Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, ըստ Vestnik Kavkaza պարբերականում հրապարակված հոդվածի՝ կարելի է համարել «մշակութային հեղափոխության» իրականացում։ «Մշակութային հեղափոխություն» տերմինը թե՛ ռուսական, թե՛ արտասահմանյան պատմագրության մեջ ասոցացվում է հասարակության հոգեւոր եւ բարոյական զարգացման արմատական փոփոխության հետ։ Այն հաճախ ուղեկցվում է ռեպրեսիաներով, որոնք ուղղված են որոշակի սոցիալական խմբերի դեմ։ Հայաստանում, մեծ հաշվով, հիմա կարծես թե փորձ է արվում՝ նման մի բան իրականացնել։ Հիշեցնենք, որ Խորհրդային Միությունում «մշակութային հեղափոխություն» իրականացվել է 1920-30-ական թթ․, Չինաստանում՝ 1966-76 թթ․։ Նմանատիպ երեւույթներ եղել են նաեւ Իրանում եւ Հյուսիսային Կորեայում։
Ու հիմա Փաշինյանի սկսած հակաեկեղեցական արշավը տեղավորվում է այդ «մշակութային հեղափոխության» տրամաբանության մեջ։ Ավելին, պատահական չէ, որ, որպես թիրախ, ընտրվել է Առաքելական եկեղեցին, քանի որ 1991 թվականին Հայաստանի անկախացումից ի վեր՝ բանակն ու եկեղեցին են առավել մեծ հեղինակություն ունեցել հայաստանյան հասարակության մեջ։ Կառավարությունները, դատական իշխանությունը, նախագահները, խորհրդարանը, վարչապետները մշտապես քննադատվել են հայկական մամուլում, հայաստանյան հանրային քաղաքական դիսկուրսում եղել են թիրախներ, մինչդեռ բանակի ու եկեղեցու հարցում մշտապես հանրային վստահության մեծ կրեդիտ է եղել։ Ու հիմա՝ իշխանության ղեկին գտնվող Փաշինյանի համար, հատկապես այս հետպատերազմական վիճակում, երբ բանակը 44-օրյա պատերազմում պարտությունից հետո դեռ ուշքի չի եկել, հիմնական խնդիրը եկեղեցին է, որը կարող է դառնալ իր իշխանության դեմ դիմադրության օջախ, խանգարել այն պլանների իրականացմանը, որն իր առաջ դրել է Հայաստանի գործող ղեկավարը։ Եթե ավելի խորանանք Vestnik Kavkaza պարբերականի վերլուծականի տրամաբանության մեջ՝ Առաքելական եկեղեցին Հայաստանի «վերաֆորմատավորման» ճանապարհին մնացած վերջին պատնեշն է։ Հատկապես որ Առաքելական եկեղեցին առանձնապես չի ձգտում լինել Հայաստանի ներկայիս իշխող վարչակազմի կողքին եւ ավելի շատ իրեն դիրքավորում է, առնվազն, ոչ իշխանական ճամբարում։ Փաշինյանը դա լավ գիտի, ու առաջիկա ընտրություններն էլ եթե աչքի առաջ ունենանք, ապա պարզ կդառնա այն մոտիվացիան, որով պայմանավորված՝ նման ջանասիրությամբ նա լծվել է եկեղեցու դեմ արշավին։