2025 թվականը մոտենում է ավարտին: Ինչպիսի՞ տարի էր այն մարդու իրավունքների տեսանկյունից: Իշխանությունները պնդում են, որ Հայաստանում ժողովրդավարական կարգեր են գործում, որ չկան քաղաքական հետապնդումներ, երկակի ստանդարտներ, անարդարություն եւ սոցիալական անհավասարություն: Իսկ ի՞նչ պատկեր ունենք իրականում` քաղաքական շահերով պայմանավորված գնահատականներից անդին: Այս մասին զրուցեցինք իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետ:
- Ինչպիսի՞ տարի էր 2025 թվականը, ըստ Ձեզ, մարդու իրավունքների տեսանկյունից: Օրինակ` իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ցավում է, երբ անցյալի լուսանկարները նայելիս հիշում է, թե ինչպես էր քաղհասարակությունը նախագահականի դիմաց պայքարում Փաշինյանի խոսքի ազատության համար, սակայն այժմ նույն Փաշինյանն է պայքարում ազատ խոսքի դեմ: Ժողովրդավարության առումով 2025-ին նկատեցի՞ք դրական միտումներ:
- Թեման շատ նուրբ է ու ծավալուն: Պետք է բաղդատել, թե առանձին-առանձին որ ոլորտում ինչ է կատարվել, սակայն եթե հարցին նայում ենք ընդհանուր` գլոբալ առումով, առաջընթացի մասին խոսք չի կարող լինել: Հասարակության գիտակցության մեջ այս տարի ճնշումներն ավելացան: Մարդու իրավունքների ազատությունների շրջանակներում ամրագրված կոնվենցիոն իրավունքներից` քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներ, ինչպես նաեւ սահմանադրական իրավունքներ, որոնք մարդու կյանքի անձեռնմխելիությանն են վերաբերում, ազատություններին` անձնական ընտանեկան կյանքին, ինչպես նաեւ գաղտնիության պահպանման սկզբունքներին: Այն տագնապը, որ առաջացել է 2025 թվականին, բավականին մտահոգիչ է: Տարածված է մարդու անձնական, ընտանեկան դրվագների հանրայնացումը, դրանց շրջանակներում մարդկանց թիրախավորելը, գաղտնալսումների հրապարակումներն առաջացնում են համընդհանուր մթնոլորտ, որպեսզի բոլորը բոլորի հանդեպ կասկածով լցվեն: Մարդիկ այնտեղ, որտեղ գոնե իրենց հանգիստ պետք է զգային, այս ամենը տեսնելով՝ դարձել են բավականին մտահոգ ու անհանգիստ: Սրանք այն բազային խնդիրներն են, որոնք առաջացնում են անապահովության խնդիր` երկրի ներսում:
- Գաղտնալսումներ, տեսաձայնագրություններ․ սրանք նո՞ր երեւույթ են:
- Գաղտնալսումները` չէ, միշտ են եղել: Ես հիշում եմ, որ իմ ակտիվիստական ժամանակներում զգում էի գաղտնալսման ամբողջական բեռն ինձ վրա: Այն, ինչ խոսում էի, փորձում էին վերահսկել: Ակցիաներից առաջ, պարզվում էր, որ իմացել են այդ մասին եւ վերահսկում են իրավիճակը, սակայն այսպիսի մասշտաբային, սոցցանցային արշավները կրում են անհատական թիրախավորման բնույթ: Անձանց նկատմամբ ինչ-որ փակ, գաղտնի գործողություններ են կատարվում, մարդկանց վախեցնում են տարբեր քայլերով եւ այլն: Այս իրավիճակները մարդկանց դարձնում են խիստ խոցելի: Իսկ խոցելիությունը մեկը մյուսին չվստահելու, մեկը մյուսի մեջ լրտես գտնելու եւ նման երեւույթներ է առաջացնում, ինչը հանգեցնում է նրան, որ մարդիկ ուղղակի սկսում են իրար չվստահել: Այժմ ոչ թե ռադիկալ անվստահությունը պետություն-մարդ հարաբերություններում է, այլեւ կա հորիզոնական անվստահություն. ենթադրենք` ինչո՞ւ է այս մարդը ներխուժել իմ կյանք, ի՞նչ նպատակով եւ այլն….
- Այս բոլորը դիտարկելով, ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է 2026-ը մարդու իրավունքների տեսանկյունից լինի ավելի նպաստավոր, թե՞ ոչ:
- Այսպիսի հոգեբանական ներգործությունները բարդացնում են իրավիճակը, եւ դժվար է ասելը, որ իրավիճակը կարող է փոխվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ տարի նախընտրական տարի է, իսկ նախընտրական գործընթացները արատները խորացնելու հակում ունեն: Նախընտրական պրոցեսը թույլ է տալիս տարբեր խմբերի գործել վտանգավոր, պատերազմական գործիքներով: Այսօրվա մեթոդները նրա համար են, որ վաղը որոշ մեթոդներ լեգիտիմացված լինեն: