Քաղաքականություն

Սառեցված հարաբերություններ

Սառեցված հարաբերություններ

Եթե փորձենք մի բառով բնութագրել Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը, ապա ամենահամապատասխանող բառը կլինի «սառեցված»-ը: Հայաստանը սառեցված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, խոսքը միայն ՀԱՊԿ անդամության սառեցման մասին չէ, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եւս սառեցված են, Հայաստանը եւ Ռուսաստանը պաշտոնական մակարդակով շփվում են չափազանց սառը, մի քանի ամիսը մեկ կարող է ինչ-որ հեռախոսազրույց լինել: Բելառուսի հետ հարաբերությունները եւս սառեցված են, քանի դեռ այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է` այդպես է որոշել Նիկոլ Փաշինյանը: Կամ` քանի դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, սա ավելի հավանական տարբերակ է: 

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները եւս սառեցված են, բացի Փաշինյանի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսի սառած դեմքով լուսանկարից, այլ հարաբերություն գոյություն չունի: Համենայնդեպս՝ հրապարակային դաշտում, իսկ քաղաքականությունը մեծ մասամբ հրապարակային գործունեություն է: Սառեցված են Հայաստան-Իրան հարաբերությունները` Փաշինյանը խոստովանեց, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները վերաբերում են բացառապես զբոսաշրջությանը եւ առեւտրին: Պետությունների մակարդակով որեւէ նոր ծրագիր, որեւէ նոր նախաձեռնություն, պայմանագիր, զորավարժություն եւ այլն, գոյություն չունի:

Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները եւս սառեցված են, որեւէ հարցում որեւէ առաջընթաց չկա: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի հաջողվում, տրանսպորտային ենթակառուցվածքները չեն ապաշրջափակվում, նույնիսկ նախկինում առկա ուղիղ շփումներ այլեւս տեղի չեն ունենում, կողմերն իրար ասելու բան չունեն, Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց պահանջները ներկայացնում են բաց եւ հրապարակային` ցինիզմի հասնող թեզեր շրջանառելով: Թուրքիայի հետ հարաբերություններում եւս առաջընթաց չկա, որքան էլ Փաշինյանը կամ նրա ենթակաները խոսեն զգուշավոր կամ ոչ զգուշավոր լավատեսության մասին. ո՛չ հայ-թուրքական սահմանն է բացվել, ո՛չ տեսանելի ապագայում կբացվի, ո՛չ էլ դիվանագիտական հաստատված հարաբերություններ կան: Հայ-թուրքական հարաբերությունների միակ արդյունքը Փաշինյանի աշխատասենյակի պատից Արարատի նկարի հեռացումն է եւ Հայոց ցեղասպանության հրապարակային ուրացումը: Հա՝ մեկ էլ այն, որ թուրքերը Փաշինյանին ու Միրզոյանին որքան հնարավոր է՝ ստորացրին ու երբ տեսան, որ էլ տեղ չկա, հիմա հետները նույնիսկ չեն էլ շփվում: Լրագրողների խումբ են ուղարկում` Հայաստանի հաշվին, որ գան, Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց անեն, եւ այդ ստորացումն ավելի ակնառու դառնա:

Հարեւան Վրաստանի հետ եւս հարաբերությունները շատ սառն են. Վրաստանը դադարեցրել է ԵՄ-ին անդամակցության հետ կապված բանակցությունները` առնվազն մինչեւ 2028 թվականը, հասկացնելով, որ չի պատրաստվում Եվրոպայի հրահանգով կործանել իր պետականությունը, մինչդեռ Փաշինյանը ճիշտ հակառակ դիրքորոշումն ունի: Քաղաքական դիրքորոշման եւ կողմնորոշման նման կտրուկ հակադրությունը չի կարող չազդել երկու երկրների հարաբերությունների վրա: Մինչեւ վերջերս միակ ակտիվ շփումը ԵՄ-ի հետ էր, Հայաստանի խորհրդարանում պատգամավոր աշխատողները Փաշինյանի հրահանգով առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցին Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, բայց որպեսզի նախագիծն օրենք դառնար, պետք է ընդունվեր երկրորդ ընթերցմամբ, եւ գործընթացը սառեցվեց, ու հայտնի չէ, թե երբ կմտնի ԱԺ օրակարգ: Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը, հետեւաբար՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները եւս սառեցված են: Փաշինյանին ասացին, որ եթե ուզում ես Եվրոպա հարս գալ, պետք է նախկին ամուսնուդ նկատմամբ ոչ թե սառը վերաբերմունք դրսեւորես, այլ՝ պաշտոնապես բաժանվես: Փաշինյանն էլ մտածում է, որ կարող է վերջում անմարդ մնալ՝ հա՛մ Ռուսաստանից բաժանվի, հա՛մ էլ խաբեն` Եվրոպա հարս չտանեն: 

Նման իրավիճակի պատճառը Փաշինյանի իրականացրած արտաքին քաղաքականությունն է, եթե, իհարկե, այն կարելի է քաղաքականություն համարել, որովհետեւ իրավիճակի պատճառը քաղաքականության բացակայությունն է: Եթե նախկինում Հայաստանը վարում էր փոխլրացման քաղաքականություն, որի իմաստն այն էր, որ պետք է Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններն իրար լրացնեն, եւ այդ քաղաքականության հակառակորդներն ասում էին, որ հնարավոր չէ միաժամանակ նստել երկու աթոռի վրա, պետք է ընտրություն կատարել երկուսի միջեւ, հիմա Փաշինյանի քաղաքականության արդյունքում Հայաստանը մնացել է ոտքի վրա կանգնած, չկա որեւէ աթոռ, որի վրա հնարավոր լինի նստել: Սա շատ նման է այն խաղին, որ աթոռները մեկ հատով պակաս են, քան դրա շուրջ պտտվողները, եւ ով հասցնում է, նստում է, իսկ ով չի հասցնում, դուրս է մնում խաղից: Հիմա Փաշինյանի հմուտ եւ իմաստուն արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնացել միջազգային հարաբերություններից, նա այդ հարաբերությունների կողմ կամ մասնակից չէ: 

Հիշո՞ւմ եք, որ երբ Փաշինյանը նոր էր բռնազավթել իշխանությունը, եւ նրա առաջին մեծ գործերից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործն էր ու նրա կալանավորումը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով դրան, հայտարարեց, որ Հայաստանում թեժ իրավիճակ է, իսկ Փաշինյանը նրան ծաղրում էր, թեւով սրբում ճակատի քրտինքն ու ասում` հա, էս ամառ իրոք թեժ է: Հիմա Փաշինյանի գործունեությունը հանգեցրել է նրան, որ, անկախ տարվա եղանակից, Հայաստանի հարաբերություններն իր բոլոր նախկին գործընկերների եւ հարեւանների հետ զրոյից ցածր են` սառեցված:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image