Ինչքան հեռու կարող են գնալ մարդիկ նախընտրական PR-ի համար։ Կանեն ամեն ինչ՝ եթե ամուսնացած են, կարող են բաժանվել, եթե ամուսնացած չեն, ուրեմն կամուսնանան, միայն թե՝ կյանք ու հուզում հաղորդեն ցավից ու զարմանքից անշարժացած, ոչ` կենսաբանորեն, բայց մեռած հանրությանը։ Իսկ հանրությունն այդ ամենին հետևում է իրոք մեռածի դատարկված աչքերով։ Չի զարմանում, չի բարկանում, ոչ էլ ուրախանում է, ասում է՝ արեք ինչ ուզում եք, միայն թե մեզ հանգիստ թողեք, թողե՛ք մեզ մեր ավերակված հոգեվիճակում՝ անշարժ։
Շախմատի դաշտի առջև մարզիկը, ժամանակի սուղ կարիք ունենալով, սկսում է սխալ քայլել, ցեյտնոտը շախմատիստի վատ երազն է։ Ցեյտնոտում ճիշտ քայլեր չեն լինում, իսկ եթե լինում են, դրանք պատահական, ոչ մտածված հաջողություններ են։ Ու հիմա մենք տեսնում ենք այդ սարսափելի ցեյտնոտը իշխանության շարքերում։ Ընդ որում, նրանց հակառակորդները չեն դրսևորում շտապողականություն։
Եկեղեցին, օրինակ, որի դեմ իշխանավորներն անհաշտ ու անհավասար պայքար են սկսել, սառնասիրտ է, դանդաղ է և ժպտադեմ։ Հապճեպ քայլեր չկան, վախ և հուսահատություն չի նկատվում։ Աղոթք է այնտեղ՝ հավատ և համբերություն։
Դանդաղ և անհասկանալիորեն հանգիստ է ընդդիմությունը, ցեյտնոտ չի զգացվում։ Նրանց շախմատային ժամացույցը ցույց է տալիս բավարար ժամանակ՝ ամիսներ, թվում է՝ ունեն և՛ բանակցելու հնարավորություն, և՛ մեկ հայտարարի գալու հավանականություն։ Իսկ իշխանության ներկայացուցիչներն իրենց ամենօրյա ելույթներում և գործողություններում, կարծես, նույն ամիսները չունեն։ Նրանց շախմատային ժամացույցը հասել է կարմիր նշագծին, ու քայլերը հախուռն են, խոսքերը՝ ծայրահեղ և հուսահատ, ընդ որում, ճիշտ կետին ոչ մի կերպ, անգամ պատահաբար, չեն հասնում։
Ծիծաղ է առաջացնում այն, որ սկսել են ակտիվորեն քննարկել ու վերլուծել՝ ամենայն լրջությամբ, թե ինչ է մտածում ընդդիմությունը, ինչ սցենարով է որոշել գնալ ընտրության, Գյումրու սցենարո՞վ արդյոք, թե՞ մի ուրիշ բան։ Այնքան են ջանում ամեն ինչ կանխատեսել ու հերքել, որ նույնիսկ ակամա ծառայություն են մատուցում ընդդիմությանը՝ վերլուծության ընթացքում ի ցույց դնելով իրենց իրական վախերն ու բացահայտում իրենց կողմից հնարավոր հակազդեցությունը։
Ընդդիմությունն այս պայմաններում գուցե կարող է բան չանել, ուղղակի սպասել հերթական վերլուծությանը ու իր համար պարզել, թե ինչ կարող էր անել, որ չի անում, ինչ կարող է լինել, որ իրենք դեռ չեն դիտարկել անգամ։ Ընդդիմությունը սառնասիրտ է, ոչինչից չի զարմանում, շատ բաների անգամ արդեն չի էլ արձագանքում՝ շփոթության մատնելով հակառակորդի ցեյտնոտային ջանքերը։
Տավուշի մարզում լուրջ խառնաշփոթի ժամանակ ասում են՝ «հարսնքահարի տուն է», այսինքն՝ իրավիճակ, երբ շտապում են, բոլորով ինչ-որ բան են անում, մեկմեկու խանգարում են՝ օգնելու նպատակով։ Ահա ամուսնության այս լուրը հիշեցրեց հենց այդ հարսնքահար վիճակը ՔՊ-ում։ Այս մարդիկ իրոք հարսնքահար են, խառնվել են իրար և ուզում են խնամիների առաջ պատշաճ ներկայանալ, պատշաճ՝ նրանց առջև, ովքեր իրենց ընտրել են և նորից գուցե ընտրելու են։
