ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական հմտություններ ձեռք բերելու նպատակով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը: «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթում ուսուցչի թափուր տեղը չհամալրելու դեպքում հաջորդ մրցույթին կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը, որն առնվազն 30 կրեդիտ է ստացել մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական հմտությունների մոդուլներով` մասնակցելով համապատասխան դասընթացների:
Մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական հմտություններ ապահովող դասընթացին կարող է մասնակցել այն անձը, որն ունի տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն, բարձրագույն կրթություն եւ տվյալ առարկայի ոլորտի 80 եւ ավելի կրեդիտ, բարձրագույն կրթություն, տվյալ առարկայի ոլորտում 40-79 կրեդիտ եւ հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից հետո կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը մասնակցելու պարտավորություն:
Ըստ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի` կամավոր ատեստավորմանը չմասնակցելը կամ դրական արդյունք չապահովելը հիմք է՝ վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու համար: Վերոնշյալ պարտավորությունն ամրագրվում է ժամկետային աշխատանքային պայմանագրով՝ որպես պարտադիր դրույթ: Մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական հմտություններ ապահովող դասընթացները կազմակերպվում են ըստ համապատասխան մոդուլների՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորված համապատասխան կազմակերպությունների եւ հաստատությունների կողմից: