«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վերջին տարիներին տարբեր համայնքային ընտրություններում իրականացրել է ընտրությունների դիտարկում, մոնիտորինգ, դիտորդություն (Վաղարշապատ, Գյումրի): Մեծ թվով ընտրակեղծիքներ, ընտրախախտումներ, ընտրատեղամասերի մոտ կուտակումներ և կրկնակի քվեարկության դեպքեր են արձանագրել։ Առաքելությունը պարբերաբար հանդես է գալիս մամուլի ասուլիսներով, տեսանյութեր է հրապարակում՝ ներկայացնելով այդ խախտումների մասին զեկույցներ։
Մենք հետաքրքրվեցինք` առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Հայաքվեն» դիտորդական առաքելություն իրականացնելո՞ւ է: «Հայաքվեի» անդամ Արամ Պետրոսյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, որոշում չունենք վերջնական։ Հատուկ մեր մասով օրենք ընդունեցին, Ազգային ժողովում «Հայաքվե» ասելով ման էին գալիս, իրենց Մանավազյանն ասում էր՝ պատկերացնո՞ւմ եք, բացում եք «Հայաքվեի» էջը, գրած է՝ կանխել Հայաստանի կապիտուլացիան, թե էդտեղ ինչն էր զարմանալի` չգիտես։ Նախապատրաստական, պատրաստական աշխատանքներ ենք տանում, երբ վերջնական որոշումներ ունենում ենք` ասուլիս ենք տալիս։ Մեր ուժերն ենք գնահատում, այնպես չէ, որ պարապ նստած ենք, ձեւաչափը ինչ ֆորմատով կլինի չեմ կարող ասել»,-ասաց Պետրոսյանը։ Խոսքը քաղաքական չեզոքության պահանջն է դիտորդներից` նման օրենսդրական փոփոխություն արեցին, որ «Հայաքվեն» կամ քաղաքական տեսակետ հայտնած այլ հանրային միավորներ չկարողանան դիտորդ աշխատել ընտրությունների ժամանակ: Սակայն իշխանություններին ամեն կերպ պաշտպանող Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը շարունակելու են դիտորդությունը` նրանց այդ օրենքը չի վերաբերվում:
Ըստ մեր զրուցակցի՝ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում․ «8 տարի չէին բարձրացնում թոշակները, եկավ վերջին օրը բարձրացրին, տեսե՞լ եք Կենտրոնում մայթ ու փողոց չկա, որ չեն վերանորոգում, նույնը՝ համերգների մասով։ Իր ավել- պակաս խոսելու հետ կապված (նկատի ունի՝ շուն ու շանգյալ արտահայտությունը), մեր վարչության մի քանի անդամներ հաղորդում են ներկայացրել, ես էլ արդեն հայց եմ պատրաստել, որպեսզի դիմեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի վարույթ հարուցեն։ Այդ մարդը չի գիտակցում, որ հայ ժողովրդի վարչապետն է, ի՞նչ անենք` իր կրթությամբ էլ զբաղվե՞նք, պետք է հեռացնել իրեն, պրծնել»։