Քաղաքականություն

Ձեւական ծափահարություններ` Վազգենի պատգամները չընկալած մարդկանց կողմից

Ձեւական ծափահարություններ` Վազգենի պատգամները չընկալած մարդկանց կողմից

ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենը ԱԺ հերթական նիստում առաջարկել է ծափողջույններով շնորհավորել Սպարապետի ծննդյան օրը, պատգամավորներն էլ հոտնկայս ծափահարել են: Երեւի նաեւ այս դրվագի առումով են Պարույր Սեւակի կողմից գրվել այս բառերը. «Դե, ե՜կ, Վարդապե՛տ, Մի՛ խելագարվիր...» («Անլռելի զանգակատուն»): Բայց հաշվի առնելով, որ պոեմը նվիրված էր Կոմիտաս վարդապետին, Սեւակն ուներ նման «իրավունք»: Սակայն Սիմոնյան Ալենի ժամանակակից հայաստանցիներս չունենք խելագարվելու իրավունք: Որովհետեւ մեր խելագարվելը ձեռնտու է հենց Ալենին, նրան այդ պաշտոնին նշանակող Նիկոլին ու բոլոր նիկոլականներին: Բայց ոչ մի դեպքում բոլոր այն հայաստանցիներին, ովքեր չեն մոռանում ու գնահատում են Վազգեն Սարգսյանի արածը: Ովքեր գիտակցում են, որ թշնամու հետ հնարավոր է հարեւանություն անել միայն այն դեպքում, երբ նրանից ուժեղ ես մարմնով ու հոգով: Իսկ մեր օրերին՝ նաեւ ժամանակակից սպառազինությամբ: Հատկապես երբ այդ թշնամին, առաջին հերթին, թյուրքախոս ադրբեջանցին է:

Դա հենց այն է, ինչը որպես պատգամ ենք ստացել Սպարապետից, սակայն այն չենք պահպանել, դրան հավատարիմ չենք մնացել: Առանց երկար-բարակ մտածելու՝ մեր գլխավերեւում պարզեցինք Սերժին մերժելու կարգախոսն ու վարչապետ կարգեցինք մեկին, որն իր ծննդավայր Ենոքավան գյուղն անգամ ղեկավարելու շնորհք չուներ, ուր մնաց թե թյուրքախոս թուրքերի ու ադրբեջանցիների հարեւանությամբ գտնվող պետությունը: Ու արդյունքում ամեն օր արթնանում ենք, մեր կամքից անկախ, վատ լուրերի սպասումով: «Մենք» ասելով՝ նկատի ունեմ մեզ՝ այն հայաստանցիներին, որոնց համար մեր օրերում առաջնայինը ոչ թե կայֆերն են, որ ապահովում է իշխանական կամ իշխանամերձ լինելը, այլ մտահոգությունը մեր հայրենիքի ճակատագրի, ամեն վաղվա օրվա գալիքի առումով: Ու այդ վիճակում են գտնվում նաեւ կոնկրետ ինձ նմանները, ովքեր փորձում են միշտ մնալ լավատես ու պահպանել դա՝ ինչպիսի հերթական հարված էլ չպատրաստի ճակատագիրը, ի դեմս այն անձի, որը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, ու նրա կամակատարների:

Ի վերջո, մարդկային բնույթի մասին մտածելուց մենք միշտ պետք է հիշենք, որ դեռեւս ուշ միջնադարում (16-17-րդ դարերում) ապրող եւ ստեղծագործող անգլիացին է նշել, որ «Մարդը կարող է ժպտալ, ժպտալ ու սրիկա լինել»: Ու նույն տրամաբանությամբ Սպարապետի կյանքի գործը տապալած իշխանության ներկայացուցիչը կարող է առաջարկել, որ իր նմանները ծափողջույններով շնորհավորեն Սպարապետի ծննդյան օրը: Ու նրանք էլ դա անեն հոտնկայս: Ու նույնիսկ ինչ-որ մտքեր բարձրաձայնեն, որոնք չեն ընկալում եւ որոնց հետեւորդ չեն ու դժվար թե եղած լինեին մինչեւ պաշտոններին տիրանալը: Այդ ամենը գիտակցելով՝ մեզ անհրաժեշտ է ոչ թե խելագարվել, այլ բոլոր հնարավոր միջոցներով շողուլի բերել մեր երկիրը: Իսկ այնուհետեւ կրկին կյանքի կոչել Սպարապետ Վազգեն Սարգսյանի իղձերը: Այն, ինչն իր կենդանության օրոք կյանքի էր կոչվել հենց իր ու իր նմանների կողմից: Իսկ ԱԺ-ում ծափահարողների մեծամասնությանը մնում է ձեւական ծափահարելը՝ թող դա իրենք անեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image