Ցավոք, այս հարսանիքը, այս խրախճանքը կայանում է ժանտախտի ժամանակ։ խնամիները՝ ընտրողները, արդեն երջաիկ չեն, չունեն անվերապահ վստահություն, արդեն գիտեն, թե ինչ կլինի իրենց կյանքում՝ և՛ մեծ հիասթափություն, և՛ մեծ դավաճանություն, կլինի, ցավոք, մեծ ափսոսանք, ու անգամ արդեն եղել է։ Իսկ հարսնքահարների գործողություններն ու մտքերը հուշում են, որ նրանք էլ գիտակցում են՝ հարսանիք են մոգոնել, քանի որ ուզում են թաքցնել ժանտախտի վտանգն ու շուրջբոլորն արդեն տարածված գարշահոտությունը…
Այլաբանությունից իրականության գալով՝ հիշենք, որ այսօր Ավստրիայում պետք է կայանար եպիսկոպոսաց ժողովը՝ ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։ Իրավապահ մարմինների և դատավորի ջանքերով՝ կաթողիկոսը մնաց Հայաստանում՝ քրեական մեղադրանքի տակ, տեղաշարժի իրավունքից զրկված։ Գարեգին Բ-ին մեղադրում են կաթողիկոս լինելու մեջ, իր կողմից նշանակված թեմական առաջնորդին թեմից զրկելու, ապա նաև կարգալույծ անելով՝ դատական որոշմանը խոչընդոտելու փորձի համար։ Մինչդեռ այդ քայլերը շախմատային այս պարտիայում վերագրված են հենց իրեն, միայն իրեն և ուրիշ ոչ մեկին։ Ուրեմն կաթողիկոսը մեղադրվում է կաթողիկոս լինելու համար։
Սա զարմանալի շախմատ է, կողմերն առաջնորդվում են տարբեր խաղերի կանոններով, նրանց համար ոչ միայն ժամանակը միասնական չէ, այլ նաև տարածությունն է տարբեր։ Թեև կա սև և սպիտակ, բայց նրանք խաղում են տարբեր դաշտերում, և խաղում հաղթանակ լինել չի կարող։ Այս խաղում կա քաոս և անորոշություն, որը ոչ մի կերպ հավերժական լինել չի կարող, դա էլ քաոսի անխախտ կանոնն է։ Հաղթանակն ուղղակի քաոսի վերացումն է։
Շարունակելով մեր տրամաբանական այլաբանությունը՝ այս հարսնքահարները խառնվել են իրար, բայց հարսանիքը չունի ոչ հարս, ոչ փեսա, և չկա հուզվելու և ուրախանալու առիթ, կա միայն մի բաղձանք, որ այս ամենը շուտով վերջապես վերջանա, և ամեն խաղ վերագտնի իր իսկական կանոնները։
Չէ՞ որ որևէ մեկը չի մտածի մեկ ու կես հազարամյակ գոյություն ունեցող շախմատ խաղի կանոնները փոխել ու դարձնել դրանք ավելի հարմար՝ խաղացողներին։ Ասենք՝ ինչու չշտկել անարդարությունը, ավելի ուժեղ դարձնել թագավորին, ավելի ճկուն՝ նավակին… Ինչու դա չի կատարվել հարյուրավոր դարերի ընթացքում, չի եղել նման բան, քանի որ դա չէր լինի այլևս շախմատ։ Ահա նույնպես՝ մեկ ու կես հազարամյակից էլ ավելի հին հայ առաքելական եկեղեցու կանոնները փոխել ոչ միայն հնարավոր չէ, այլ նաև անմիտ է։ Բնականաբար, սա քաոս է, երբ ամեն խնդիր թողած՝ արդեն մեկ տարի շարունակ հանրությունը գտնվում է իր էությունն ամփոփող ամենակարևոր խաղից՝ խաղից դուրս վիճակում։
Իսկ քաոսից հետո հարսանիքներ կլինեն, դա կյանքի կանոնն է, մեր դաշտում էլ կլինեն նորմալ, իսկական հարսանիքներ։