Քաղաքականություն

Հետընտրական զարգացումների մասին

Հետընտրական զարգացումների մասին

Հետընտրական զարգացումներ կամ սրացումներ ասելով՝ մենք պատկերացնում ենք փողոց դուրս եկած ընդդիմության գործողությունները: Ընդդիմությունը չի ընդունում ընտրության արդյունքները, հայտարարում է, որ դրանք կեղծված են, եւ դուրս է գալիս փողոց՝ արդարությունը վերականգնելու: Մենք այդպիսի զարգացումների ականատես ենք եղել 1996-ին, 2008-ին, 2013-ին: 2008-ի եւ 2013-ի սրացումները, եթե հիշում եք, ավարտվեցին ընդդիմություն-իշխանություն «երկխոսությամբ»: Մի քանի անգամ հանդիպեցին, ընդդիմության լիդերի այց տեղի ունեցավ նախագահի նստավայր, եւ հետընտրական զարգացումները դրանով ավարտվեցին: 1996-ի զարգացումներն էլ, երեւի, այդպես կավարտվեին, եթե չլինեին ներիշխանական «բանավեճը» եւ, իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանի խելացի որոշումը՝ հրաժարական տալ:

Այս թեմային անդրադառնալուս պատճառը, կարծում եմ, հասկանալի է բոլորիդ: Այո, 2026թ. ԱԺ ընտրություններից հետո սպասվում են հետընտրական զարգացումներ: Դրանք անպայման կլինեն, եւ, պատկերացրեք, կապ չունի, թե ով կհաղթի ընտրություններում: Բացառված չէ, որ ՔՊ-ն եւ ընդդիմությունը փողոցում հայտնվեն միաժամանակ եւ միեւնույն կարգախոսով՝ «ընտրությունները կեղծված են»: ՔՊ-ն ու հակակոռուպցիոնը կհայտարարեն, որ ընդդիմությունը մարդկանց շանտաժի է ենթարկել, ուղղորդել, կաշառել, եւ այդ պատճառով հնարավոր չի եղել 90 տոկոս ապահովել, ընդդիմությունն էլ կհայտարարի, որ իշխանություն-հակակոռուպցիոն դաշինքն է մարդկանց շանտաժի ենթարկել, կաշառել, վախեցրել եւ կեղծել ընտրությունները: Ահա, այսպիսի զավեշտալի զարգացումներ են հնարավոր, ահա, այսպիսի զավեշտալի վիճակում են ՔՊ-ն եւ ընդդիմությունը՝ արդեն այսօր:

Վանաձորում՝ Մամիկոն Ասլանյանի, իսկ Գյումրիում Վարդան Ղուկասյանի հաղթանակից հետո մենք ականատես եղանք իշխանության սանձազերծած հետընտրական զարգացումներին, որոնք ավարտվեցին ՔՊ-ին հաղթած համայնքապետերի բանտարկությամբ: Մամիկոն Ասլանյանը դեռ չէր հասցրել դուրս գալ բանտից, որ բանտում հայտնվեց Վարդան Ղուկասյանը: Այստեղ Փարաքարի պատմությունը չանեմ՝ իր տան բակում ոչ-ՔՊ-ական համայնքապետ սպանվեց, գործը դեռ քննվում է: Իսկ ի՞նչ ասել Վաղարշապատ խոշորացված համայնքում ՔՊ-ի սանձազերծած հետընտրական պրոցեսի մասին, ի՞նչ է ուզում անել այնտեղ ՔՊ-ն, չէ՞ որ հաղթել է, ընդդիմությունն էլ առանձնապես չբողոքարկեց այդ հաղթանակը: Հավանաբար, ՔՊ-ն գոհ չէ ընտրության արդյունքներից, կուզենար ավելի համոզիչ հաղթանակ տանել, համայնքապետարանում ընդդիմության փոխարեն մանկլավիկներ ունենալ: Իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, որ այս հետընտրական զարգացումն ամենեւին էլ վաղարշապատցիների ձեռքի գործը չէ: Իրենք բավարարված են իրենց կատարած ընտրությամբ, բայց հետընտրական գործընթացը, այնուամենայնիվ, սկսվեց: Հրահանգը, բնականաբար, Երեւանից է եղել: Այստեղ այլ կարծիք չի կարող լինել: Ինչ-որ մեկին, վերեւում նստած, դուր չի եկել Վաղարշապատում ընդդիմության արձանագրած արդյունքը, չնայած որ դա նաեւ այդ համայնքում իր քաղաքական ուժի՝ այս տարիների պահվածքի ու աշխատանքի գնահատականն էր: Այդ ինչ-որ մեկը կարող էր հանգիստ վեր ընկնել տեղը, ի վերջո՝ հաղթել էին, բայց՝ ոչ, նա կիսահաղթանակներ չի ընդունում: Մնացածը ձեզ հայտնի է՝ ընդդիմադիրների եւ նրանց համախոհների ձերբակալություններ ընտրակեղծարարության ամենախայտառակ «մեղադրանքներով»:

