պիտի փորձենք միասին թռնել, անցնել այս անկամուրջ գետը․ ուրիշ ելք չկա։
Օրվա քաղաքական իրադարձություններին, ձերբակալություններին, քրեական հետապնդումներին հետևելիս ականջումս նորից նույն լալագին ձայնն է հնչում. «Ախր այգուս միջի ամենագեղեցիկ վարդերը տարան...»։
Կույր չենք։ Տեսնում ենք, որ հերթով ձերբակալվում, թիրախավորվում, վարկաբեկվում են մարդիկ, որոնցով ժամանակին հպարտացել ենք, որոնց գոյությունն ինքնին վստահություն էր ներշնչում, որ այս ազգը դեռ ողնաշար ունի։ Մեր բարեգործները, մեր սրբազանները, մեր հերոսները, մեր արժանավոր հայերը։
Ամենացավալին այն է, որ մենք սկսում ենք սովորել դրան։ Սկսում ենք բնական համարել։ Կարծես դարձել է մեր դժգույն առօրյայի մի մասը՝ ամեն օր մտնել հանրային պարտեզ ու այնտեղից պոկել ամենատեսանելի, ամենասլացիկ, ամենագեղեցիկ ծաղիկը։
Տասնյակ հազարավոր ընտանիքներ են օգտվել նրանց բարեգործությունից։ Տասնյակ հազարավոր մարդիկ են օրհնություն ստացել մեր Սուրբ Եկեղեցու սպասավորներից։ Հազարավոր երիտասարդներ են ոգեշնչվել մեր հերոսների օրինակով։ Բայց այսօր այդ ամենը կարծես արժեք չէ։ Այսօր հանրային կյանքում ավելի հեշտ է պիտակ կպցնել, գործ կարել, քան գլուխ խոնարհել վաստակի առաջ։
Մեկը «դավաճան» է, մյուսը՝ «ահաբեկիչ», երրորդը՝ «լրտես», չորրորդը՝ «նախկին»։ Պիտակները փոխվում են, բայց նպատակը նույնն է մնում՝ հասարակությանը համոզել, թե իր լավագույններին կորցնելը բնական է, նույնիսկ անհրաժեշտ։
Իսկ ես ամեն անգամ հիշում եմ այն դատարկված այգին։ Հիշում եմ հարևանիս աչքերի ցավը։ Որովհետև գողը պարզապես մի թուփ չէր տարել։ Նա տարել էր հպարտություն, գեղեցկություն, հիշողություն, մի փոքրիկ աշխարհ։
Այսօր էլ նույն զգացողությունն է։ Թվում է՝ մեր ընդհանուր այգուց, մեր ազգային պարտեզից, հերթով պոկում ու տանում են լավագույն վարդերը։
Ու ես անընդհատ նույն հարցն եմ տալիս.
Աստված իմ, ե՞րբ է ավարտվելու մեր այգին դատարկելը...