Մշակույթ

«Հրապարակ». Հիշում եմ՝ ադրբեջանցիներին բերում էին հայերի գյուղերը,  հայերը ստիպված լքում էին իրենց գյուղերը

«Հրապարակ». Հիշում եմ՝ ադրբեջանցիներին բերում էին հայերի գյուղերը,  հայերը ստիպված լքում էին իրենց գյուղերը

«Հրապարակի» զրուցակիցն ամերիկաբնակ դերասանուհի Գայանե Ասլամազյանն է:

- Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմն արդեն մեկ ամիս է՝ հայտարարում են, որ Հայաստանն աննախադեպ պատմական փուլ է մտել եւ վերջապես մոտեցել իրական ինքնիշխանությանն ու խաղաղությանը: Ըստ Ձեզ՝ Հայաստանն իսկապե՞ս այդքան լավ վիճակում է, թե՞ իրականությունն այլ է….

- Հայաստանն իսկապես պատմական կարեւոր փուլում է։ Այդ ամենից զատ, Նիկոլի բոլոր հայտարարությունները մոլորեցնող են։ Վստահաբար, ինչ-որ ժամանակ խաղաղություն կլինի, քանզի իրենց պետք է այս թրքամետ, հայատյաց բռնապետը որպես երկրի ղեկավար։ Բայց ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ մեր երկիրը զինաթափում են, իսկ նրանք շարունակում են զինվել։ Շարունակում են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հռետորաբանությունը։ Վերջին տարիներին Ադրբեջանում պաշտոնապես շրջանառվում էր եւ, ինչը կարեւոր է, շարունակում է շրջանառվել «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունը, որով Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանցիների հայրենիքի մի մաս»։ Ստեղծվել է նույնիսկ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» անունով կազմակերպություն, որը շարունակում է անձնագրեր բաժանել ադրբեջանցիներին՝ նշելով մեր տարածքները։ Նրանց նպատակը Հայաստանի տարածքների նկատմամբ քաղաքական եւ պատմական հավակնությունների հաստատումն է։ Պատմության մեջ երբեւէ չի եղել, որ թույլը հաղթի։ Հաղթանակը միշտ ուժեղին է պատկանում։ Այն թեզը, որ տարիներ շարունակ սերմանվել է, թե ինչ էլ լինի, եկեք ընդունենք, որ չենք պարտվել, պարզապես զզվելի է։ Արդյո՞ք առյուծի բերանում լինելով կարելի է մտածել, որ խաղաղ ես եւ ապահով։ 

- Մի քանի օր առաջ Բակո Սահակյանի ծննդյան օրն էր…նա եւ մեր մյուս գերիները խոշտանգվում են Բաքվի բանտում եւ դատարանում։ Հնարավո՞ր է խաղաղություն առանց ռազմագերիների վերադարձի եւ արցախցիների իրավունքների վերականգնման:

- Պատմությունը չունի օրինակներ նման անհեթեթ խաղաղության։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը… Հավատացեք, անգամ գերիների վերադարձը չի նշանակի խաղաղ ապագա։ Երբ ասում ենք «Ադրբեջան», բնականաբար գիտենք, որ Թուրքիան է թիկունքում։ Իսկ Թուրքիան ոչ միայն հայերի նկատմամբ է իրականացրել իր այդ ծրագիրը, այլ նաեւ այլ ազգերի նկատմամբ։ Հարցրեք հույներին կամ ասորիներին՝ արդյո՞ք թուրքի խաղաղությանը կարելի է հավատալ։ 

- Ընդդիմադիրների, նրանց քայլերի մասին ի՞նչ կարծիք ունեք: Արդյո՞ք նրանք Փաշինյանին համարժեք են գործում:

- Ես չեմ կարծում, որ մենք ունենք իրական ընդդիմություն։ Այո, ունենք անհատներ, որոնց քայլերն ապացուցում են ընդդիմության ապիկարությունը կամ էլ լուռ համաձայնությունը Նիկոլի քաղաքականության հետ։ Որովհետեւ արդեն յոթ տարի է՝ նրանք այդպես էլ չկարողացան կողք դնել իրենց անհամաձայնությունները եւ միավորվել՝ Նիկոլի պես չարիքը հեռացնելու գաղափարի շուրջ։ Իսկ նա դա օգտագործում է։ Նրա ամեն օրը, իբրեւ ղեկավար, տանում է Հայաստանը դեպի էլ ավելի անհայտ եւ մութ ապագա։ 

- Վերջերս Ձեր խաղընկերներից Ռիչարդ Մադլենյանն էր անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ հայտարարել էր, որ չի հասկանում՝ ինչու մենք թշնամացանք, չէ՞ որ «մենք եղբայրական ժողովուրդներ ենք», ասել էր, որ հայերը ժամանակին գնում էին Զեյնաբ Խանլարովայի համերգին, լսում էին ադրբեջանական երաժշտություն: Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներն ինչո՞ւ են նման գաղափարներ գեներացնում՝ Ըստ Ձեզ:

- Ես չեմ կարող ասել, թե ինչու են Ռիչարդը կամ մյուսները նման մտքեր բարձրաձայնում։ Բայց կարող եմ նշել, որ երեւի մենք միշտ տարբեր իրականության մեջ ենք ապրել։ Իմ իրականության մեջ դեռեւս սովետական ժամանակաշրջանում ադրբեջանցիներին բերում էին հայերի գյուղերը, տեղավորում հայերի տներում, իսկ հայերը ստիպված լքում էին իրենց գյուղերը։ Հետո եղան Բաքվի ու Սումգայիթի ջարդերը, հետո՝ պատերազմը։ Եվ իմ շրջապատում մարդ չի եղել, որ լսեր ադրբեջանական երաժշտություն կամ էլ նրանց եղբայր համարեր։

- Սփյուռքում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, հայերն ինչպե՞ս են վերաբերվում Փաշինյան-Ալիեւ-Թրամփ շփումներին:

- Մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, եւ ես չեմ կարող ասել, թե հիմնականում ինչպես են մտածում։ Բնականաբար, ապրելով ԱՄՆ-ում, վստահում ես այստեղի ղեկավարներին։ Բայց Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականության շնորհիվ, այդ հանդիպումից հետո Ադրբեջանի ղեկավարն ԱՄՆ լրատվամիջոցներին տված հարցազրույցում բազմիցս նշեց, թե որքան ստեր են տարածվել Ադրբեջանի մասին։ Նա շեշտեց, որ տարիներ շարունակ Ադրբեջանը ներկայացվել է որպես ագրեսոր, մինչդեռ իրականում զոհն է եղել Հայաստանի սուտ քաղաքականության։ Բազմիցս նշեց, թե որքան անարդար են վարվել իր երկրի հետ՝ սահմանափակումներ կիրառելով։ Եվ նրանք հասան այն նպատակին, որին տարիներ շարունակ ձգտում էին՝ Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր։ Այս ամենը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ թշնամապաշտ ղեկավարության կառուցած քաղաքականությունը չի կարող բերել խաղաղություն։ Երբ պետության ղեկավարությունը գործում է թշնամու ձեռնտու տրամաբանությամբ, արդյունքում վտանգվում է ոչ միայն ներկան, այլեւ Հայաստանի ապագան։ Իսկ ապագան կախված է նրանից, թե մենք որքանով կկարողանանք գիտակցել իրականությունը եւ միավորվել ազգային, աուտենտիկ արժեքների եւ գաղափարախոսության շուրջ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image