Փետրվարի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին։
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն. «Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են կանանց իրավունքների պաշտպանությանը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացին, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ատելության խոսքի և կրոնական ազատությունների հետ կապված խնդիրներին, «Հավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծին, իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին և այլն։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը՝ որպես կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման կարևոր քայլ։ Պաշտպանն ընդգծել է կրթական բարեփոխումների կարևորությունը՝ բռնությունն ու անհավասարությունը վերարտադրող կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից, անդրադարձել է նաև տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ ՄԻՊ աշխատակազմի իրականացրած աշխատանքները: Անահիտ Մանասյանը կարևորել է նաև «Հավասարության և խտրականությունից պաշտպանության ապահովման մասին» օրենքի նախագծի ընդունումը, ըստ որի՝ հավասարության և խտրականությունից պաշտպանության ապահովման համար պատասխանատու մարմնի գործառույթները պետք է վերապահվեն Մարդու իրավունքների պաշտպանին։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը»։ Ինչպես նկատեցիք Մանասյանն ամեն ինչ արել է, որ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացնի, որ Հայաստանում ամենակարեւոր խնդիրը կանանց, երեխաների իրավունքների հարցն է, ատելության խոսքը եւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Իսկ այն, որ քաղբանտարկյալ հոգեւորականներ ունենք, խոսքի համար բանտում գտնվողներ, եկեղեցու դեմ արշավող իշխանություն, բռնարար ոստիկաններ, թաքցրել է:
Փաստաբան, իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ՄԻՊ Անահիտ Մասյանի մատնանշած խնդիրների մասին, ասաց. «Անկեղծ ասած, ինձ այս պատկերը չզարմացրեց, ինչու, որովհետև քաղաքական բանտարկյալների հարցը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ տեղի ունեցող քայլերը ոչ Մարդու իրավունքների պաշտպանին են հետաքրքրում, ոչ էլ եվրոպական կառույցներին: Այս ամենը բացարձակ զարմանալի չէ: Եթե մարդիկ եկեղեցու դեմ տեղի ունեցողին անվանում են հիբրիդային չգիտես ինչի արդյունք, ՄԻՊ-ը եկեղեցուն եւ պետությանը կոչ էր արել երկուստեք չմիջամտել միմյանց գործերին, այսինքն` նա հավասարության նշան է դնում այդ երկուսի միջև: Ես բնականաբար դատապարտում եմ ՄԻՊ-ի այս գործելաոճը, սակայն զարմացած չեմ նրա դիրքորոշումից: Իրականում այնքան շատ բացեր կան, որոնց մասին կարելի է խոսել, օրինակ` դատական իշխանությունների նկատմամբ միջամտություն` գործադիրի կողմից: Ակնհայտ է, որ անկախ դատական համակարգի դեֆիցիտ է նկատվում Հայաստանում, ինչը իրավական պետության սկզբունքի պարագայում փաստում է այն մասին, որ Հայաստանում որևէ իրավունք չի պահպանվում: Կան բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ և մարդիկ, ովքեր ակնհայտ հետապնդվում են քաղաքական շարժառիթներով` տարբեր կերպ: Ի վերջո` Հայաստանում առկա է խոսքի ազատության ճգնաժամ: Քաղաքական հալածանքների մեծամասնության հիմքում հենց խոսքն է: Հայ առաքելական եկեղեցին շարունակում է ենթարկվել ճնշումների, իսկ ոստիկանները շարունակում են խոշտանգումների ենթարկել քաղաքացիներին, մի խոսքով` այնքան խնդիրներ կան, որոնց մասին պետք է խոսել: Այնպես չէ, որ ես ստորադասում եմ կանանց կամ այլ խավերի իրավունքները, սակայն պետք է տարանջատել առաջնահերթությունները, իսկ ՄԻՊ-ը պարտավոր է տեսնել, թե ինչ է կատարվում Հայաստանում»: