Քաղաքականություն

Նիկոլը, Էրդողանը եւ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը

Նիկոլը, Էրդողանը եւ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը

Փաշինյանը ռեպրեսիվ մեքենային Գյումրու ավագանու ընդդիմադիր թեկնածուների դեմ բռնաճնշումներ սկսելու հրահանգ տվեց միայն լուրջ նախապատրաստական աշխատանքից հետո` ստանալով արեւմտյան երկրների աջակցությունը, հավաստիանալով, որ իր կողմից դրսեւորվող ապօրինությունները չեն արժանանա դատապարտման եւ կոշտ արձագանքի: Բռնաճնշումների նախօրեին Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Թեեւ հայտարարվեց, որ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանը պետքարտուղարին `որպես իր անմիջական վերադասի, ներկայացրել է բանակցային գործընթացները, որոնց արդյունքում համաձայնեցվեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը, սակայն տարածված հաղորդագրության մեջ կար նաեւ մի այսպիսի ձեւակերպում. «Նրանք քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»: Փաշինյանը դրանով ընդգծում էր իր հավատարմությունն ԱՄՆ նոր իշխանություններին՝ հիշեցնելով, որ ինքը նրանց ռազմավարական գործընկերն է, պետք է հասկանալ` ենթական:

Բայց ամենակարեւորը, որ արեց Փաշինյանը, բռնաճնշումներից ընդամենը մեկ օր առաջ իր կողմից վերահսկվող խորհրդարանական մեծամասնությանը հրահանգեց ընդունել օրենք Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին: Այս օրենքը Հայաստանի` ԵՄ-ին միանալու մասին չէ, Փաշինյանը գիտի, որ եթե օրը 4 հատ էլ նման օրենք ընդունեն, Հայաստանը ԵՄ-ին չի միանա: Նա նման օրենք ընդունել տվեց՝ որպես ԵՄ-ից իր վասալային կախվածության առհավատչյա: Փաշինյանը երեւի լսել է, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն իրենց «շան որդիներին» չեն պատժում, ու եթե ինքը բռնաճնշումների գնա ընդդիմադիրների դեմ, ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ ԵՄ երկրներն իր գործողությունները դատապարտող խոսք չեն ասի: Իսկ քանի դեռ այդ երկրները լուռ են, ինքը կարող է պնդել, որ Հայաստանում ժողովրդավարություն է, իսկ քաղաքական ընդդիմախոսներին բռնելը, քրեական շինծու գործեր սարքելը մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության դասական դրսեւորումներ են:

Փաշինյանը երբ իշխանության էր գալիս, իրեն հռչակում էր ժողովրդավարական առաջնորդ, որն իշխանության է գալիս փողոցի եւ ժողովրդի աջակցության շնորհիվ: Նա հայտարարում էր, որ իր համար ընդունելի հեղափոխականի կերպարը Մահաթմա Գանդին է եւ Չէ Գեւարան, բայց իրականում նա անցավ իր սիրելի կումիրի` Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճանապարհը: Միայն այն տարբերությամբ, որ Էրդողանը ժողովրդավարական առաջնորդից բռնապետի վերածվեց 15-20 տարում, Փաշինյանը դա արեց ընդամենը 5-6 տարում: Իշխանության գալուց առաջ Էրդողանն ասել է. «Ժողովրդավարությունը նման է տրամվայի։ Երբ հասնում ես կանգառ, իջնում ես»։ Սա շատ սազական է նաեւ Փաշինյանին. ժողովրդավարությունը նրան պետք էր իշխանության կանգառ հասնելու համար, հիմա նա այլեւս դասական բռնապետ է, որի միակ նպատակը սեփական իշխանությունը պահելն է:

