Քաղաքականություն

Փաշինյանի դեմ պայքարն ընտրությամբ չի ավարտվել

Փաշինյանի դեմ պայքարն ընտրությամբ չի ավարտվել

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ անցկացված ընտրությունները չեն կարող համարվել ազատ և արդար, քանի որ, նրա գնահատմամբ, դրանք տեղի են ունեցել անհավասար պայմաններում։ Նա պնդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իրականացրել է ապօրինի իշխանազավթում։

Ղազարյանը հիշեցրել է, որ նախընտրական ողջ ժամանակահատվածում գործարար Սամվել Կարապետյանը գտնվել է կալանքի տակ և հնարավորություն չի ունեցել լիարժեք շփվել ընտրողների հետ։ Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ևս բախվել են տարբեր ճնշումների և սահմանափակումների։

Քաղաքական գործիչը նշել է, որ տեղի ունեցածի հետ իրենք չեն կարող համակերպվել և շարունակում են պնդել, որ տեղի է ունեցել իշխանության ապօրինի յուրացում։

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի կողմից մանդատները չվերցնելու վերաբերյալ հնչող հայտարարություններին՝ Ղազարյանը կարծիք է հայտնել, որ նման քայլը որևէ լուրջ խնդիր չի ստեղծի իշխանության համար։ Նրա համոզմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնիսկ այդ դեպքում կշարունակի աշխատել խորհրդարանում իր մեծամասնությամբ։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքական պայքարը չի ավարտվում ընտրություններով և պետք է շարունակվի նաև հետընտրական փուլում։ Ղազարյանի գնահատմամբ՝ եթե պայքարը շարունակվելու է, ապա այս փուլում խորհրդարանական մանդատներից հրաժարվելը կնշանակի կորցնել Ազգային ժողովի ներսում քաղաքական պայքար մղելու հնարավորությունը։

«Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը ընտրությամբ չի ավարտվել և պետք է շարունակվի, իսկ դրա դեպքում հենց հիմա մանդատներից հրաժարվելը զրկում է ԱԺ-ում պայքարելու հնարավորությունից»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image