Մշակույթ

«Հրապարակ». Դատական նիստին ո՛չ ԿԳՄՍ նախարարը, ո՛չ փոխնախարարները չեն ներկայացել 

«Հրապարակ». Դատական նիստին ո՛չ ԿԳՄՍ նախարարը, ո՛չ փոխնախարարները չեն ներկայացել 

«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, նախկին զինվորական, ՆԶՊ առարկայի ուսուցիչ Սեմյոն Բաբայանի հայցադիմումն ընդդեմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ԿԳՄՍ փոխնախարարներ Արաքսիա Սվաջյանի, Կարեն Գիլոյանի, դեռ ամիսներ առաջ դատարանն ընդունել էր վարույթ, բայց միայն օրերս է տեղի ունեցել նախնական դատական նիստը: Հայցվոր Ս. Բաբայանը պատասխանողներից` ԿԳՄՍՆ ներկայացուցիչներից պահանջում է հանրակրթական դպրոցների «Մայրենի» առարկայի 3-րդ, 2-րդ, 5-րդ եւ «Պատմություն» առարկայի 7-րդ դասարանների դասագրքերը շրջանառությունից հետ կանչել:     

Բաբայանն ասում է` ուսուցիչների պատվի, երեխաների ապագայի ու մեր պետության համար է դիմել դատարան։ «Ես դիմել էի դատարան դեռ մեկ տարի առաջ, բայց քանի որ մեր դատարանները շատ զբաղված են, լիքը դատական գործեր կան, ինչպես, օրինակ, 5 հազար դրամանոց վարորդական խախտումները.... սա անընդհատ չէին ընդունում, ես 2 անգամ տվել եմ, բայց վերադարձ են արել, հետո նորից եմ մուտք արել, վարձել եմ փաստաբան, եւ միայն այս տարի են վարույթ ընդունել գործերը»,- ասում է զրուցակիցս ու նշում, որ օրեր առաջ տեղի ունեցած դատական նախանիստերին ո՛չ նախարարն է ներկա եղել, ո՛չ էլ` փոխնախարարները (որոնցից մեկը՝ նախկին)։ «Միայն իրավաբանն էր, այն էլ խնդրեց իրեն չնկարել, քանի որ անեծքի բաժին կդառնար հանրության կողմից»: 

Ինչպես Ս. Բաբայանն է նկատում, այս ընթացքում հանրությունը հիմնականում կենտրոնացել է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» աղմկահարույց դասագրքի վրա, բայց սխալներ ու խեղաթյուրումներ կան նաեւ «Մայրենիի» 3-րդ, 2-րդ, 5-րդ դասարանի դասագրքերում։ «Է՛լ ադրբեջանական դրոշ, է՛լ թուրք հեղինակներ, հայկական ինքնության ճնշում, բուլինգ... ի դեպ, ես գիտեմ դպրոցներ, տնօրեններ, որոնք թույլ չեն տվել, որ այդ դասագրքերը մտնեն դպրոց, եւ ընտրել են այլ հեղինակ,- ասում է Ս. Բաբայանն ու «Մայրենիի» դասագրքից բերում մի օրինակ, որի շուրջ անցած տարի մեծ աղմուկ բարձրացավ։- Մի օրինակ, որի հետ համաձայնեց հենց Ժ. Անդրեասյանը եւ զարմացած նայեց հանրակրթության բլոկին՝ ի դեմս փոխնախարար Սվաջյանի: Խոսքը Ստեփանավանը որպես Ջալալօղլի ներկայացնելն է, ի՞նչ իրավունքով ու նպատակով ենք մենք 7 տարեկան երեխուն ասում, որ Ստեփանավանը կոչվել է նաեւ Ջալալօղլի: Դրա մասին ես ահազանգել եմ թե՛ դատախազությանը, թե՛ ՊՎԾ-ին, դուք երբեւիցե մի թուրք տեսե՞լ եք, որ Ստեփանակերտն անվանի հենց Ստեփանակերտ, 37 տարի ասեցին Խանքենդի, իսկ մենք մեր վճարած հարկերով երեխաներին սովորեցնում ենք, որ եթե հանկարծ ճանապարհն անցնի Ստեփանավանով, ապա պետք է իմանաք, որ այն ունի մեկ այլ անուն եւս` Ջալալօղլի»:    

Բաբայանը ցավով նկատում է, որ դասագրքային խնդիրներն այդքան էլ չեն հուզում մեր հանրությանը, որովհետեւ «կրթվելը նորաձեւ է», որովհետեւ իրենց առօրեական խնդիրների լուծումը, քաղքենիությունը թույլ չեն տալիս դա նկատել, խոսել ու անգամ մտածել դրա մասին: 

Զրուցակիցս նշում է, որ իրենց ՀԿ-ն վերահսկողություն է իրականացրել քաղծառայության մրցույթներում` տարբեր մարմիններում տարբեր նշանակումների մասով. «Եվ նկատել ենք, որ, բացի խախտումներից, ապօրինի նշանակումներից, գերիշխել է պատվերով խամաճիկ մարդկանց նշանակումը կառավարման ոլորտ, որի արդյունքն այսօր մենք տեսնում ենք: Պետական կառավարման մարմիններում չկա պետականամետ մարդ: Ես տարբեր հարցումներով դիմել եմ դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, Հակակոռուպցիոն կոմիտե, Պետական վերահսկողական ծառայություն, մարդու իրավունքների պաշտպանին, անգամ՝ մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին...»: 
Թե կոնկրետ ինչ հարցով է դիմել վերը նշված գերատեսչություններ, պատասխանում է. «Որ եթե հանրակրթության վարչություն ունեն, պետք է բարձրաձայնեն այս խնդիրները թաղապետի, քաղաքապետի եւ նույնիսկ տարածքային կառավարման նախարարի մակարդակով, սակայն բոլորն էլ խուսափել են այս խնդրից, կարծես թե դա վերաբերում է միայն ԿԳՄՍՆ-ին: Բայց, ենթադրենք, ԿԳՄՍՆ-ում նշանակվում է թրքահպատակ նախարար, ինչո՞ւ ենթադրենք, որովհետեւ, դե, իրականում նման բան չկա, եւ կարող ենք ենթադրել, որ շատ հայրենասեր կին է, բայց եթե հանկարծ նշանակվի թրքասեր մեկը, նա պետք է վերահսկվի: Ես բացահայտել եմ մի շարք խախտումներ, այդ թվում` կոռուպցիոն մակարդակի` կախիչի պատմությունից հետո, սակայն ոչ մի պաշտոնանկություն չի հետեւել դրան, դա նշանակում է` ինչպես ԱՆԻՖ-ի դեպքում, այստեղ էլ կան արտոնյալներ կառավարության համար»: 

Ս. Բաբայանի պնդմամբ` իր այս գործունեության համար իրեն անընդհատ խոչընդոտում են եւ հալածում. «Ի դեպ, ֆեյքերի բանակով ձեւավորված մեր հանրային կարծիքը, որպես մեր միակ պրոբլեմ, դարձել է Մերձավանի հալածված ուսուցչուհին, բայց ոչ մի խոսք չասվեց այն երեխաների մասին, որոնք դրա ֆոնին եւ դրա հետեւանքով բուլինգի ենթարկվեցին, մարդիկ անեծքներ են ուղղում այդ երեխաների ուղղությամբ, ընդ որում՝ մենք դեռ չենք պարզաբանել, թե ինչի արդյունք է դա: Ուսուցչուհի Դավթյանի եւ աշակերտների հարաբերություններում առկա է մի քանի գործոն. նախ` գուցե ինքն է թույլ տվել, որ իր հետ այդպես խոսեն, կամ գուցե այնպիսի ապազգային բաներ է ասել, որ երեխաները, ի տարբերություն մեծերի, որոնք մտահոգվում են իրենց աշխատանքը չկորցնելու մասին, բարձրաձայնել են դրա մասին, որ թրքասիրություն է պրոպագանդում, եւ 3-րդ` գուցե երեխաներն իսկապես անդաստիարակ են, բայց եկեք նախ չճնշենք ու չկոտրենք նրանց ես-ը եւ հասկանանք, թե որը որից հետո է եղել, կամ մենք` մեծերս, ինչ անձնական օրինակ ենք իրենց ցույց տալիս. ամբողջ օրը բոլոր հարթակներով, անգամ ամենամեծ տրիբունայից հայհոյանքի խոսքեր ենք լսում, Ազգային ժողովը դարձել է «քֆուրի հարթակ» Արսեն Թորոսյանի ու մյուսների համար: Եթե մենք այդ մարդկանց հրաժարականը չենք պահանջում, քանի որ նրանք նվազագույնը անդաստիարակ են, ուրեմն իրավունք չունենք երեխաներին ասել, որ դուք անդաստիարակ եք»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image