Քաղաքականություն

«Մեր ձևով»-ի ձիով քայլը

«Մեր ձևով»-ի ձիով քայլը

Նախորդ օրը Սամվել Կարապետյանին հարգեցի ոչ միայն որպես հաջողակ գործարարի ու բարերարի, այլ մեկ այլ տեսանկյունից՝ որպես ձիով քայլ անողի: Դա նրա հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ու ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրվելն էր: Մինչ այդ բոլորը և հատկապես Նիկոլենք խոսում էին, որ ինքը, որպես երկքաղաքացի, առաջադրվելու իրավունք չունի: Բայց արի ու տես, որ սահմանադրական դրույթներից մեկը տալիս էր նման գործընթաց սկսելու հնարավորություն: Ու դա չէր արձանագրվել ո՛չ նախկինների և ո՛չ էլ Նիկոլենց կողմից: Իսկ իրենց իրավաբանները դա գտան ու շատ լուրջ շախ հայտարարեցին գործող իշխանությանը: Ենթադրում եմ, թե ով է գլխի գցել իրենց, բայց դա այդքան էլ էական չէ: Կարևորը թիմային աշխատանքն է, ու այն տվել է իր արդյունքը: 
Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե դրան ինչ կարող է պատասխանել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Բացի, իհարկե, երկրի հիմնական օրենքը խախտելու վերաբերյալ՝ նրա շրջապատի բողոքելուց: Որովհետև ով-ով, բայց իրենք այդ թեմայի առումով խոսելու իրավունք բացարձակ չունեն: Վերջին 8 տարում երկրի Սահմանադրությունն այնքան ու այն աստիճանի լրջորեն է խախտվել, որ նույնիսկ դժվար է պատկերացնելը: Այնինչ, իրականում ոչ մի դրույթ էլ չի խախտվում, քանի որ ամեն ինչ տեղավորվում է գործող Սահմանադրության կարգավորումներում: Չեմ բացառում, որ մինչև հունիս Նիկոլի «ուսապարկերը» կվերացնեն այդ «բացթողումը», բայց դրանից ոչինչ չի փոխվում. դրա չեղարկումն ընդամենը տեխնիկական խնդիր կլինի: Հաշվի առնելով հայաստանցիների ատելությունը իշխանության նկատմամբ՝ պետք է գիտակցեն, որ դա չի փրկի իրենց: Հատկապես որ իրենց դիմացը ոչ թե բյուջեն «լափած» նախկիններն են, այլ իրենց պատկերացրած թշնամի Ռուսաստանում հարստություն կուտակած մեր հայրենակիցը: Մեկն ասի՝ բյուջեն նախկիննե՞րն են լափել, թե՞ իրենք են այսօր լափում...

Կարող են, իհարկե, հետևել մոլդովական «ժողովրդավարական» փորձին՝ արգելեն նորաստեղծ կուսակցության մասնակցությունն ԱԺ ընտրությանը: Հատկապես որ դրա համար ստացել են ժողովրդավարական» ԵՄ-ի «դաբրոն» 15 միլիոն եվրոյի տեսքով: Բայց վստահ եմ, որ այդ առումով ևս «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում պատասխան ունեն նախապատրաստած: Նիկոլենց կողմից օրենսդրություն խախտելու դեմ պատասխանն էլ կլինի ձիով երկրորդ քայլը: Նիկոլն, իհարկե, կարող է հրամայել, որպեսզի Սամվել Կարապետյանին վերադարձնեն բանտ: Բայց դա շատ ավելի է բարձրացնելու վերջինիս հեղինակությունը: Եվ ավելի հաստատակամ է դարձնելու Նիկոլից ու նրա իշխանությունից ազատվելու՝ մարդկանց ցանկությունն ու մտադրությունը: Ու Նիկոլն էլ ստիպված կլինի ընդունել, որ իր կողմից բազմիցս բարձրաձայնված՝ հեղափոխություն անելու իրավունք ժողովուրդն իսկապես ունի:

Կարծում եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում նախապատրաստած ունեն նաև գործող իշխանության կողմից ընտրախախտումներ անելու դեպքում ադեկվատ պատասխանի իրենց տարբերակը: Որովհետև պարտվելու դեպքում Նիկոլը վստահաբար դիմելու է ընտրողի քվեն կեղծելու գործընթացին՝ եթե այլ տարբերակ չունենա: Ու այդ ժամանակ կմոռանա, որ բազմիցս խոստացել է կտրել սեփական ձեռքը (թե՞ ձեռքերը)՝ եթե դիմի այդ քայլին: Բայց մենք հիշում ենք, չէ՞, որ Նիկոլը սովորություն ունի ինչ-որ բան խոստանալ ու խախտել այն: Ինչի վկաներն ենք մենք բոլորս: Այնպես որ դրա վրա հիմնվել չի կարելի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image