Հարցազրույց

«Հրապարակ»․ 2 ժամանոց խոսակցության կրճատ տարբերակն է հրապարակվել` 1 ժամ 5 րոպեն

«Հրապարակ»․ 2 ժամանոց խոսակցության կրճատ տարբերակն է հրապարակվել` 1 ժամ 5 րոպեն

Շվեյցարիայի հայությունն ուշքի չի գալիս շոկից: 6 օր անց շվեյցարահայերը դատապարտեցին Նիկոլ Փաշինյանի` հունվարի 24-ին Ցյուրիխում հնչեցրած հայտարարությունները, թեպետ «դատապարտել» բայը տեքստում չկա։ Շվեյցարիայի հայկական եւ հայամետ միությունների խորհուրդը (CAAS) «խոր մտահոգություն» է արտահայտել` նշելով, որ Փաշինյանի հայտարարությունները համարում է վիճահարույց, ցեղասպանության հիշատակը վարկաբեկող, եւ դրանք «օրինաչափ հարցեր են առաջացնում մարդկության դեմ այս հանցագործության ամբողջական ըմբռնման եւ դրա միջազգային ճանաչման Հայաստանի կառավարության հանձնառության վերաբերյալ»:

«Ցեղասպանության ճանաչմանն ուղղված պայքարը վեր է քաղաքական բաժանումներից եւ համընդհանուր արդարություն է հետապնդում: Եթե ՀՀ կառավարությունը շարունակի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից, CAAS-ի, ընդհանրապես` սփյուռքի եւ այս գործի բոլոր դաշնակիցների պարտականությունը կլինի անդադար շարունակել այս պատմական պայքարը»,- ասված է հայտարարության մեջ։ Այնուամենայնիվ, հարց է ծագում, թե ինչու շվեյցարահայերը չառարկեցին Փաշինյանին` հենց տեղում, հանդիպման ընթացքում նրանք լուռ էին կամ քաղաքավարի ժպիտով քննադատում էին նրան` դանդաղ աշխատելու, բյուրոկրատական քաշքշուկների համար։ Չառարկեցին անգամ, երբ Փաշինյանը դիվային հարցադրումներ արեց․ «Պետք է հասկանանք, լավ՝ ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ է տեղի ունեցել, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ո՞նց է, որ 1950-ին հայտնվել է»։ Մի քանի հարց ուղղեցինք «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանին, որը հրավիրված է եղել հանդիպմանը, սակայն չի կարողացել ներկայանալ։ Նա երկքաղաքացիություն ունի։ 

- Ի՞նչ քննարկում է ծավալվել, մարդիկ` Հայաստանում եւ Շվեյցարիայում, տարբեր կե՞րպ են գնահատում կատարվածը։

- Ես չգիտեմ, թե արդյո՞ք տարբեր են Հայաստանում եւ սփյուռքում առաջացած զգացումները։ Վստահ եմ, որ մեր հայտարարությունից կարող եք հասկանալ, թե ընդհանրապես ինչ շփոթմունք, ինչ անվստահություն է, ինչ զարմանք են ստեղծել վարչապետի հայտարարությունները։ Ես եւս հրավիրված էի, բայց տեխնիկական պատճառներով չկարողացա ներկա գտնվել։ Եթե լինեի, վստահ եղեք, որ անդրադարձը տարբեր կլիներ։ Այդ անձինք, որոնք ներկա էին, որոշ լրատվամիջոցների կողմից, չգիտեմ ինչու, ոչ այդքան կոռեկտ ձեւով նկարագրվեցին իբրեւ ամբաստանյալ անձնավորություններ։ Բայց նրանց թվում կան մարդիկ, որոնք ջերմ եւ սերտորեն համագործակցել են առաջին հերթին ինձ հետ, Շվեյցարիայի մեջ ամենատարբեր մակարդակներում՝ համայնքային, կանտոնալ (նահանգային) եւ, ամենակարեւորը` ֆեդերալ մակարդակով՝ ցեղասպանությունն ընդունել տալու հարցում, ես սա ուզում եմ շեշտել։ Զարմանք եւ ապշածություն առաջացրին վարչապետի խոսքերը եւ ոչ միայն նրա խոսքերը, այլեւ շատ ուրիշ կետեր, որոնց մասին կարելի էր վիճել այդ 1 ժամ 5 րոպե տեւած տեսանյութի մեջ։ Այդ տեսանյութը 2 ժամանոց խոսակցության կրճատ տարբերակն է, որն ընդհանրապես սխալ էր հրապարակելը։ Եվ այդ սխալը ոչ թե համայնքից եկավ, այլ հենց վարչապետից։ Ինքը որոշեց գնալ այդ քայլին, հրապարակել։ Ես չեմ կարծում, որ դա խոհեմ քայլ էր, մանավանդ, որ ոմանք հստակորեն հասկացել էին, որ այն, ինչ պետք է խոսվեր, մնալու էր 4 պատի մեջ։

- Վարչապետի խոսքից ավելի մեծ զարմանք Հայաստանում առաջացրեց այն, որ ներկաները չէին առարկում նրան։ Ինչո՞ւ էին մարդիկ լուռ։

- Այո, շատերը չեն հասկացել դա։ Ինձ համար էլ, եթե ես լրագրող լինեի, նույն զարմանքը պետք է առաջացներ, թե ոնց կարելի է լռել այդ տեսակ խայտառակության առջեւ։ Ես ձեզ նկարագրում եմ իմ անձնական զգացողությունը։ Ես՝ ինքս, շոկ կապրեի։ Ինձ համար Հայաստանը կա ու կմնա պետականության միակ միջազգային սուբյեկտը, որը կարող է ներկայացնել եւ պաշտպանել մեր շահերը միջազգային ատյաններում։ Այս տեսակ հարցադրումը, երբ որ դուք կասկածի տակ եք դնում, թե ով, ինչու ցեղասպանության ճանաչումն առաջ մղեց, նշանակում է, որ հետո արդեն դուք դնելու եք հարցականի տակ ցեղասպանության՝ չեմ ուզում ասել իրողությունը, այլ՝ պատճառները։ Ես եթե ներկա լինեի, առաջին հերթին սա չպիտի հասկանայի եւ առավել չպետք է հասկանայի, թե ինչու սա հրապարակվեց։ Իսկ հիմա կարող եմ հասկանալ, թե ինչու հրապարակվեց։

- Եվ ինչո՞ւ։

- Որովհետեւ սփյուռքում, հենց Շվեյցարիայում, ամենակարեւորը ճանաչումն է, կարող եմ ասել՝ տեղի է ունեցել մի քանի ինստիտուցիոնալ մակարդակներում՝ համայնքային, կանտոնալ եւ ֆեդերալ, նաեւ ցեղասպանության ժխտողականությունը դատապարտվեց եւ հետապնդվում է քրեորեն։ Եվ այս տեսակ հայտարարություն անելը՝ ոնց որ դուք զոքանչի հետ խոսեք, որ հարսը հասկանա։ Զոքանչը մենք ենք, հարսն էլ դուք եք։ Այսինքն, ոնց որ հարթակ ստեղծվի, ասվի՝ նայեցեք, Հայաստանի ժողովուրդ, նույնիսկ սփյուռքի սրտում, ուր որ կարեւորագույն ճանաչումը տեղի ունեցավ, ես այդ համարձակությունն ունեցա՝ խնդիրը հասանելի դարձնելու, եւ ոչ մեկն ինձ չպատասխանեց։ Եվ մենք` իբրեւ Շվեյցարիո հայկական կազմակերպությունների եւ հայամետ կազմակերպությունների խորհուրդ, ուզեցինք արձագանքել եւ հստակեցնել, որ մենք այս տեսակ մոտեցումը ոչ միայն վտանգավոր ենք տեսնում։ Դրա համար ուզում ենք հարցնել վարչապետին` ո՞նց եղավ, որ էս տեսակ հարցադրում ընդհանրապես ծագեց իր մտքի մեջ, եւ ես վստահ եմ, որ սա մեկ օրում չեղավ։

- Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, Փաշինյանը հիմա բարձրացնում ցեղասպանության թեման։

- Սա տեղի ունեցավ, քանի որ նա ուզում է շոյել առաջին հերթին Թուրքիային, հետո՝ Ադրբեջանին, իբրեւ թե, որպեսզի Հայաստանի տերիտորիալ սուվերենության խախտման ռիսկերը, որոնք առկա են, կարողանա կանխել։ Բայց ո՞վ ասաց, որ դա կանխեց։ Ընդհակառակը՝ նա ճիշտ հակառակ ռեակցիա մեջտեղ բերեց։ Նույնիսկ պատմաբաններ՝ Հայաստանում, ստիպված եղան իրենց արդարացնելու․ ավելի սխալ մոտեցում պատմաբանների կողմից չէր կարող լինել։ Ոնց որ ես գիտական իմ բոլոր աշխատանքը ստիպված լինեմ հարցականի տակ դնել, եւս մեկ անգամ պատճառաբանեմ, հասկացնեմ, թե ինչու եմ արել։