Ի՞նչ է սպասվում 2026թ. ԱԺ ընտրություններից հետո: Հետընտրական զարգացումներ անպայման կլինեն: Թե որ ճամբարից դրանք կմեկնարկեն՝ կախված է ընտրության արդյունքներից: Թե՛ ՔՊ-ն եւ թե՛ ընդդիմությունը չեն հաշտվելու կիսահաղթանակների հետ: Ես չեմ պատկերացնում, թե ինչ «ջախջախիչ» հաղթանակ պետք է տանի ՔՊ-ն, որ իրավապահներին, ներողություն արտահայտությանս համար, «քսի չտա» ընդդիմության վրա: Երեւի՝ 100 տոկոսանոց արդյունքի դեպքում միայն կհանգստանան: Դե, եթե մինչ այս «իրենց ուժերով» 70 տոկոս են հավաքել, ապա 100 տոկոսն ի՞նչ է, որ չհավաքեն Էրդողանի, Ալիեւի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի աջակցությամբ: Եվ աստված չանի՝ չկարողանան արդարացնել իրենց «տերերի» բարձր վստահությունը: Ամեն ինչ կխառնեն իրար՝ ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ ընտրող, ի՞նչ ընտրություն, ի՞նչ օրենք… Անգամ կչեղարկեն ընտրությունները, եթե արդյունքներն իրենց սրտով չլինեն:

Ի՞նչ է մնում ընդդիմությանն անել, որ բանը չհասնի ՔՊ-ական իշխանության հետընտրական հիստերիային: Երկու ճանապարհ կա: Առաջին՝ չմասնակցել ընտրություններին, եւ երկրորդ՝ ջախջախիչ հաղթանակ տանել, ուղղակի՝ անհամարժեք հաղթանակ: Առաջին ճանապարհի ընտրությունը կախված է ընդդիմությունից: Կարող են պայմանավորվել եւ չմասնակցել ընտրություններին: Դժվարը երկրորդն է: ՔՊ-ին ջախջախել կարելի է միայն ժողովրդի հետ ու ժողովրդի քվեով: Ոչ մի «քոռ» քվե ՔՊ-ին, ոչ մի «քոռ» քվե Էրդողանին ու Ալիեւին, ՔՊ-ին պաշտպանող ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, ոչ մի «քոռ» քվե ՔՊ-ի մատների վրա խաղացվող ՌԴ-ին, վերջապես՝ ոչ մի «քոռ» քվե ՔՊ-ի սատելիտ ուժերին: Սա է ՔՊ-ի ջախջախիչ պարտության բանաձեւը: Կարո՞ղ ենք՝ չգիտեմ, բայց պարտավոր ենք: Այլապես հետընտրական զարգացումներից չենք խուսափելու:

ՔՊ-ի ջախջախումը կարելի է սկսել հենց այսօրվանից: Վարչապետի «թմբուկները» սոցցանցերում սկսել են ընտրարշավը, ծանուցումներ ու գովազդներ է, որ անում են իրենց PR-ի համար, ցուցակներում իրենց ներգրավվածության մասին եռանիշ թվեր է, որ հրապարակում են՝ ես այսինչ տեղում եմ, ես՝ այնինչ: Ուղղորդելը, ընտրողին զոռով ընտրատեղամաս բերելն էլ ի՞նչ ձեւով են լինում: Սա օրենքի խախտում է, իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ժամանակավրեպ միմոսությունը ՀՀ եւ Հայոց բանակի դրոշների ֆոնին՝ իսկական խայտառակություն: Ոչ մի «քոռ» քվե այն ցուցակին, որտեղ կլինեն Սուրեն Պապիկյանի ու մյուս շառլատանների անունները, ոչ մի «քոռ» քվե այս դատարկ թմբուկների առաջնորդ դատարկ դհոլին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image