Փաշինյանն իսկապես շատ բան ունի սովորելու իր հոգեւոր հորից` Թուրքիայի ներկայիս ղեկավարից, եւ հանուն ճշմարտության պետք է ընդունել, որ նա ընդունակ աշակերտ է: Երբ Էրդողանը կալանավորում էր իր քաղաքական ընդդիմախոսներին կամ տասնյակ ընտրված ընդդիմադիր քաղաքապետերի` նրանց փոխարինելով իր նշանակովի չինովնիկներով, մեղադրելով ահաբեկչության հովանավորման կամ կոռուպցիայի մեջ, Փաշինյանը դեռ խմբագիր եւ պատգամավոր էր: Ես հիշում եմ, թե 2016 թվականին ինչպես նա հրահանգեց կալանավորել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սալահադին Դեմիրթաշին՝ նրան մեղադրելով ահաբեկչության հետ ունեցած կապի մեջ, եւ խոստացավ, որ նա ազատություն չի ստանա, քանի դեռ ինքը Թուրքիայում իշխանություն ունի: Հիմա էլ Էրդողանը կալանավորել է իր գլխավոր հակառակորդին` Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, միայն այն բանի համար, որ վախենում է նրա հետ ազատ մրցակցությունից: Էրդողանը մտադիր է արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպել, քանի որ օրենքն արգելում է իրեն հերթական ընտրություններին մասնակցել:

Փաշինյանը թեեւ Էրդողանից բավական երիտասարդ է, բայց երբ 2020 թվականից հետո որոշեց բացահայտել, որ Հայաստանը տանում է թուրքացման ճանապարհով, անցավ այդ նույն ճանապարհով` կալանավորելով Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ստիպեց, որ պաշտոններին հրաժեշտ տան Գյումրու, Ալավերդու եւ այլ քաղաքների ընտրված քաղաքապետերը: Հիմա էլ քրեական գործեր է սարքում Գյումրու ավագանու անդամների, նրանց ընտանիքի անդամների, շտաբի պետերի եւ համախոհների նկատմամբ: Սա առնվազն նշանակում է մի բան. Փաշինյանը թույլ չի տալու, որ ընտրություններ տեղի ունենան: Խոսքը ֆորմալ ընտրության մասին չէ, այլ՝ իրական, երբ ընտրողներն ազատ կամարտահայտման միջոցով որոշում են, թե ով է իրենց քաղաքի ավագանին կամ քաղաքապետը: Հաջորդ քայլով նա կարող է կալանավորել ընտրություններում հաղթած թեկնածուներին կամ նրանց կալանավորել մինչեւ ընտրությունները: Արդեն դրա փորձն ունի, մի քանի անգամ մարսել է, մտածում է` ինչո՞ւ այս անգամ չպետք է մարսեմ:
Երբ ես եւ տարբեր մարդիկ ասում են, որ հնարավոր չէ բռնապետին հեռացնել ժողովրդավարական մեթոդներով` այնպիսին, ինչպիսին ընտրություններն են, շատերը հակադարձում են, որ նման մտքերն ընկճում են ընտրողներին, մարդը կորցնում է հավատն ընտրությունների նկատմամբ, ընտրություններին մասնակցելու մոտիվացիան, դրանով օգնում է իշխանությանը` ավելի հեշտ վերարտադրվելու: Բայց դա ամենեւին էլ այդպես չէ, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդն ընտրության է գնում՝ նախեւառաջ իր բողոքն արտահայտելու իշխանության դեմ, եթե նա մտածում է, որ իշխանությունը բռնապետական է, եւ, միեւնույն է` իր քվեն կեղծվելու է, նա էլի գնում է ընտրության, որ իշխանությունը հերթական անգամ գնա կեղծիքի, հերթական անգամ թաթախվի հանցագործության մեջ: Բայց ամեն բանական մարդ հասկանում է, որ եթե նույնիսկ գաղութի բոլոր բանտարկյալները դեմ են գաղութի պետի ապօրինություններին եւ սանձարձակություններին, նրանք ընտրությամբ գաղութի պետ չեն կարող փոխել: Իսկ բռնապետությունը հենց այն է, երբ երկիրը վերածվում է կալանավայրի, իսկ դրա բնակիչները դառնում են իրավազուրկ կալանավորներ:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image