- Արտաքուստ Փաշինյանն ընդամենը հարցեր է դնում՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ։

- Իհարկե, մենք պետք է ինքներս մեզ հարցեր տանք՝ ավելին իմանալու համար, բայց ոչ հիմնական խնդիրը հարցականի տակ դնելու համար։ Այսօ՞ր է, որ մենք արթնացանք՝ ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ 1939 թվի լռությո՞ւնն է, երբ ստալինյան զանգվածային սպանություններն էին տեղի ունենում, որ նմուշ պետք է տա մեզ մտածելու, թե ինչու այն ժամանակ չեղավ, այլ հետո եղավ։ Իսկ ո՞վ ասաց, որ հետո միմիայն եղավ։ Բոլորը մոռացան, հա՞, թե հենց առաջին օրվանից ով, ինչպես արձագանքեց Հայոց ցեղասպանությանը։ Ես կարող եմ հիմա միջազգային արձագանքների ցուցակը հանել՝ սկսած նույն թուրքերի 1919 թվականի դատավարություններից, վերջացրած եկեղեցու տեսանկյունով։ Մենք էսքան էժանացե՞լ ենք, որ սրան արժանի լինենք։ Չեմ կարծում։ Այստեղ երկու խնդիր կա՝ կա՛մ անգիտության պատճառով բխեցին այս եզրահանգումները, կա՛մ դիտավորյալ։ Որն է իրականությունը՝ չգիտեմ։ Գուցե՝ երկուսն էլ։

- Հայաստանում կա կարծիք, որ այսկերպ Փաշինյանը փորձում է Մոսկվային ուղղել սլաքները՝ ակնարկելով, որ ցեղասպանության մասին խոսելը կոմունիստական քարոզչության մասն էր եւ ծագեց 50 թվականին։

- 1950 թվականին Ստալինը դեռ ողջ էր, հետագայում` 55 թվականից հետո, Մալենկովը, Խրուշչովը սկսեցին խոսել ստալինյան մաքրումների մասին։ Բայց դա չէ խնդիրը։ Մենք կրկին մնացինք ռուսի հետ բախումից կախվա՞ծ։ Դա՞ էր թիրախը։ Ամենակարեւորն այն էր, որ մենք կարողացանք ունիվերսալացնել ցեղասպանության իրողությունը, եւ շատ առաջ, երբ ռուսական կամ խորհրդային միջնորդություն դեռ չկար, երբ որ Ռաֆայել Լեմկինը ցեղասպանության գիտական սահմանումը տվեց 1944-ին` իր գրքի մեջ, եւ հետո՝ 1948-ին, ՄԱԿ-ի կոնվենցիայի միջոցով վճիռը սահմանեց, ելնելով այն իրականությունից, որը հայերն ապրեցին, քանի որ ինքը Թալեաթի սպանության դատավճռին ներկա էր։ Եվ ինքն այդ ամբողջ դասերը քաղեց՝ ստեղծելով իր հրապարակախոսությունը եւ տրամաբանությունը։ Դրանից հետո արդեն այն, ինչ տեղի էր ունեցել հայերի դեմ, կատարելագործվեց Հիտլերի կողմից։ Այս ամենը հայտարարությամբ կասկածի տակ դնելն այնքան անիմաստ է, որ նույնիսկ Ձեր ասած թիրախը՝ սլաքները դեպի Մոսկվա, բոլորովին անիմաստ եմ համարում։ Դա՝ ոնց որ փորձեք մեծ օվկիանոսը դատարկել գդալով։ Դա անհնար բան է։

- Հանդիպումն ո՞վ էր կազմակերպել, ո՞վ էր հյուրերի ընտրությունը կատարել:

- Դեսպանությունը։ Հավաստիացնում եմ, որ բոլոր կազմակերպությունների ղեկավարները հրավիրված էին։ Ձեզ ասեմ, սակայն, 2 անգամ հանդիպման ժամը փոխվել է, եւ սա հաշվի առնելով` շատերը չկարողացան մասնակցել, ինչպեսեւ՝ ես։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image