Ճանապարհային քարտեզները լինում են մի քանի տեսակ, որոնցից հիմնականը երկուսն են՝ ինչ-որ տեղ տանող, հասցնող եւ ոչ մի տեղ չտանող, չհասցնող: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ով է տվյալ ճանապարհային քարտեզի հեղինակը եւ ինչ նպատակներ է հետապնդում: Նորմալ ճանապարհային քարտեզները, որոնք ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, տանում են, սովորաբար կազմում ու հաստատում է մի քանի հոգի՝ մասնագետների խումբ, խորհուրդ, կազմակերպություն: Ոչ մի տեղ չտանող քարտեզի հեղինակը սովորաբար լինում է 1 մարդ կամ նրա հետ ասոցացվող մի խմբակ, որ այդ մարդու հետ ունի նույն տեսակետը, մտածում է այդ մարդու նման եւ իրավունք չունի անգամ մեկ սանտիմետր շեղվել այդ մարդու կարծիքից:
Ի՞նչ է ճանապարհային քարտեզը: Դա քայլերի հաջորդականությունն է, որ մեզ Ա կետից հասցնում է Բ կետը: Եթե այդ ճանապարհն ուղիղ է, անխոչընդոտ, ինչպես «Զանգեզուրի միջանցքը», ապա քարտեզն էլ շատ պարզ է լինում՝ միագիծ: Այլ հարց է, որ Ա կետից Բ կետ հասնելու համար պետք է գնաս ա, բ, գ, դ հանգրվաններով: Այստեղ արդեն խելք է պետք, մասնագիտական հաշվարկներ: Խնդիրն ավելի է բարդանում, երբ քո հետեւից ժողովուրդ է գալիս, մի ամբողջ հասարակություն՝ իր տարաբնույթ խավերով:
Մեզանում, արդեն 8 տարի, ճանապարհային քարտեզների հարցով զբաղվում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը (այսուհետ՝ վարչապետ): Նրան սատարող խմբակի մասին կլռեմ, որովհետեւ ոչնչի չեն խառնվում, չեն միջամտում, կարծիք չունեն: Հովհաննես Թումանյանն է լավ ասել՝ «բերանները կապած սարի անասուն»: Որ վարչապետն ասի՝ այս ճամփով ենք գնում, նրանք քանի՞ գլուխ ունեն, որ ուրիշ ճամփով գնան: Ցավոք սրտի, սակայն, այդ վարչապետի բոլոր ճանապարհային քարտեզները կա՛մ սկսվում ու ավարտվում են Ա կետում, կա՛մ ավարտվում են մի տեղ, որն ավելի վատ է, քան Ա կետը: Տարընթերցում չկա՝ խոսքը վարչապետի բոլոր ճանապարհային քարտեզների մասին է, որոնք նա երբեւէ առաջարկել է մեր ժողովրդին:
Հիշենք նրա ամենավաղ շրջանի ճանապարհային քարտեզներից մի քանիսը: Օրինակ, կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհային քարտեզը… Վիրուսը պատառաքաղով բռնում ենք, գցում բերաններս, վրայից օղին խմում… Այդպես էլ արեցինք եւ արդյունքում ունեցանք 10 հազար զոհ: Հաջորդիվ կոչ արեց իր քարտեզով շրջափակել դատարանները: Խմբակից ոչ ոք չասաց՝ դու հո էշ չե՞ս, ժողովրդավար երկիր ենք, օրենքի երկիր, էս ի՞նչ ես անում: Իր արեւին՝ դատավորների վեթինգ էր անում… Արդյունքում ի՞նչ ստացանք՝ ավելի շատ վնգստացող դատավորներ, Սահմանադրական դատարանի փոխարեն՝ սահմանադրական խայտառակություն, վարչապետի հրահանգով կալանք տվող դատավորներ, չափուսահմանները կորցրած դատախազներ ու քննիչներ: Այսօր մեր բանտերում ավելի շատ անմեղ մարդիկ կան, քան իշխանության մեջ… Համամիտ չե՞ք:
Հետո եկավ 2020 թվականը: Ալիեւն իր ճանապարհային քարտեզով աստիճանաբար մոտենում էր Արցախի հարցի «լուծմանը»: Մենք վարչապետին հարց տվեցինք՝ ի՞նչ ես մտածում, պատերազմի վտանգ կա, ի՞նչ ես բանակցում: Թե բա՝ դա ձեր գործը չի, ինչ պետք ա, այն էլ բանակցում եմ, բանակցում եմ իմ 0-ական կետից, Արցախն էլ Հայաստան է, եւ վերջ: Դա Արցախի հարցի լուծման նրա ճանապարհային քարտեզի Ա կետն էր, որից հետո մենք այդպես էլ Բ կետ չհասանք: Չհասնելը ջհանդամ, բայց ավելի վատ տեղում հայտնվեցինք՝ թե՛ Արցախի անվտանգության գոտին տվեցինք, թե՛ Արցախը, թե՛ 5 հազար զոհ, թե՛ Հայաստանից տարածքներ: Այսօր Հայաստանի վարչապետը, քանի որ կան Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, սեփական երկրում տեղաշարժվելու լուրջ դժվարություններ ունի: Կիրանց գնալու համար պետք է շատ զգույշ լինի, որ հանկարծ չհայտնվի «ադրբեջանական տարածքում», Գորիսից Կապան գնալու համար պետք սարուձորով գնա, որովհետեւ հիմնական ճանապարհն էլ է տվել, Մեղրի-Ագարակում, եթե ոտքը սայթաքի, ու պատահաբար հայտնվի «Զանգեզուրի միջանցքի» վրա, Ալիեւն անմիջապես աղմուկ կբարձրացնի, կգանգատվի Թրամփին… Մի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ճանապարհային քարտեզն էլ բանի պետք չէր: Դրա արդյունքում ունենք ոչ լեգիտիմ վարչապետ, վարչապետ, որ սեփական երկրում ազատ տեղաշարժի հնարավորությունից է անգամ զրկված:
44-օրյա պատերազմից հետո բոլորը պահանջեցին վարչապետի հրաժարականը: Բոլորը՝ Եկեղեցին, Գիտությունների ազգային ակադեմիան, Համալսարանը, ընդդիմությունը եւ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն նա գնաց ԱԺ եւ հայտարարեց, որ մի լավ ճանապարհային քարտեզ է մտածել՝ երկիրը 6 ամսում ոտքի կանգնեցնելու: Մենք էլ էշ-էշ հավատացինք ու ընկանք հետեւից, որ մեզ այս նոր Ա կետից հասցնի Բ կետը: Ճանապարհին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը ոտքի կանգնեց ու դիմեց ժողովրդին՝ էդ ո՞ւմ հետեւից եք գնում, նա, ախր, մեր երկրի անվտանգության թիվ 1 սպառնալիքն է: Ականջ չդրինք: Ավելի ճիշտ՝ ՀՀ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, արեւմտյան դիվանագիտական հաստատությունները մեջ ընկան, թե ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի արածը «հեղաշրջման փորձ է», իսկ հեղաշրջումը վատ բան է: Կարելի էր մտածել՝ իրենց արածը հեղաշրջում չէր, երբ իշխանության էին բերում տվյալ վարչապետին: Ինչեւէ… Արդյունքում երկիրը ոչ միայն դուրս չեկավ ճգնաժամից, այլ խրվեց նոր ճգնաժամի մեջ: Խոսքը 2021թ. ընտրությունների մասին է, որին վարչապետը մասնակցում էր ի պաշտոնե՝ ունենալով թե՛ վերոթվարկյալների աջակցությունը, թե՛ պետական բոլոր լծակները: Բայց եկեք նրա 2021թ. խոստումները հիշենք՝ Արցախի հարցը պետք է լուծեր, արցախցիների իրավունքները պաշտպաներ, օկուպանտներին դուրս շպրտեր Հայաստանից, տնտեսությունը զարգացներ… Ոչ մի կետ այս ճանապարհային քարտեզից չի իրականացրել: Ավելին՝ միայն հետընթաց կա․ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, մոռացավ արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքի մասին, պետական պարտքն ավելացրեց 8 միլիարդով, փողերն էլ ինչ արեց՝ ոչ ոք չգիտի: Հա, մի ճանապարհային քարտեզ էլ Քոչարյան Անդոյին էր տվել, որ սա էդ քարտեզով ուսումնասիրի 44-օրյա պատերազմի հանգամանքները եւ արդարացնի իրեն: Քոչարյան Անդոն գրեց ու գրեց, ջնջեց ու ջնջեց… Բան չստացվեց: Զեկույցը պահել են 7 փականքի հետեւում, ասել է՝ դեռ Ա կետում են:
Ինչո՞ւ այսքան բան գրեցի: Ուրեմն, մեր «հունարով» վարչապետը նոր ճանապարհային քարտեզ է դրել շրջանառության մեջ, որի վերնագիրն իսկ ստիպում է զգուշանալ. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ՝ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո»:Սա, իմ կարծիքով, արդեն իսկ տապալված ճանապարհային քարտեզ է: Այն չափազանց նման է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի քարտեզին, որով մեզ ցույց էր տրվում, թե ինչ պետք է լինի մետրոյի նոր կայարան բացելուց հետո: Եվ ես հիմա վարչապետին հարց ունեմ՝ դու գիտե՞ս, թե երբ է հեռանալու կաթողիկոսը: Բա որ չգիտես, ինչո՞ւ է քեզ թվում, որ կարող ես մատիցդ ծծած մի գրառում հրապարակել եւ դեռ անունն էլ դնել ճանապարհային քարտեզ: Դու գիտե՞ս, թե ես քանի ճանապարհային քարտեզ ունեմ ձեռքիս տակ, որոնք ցույց են տալիս, թե ինչ պետք է անել քո հոտը Հայաստանից կտրելուց հետո: Բայց ես չեմ հրապարակում, որովհետեւ այդ քարտեզի շատ քայլեր իմ իրավասությունից ու հնարավորություններից վեր են:
Բայց դուք մի հատ սրա վարչապետական «կոնդակի» առաջին կետը կարդացեք: Ասում է. «Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ»։ Դարձյալ գործ ունենք տապալման հստակ նախանշանի հետ: Ոչի՞նչ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ամենայն հայոց կաթողիկոսին «Հայաստանյայց» ինչ-որ վարչապետի ասելով հեռացնելու որեւէ մեխանիզմ չունի: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչ է` վնգստացող հլու-հնազանդ դատավո՞ր է, որ վարչապետի ասածն անի:
«Կոնդակի» մյուս կետերին չեմ անդրադառնա: Իբր թե այնպես պետք է անի, որ եկեղեցականները ձեւակերպվեն աշխատանքի, հարկեր վճարեն իրենց աշխատավարձից եւ, ըստ այդմ` նաեւ օգտվեն առողջապահական ապահովագրությունից: Եթե վարչապետ չլիներ, կասեի՝ գլխիդ կպնի այդ հոգեւոր մարդասիրությունդ: Բայց քանի որ վարչապետ է, առաջարկում եմ խաչ քաշել ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրված իրավունքների վրա, կառավարության կառուցվածքում ավելացնել հոգեւոր գործերի նախարարություն, նախարարին էլ համատեղության կարգով նշանակել կաթողիկոս: