Հասարակություն

Ըստ ՀՀԽ-ի՝ Հանրային ռադիոն օժանդակ դպրոց է, որը պետք է ղեկավարի դեֆեկտոլոգը

Ըստ ՀՀԽ-ի՝ Հանրային ռադիոն օժանդակ դպրոց է, որը պետք է ղեկավարի դեֆեկտոլոգը

Ինչպես անցյալ ամիս, Հանրային հեռարձակողի խորհրդի դեմ իմ ներկայացրած հայցի՝ ՀՀ վարչական դատարանի վարույթ ընդունվելու մասին հոդվածում էի գրել («Հրապարակ», 13.09.2024թ․), մինչեւ սեպտեմբերի 20-ը գործով պատասխանող կողմը պետք է դատարան ներկայացներ հայցադիմումի պատասխանը եւ դատարանի որոշմամբ պահանջված ապացույցները։ 

ՀՀԽ-ի պատասխանը, որ ուղարկվել էր, 40 էջ ծավալով, համատարած կեղծարարություններով, իրավական մանիպուլյացիաներով, տեղ-տեղ ցնորամտության հասնող արձանագրումներով տեքստ էր։ Օրինակ՝ գրել էին․ ««Ազատություն» ռադիոկայանի հաղորդավարը լրագրող է» (դե դիմացիր, որ չհարցնես՝ ներողություն, իսկ «Ազատություն» ռադիոկայանի մոնտաժողը, հավաքարարը կամ կայքէջը վարողը ի՞նչ են... նրանք է՞լ են լրագրող, թե՞ դա արդեն խմբագրի մակարդակ է)։ Թեեւ ասել էի, որ ՀՀԽ-ի պատասխանն էլ կհրապարակեմ, բայց դա այն աստիճան հոգնեցնող, մանիպուլյատիվ, ծանծաղ տեքստ էր, որ ես՝ ինքս, մինչեւ վերջ չեմ կարողացել կարդալ (ենթադրում եմ՝ պատասխանը գրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում, որովհետեւ տեքստը, ակներեւաբար, մրցույթի նյութերին անծանոթ անձի կամ անձանց խմբի կողմից էր գրված, որի իրավագիտակցության առանցքը, ալֆան եւ օմեգան էլ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն է): Ես ընթացիկ ամսում կհրապարակեմ իմ հայցադիմումը։ ՀՀԽ-ից էլ թող հրապարակեն իրենց պատասխանը, եթե անհարմար չեն զգա։ 

Ամփոփ միայն կասեմ, որ 40 էջ արտագրություն-մտավարժանք-մանիպուլյացիաները ՀՀԽ-ի պատասխանում ծառայում էին 3-4 պնդում անելու, որոնք՝ բոլորն էլ, դատարանի առջեւ արդեն հերքել եմ, հերքումներն այս հոդվածում կհրապարակեմ։ Սակայն մինչ այդ՝ ավելի ուշագրավ զարգացման մասին․ ՀՀԽ-ն չէր կատարել դատարանի որոշումը՝ ապացույցներ ներկայացնելու մասով։ 

Մակուլատուրա եւ անվավեր թղթեր

Հանրային ռադիոյի տնօրենի 28.06.2024թ․ մրցույթի ոչ մի մասնակցի դիմումային փաթեթ չի բերվել դատարան, այնինչ ութ փաթեթների բնօրինակներն էլ պետք է ներկայացվեին՝ ոչ միայն դատարանի որոշմամբ, այլեւ՝ օրենքի ուժով (ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրք, 28-րդ հոդված, 2-րդ մաս)։ 
Դրանից ելնելով էլ 30.09.2024-ին ես միջնորդություն ներկայացրի դատարան՝ մրցույթի մասնակիցների դիմումային փաթեթների բնօրինակները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ՀՀԽ-ից առգրավելու եւ դատարանին հանձնելու խնդրանքով։ Անցուդարձը չվերաշարադրելու համար միջնորդությունից ուղղակի հատված մեջբերեմ։ 

«Մեծարգո դատարան,
Ձեր վարույթում գտնվող թիվ ՎԴ/9899/05/24 գործով՝ Լուսինե Պետրոսյանն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի, Դուք «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով վարույթ ընդունելու, երրորդ անձ ներգրավելու եւ ապացույց պահանջելու մասին» 26.08.2024թ․ որոշմամբ պատասխանող կողմից պահանջել էիք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել հայցով վիճարկվող ակտերի ընդունման հիմքում ընկած նյութերը։ Պատասխանող կողմը դատարանի որոշումը եւ պահանջը ՉԻ ԿԱՏԱՐԵԼ։ 

Իրենց կողմից դատարան է ներկայացվել եւ, որպես հայցվոր կողմի, նաեւ ինձ է ուղարկվել հայցադիմումի պատասխան՝ կից փաստաթղթերով, որոնք մրցութային փաթեթներին չառնչվող նորմատիվային ակտերի, արձանագրությունների, քվեաթերթիկների մակուլատուրա են։ ՀՀԽ պատասխանը ես ստացել եմ 26.09.2024-ին եւ հաջորդ օրը գրավոր դիմել եմ դատարան՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ 27.09.2024թ․ ծանոթացել եմ ՀՀԽ-ից դատարան ուղարկված թղթերին եւ լիակատար վստահությամբ պնդում եմ․ 

1) Հանրային ռադիոյի տնօրենի 28.06.2024-ին հայտարարված մրցույթի ութ մասնակիցներից եւ ոչ մեկի դիմումային փաթեթը չի ներկայացվել Դատարան, մինչդեռ հենց այդ փաթեթներն են մրցույթի հիմնական եւ իմ հայցային պահանջը հիմնավորող ապացույցները։ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀԽ-ն պարտավոր էր դրանք ներկայացնել։

2) Մրցույթում հաղթած թեկնածու պրն Ա․ Քոլոյանին վերագրվող մի քանի թղթերն էլ, որ ՀՀԽ-ի կողմից հայցադիմումի պատասխանին կից ներկայացվել են դատարան, ոչ միայն բնօրինակ չեն, այլեւ անգամ բնօրինակից պատճենված չեն։ 
Մրցույթի մասնակցի կողմից ՀՀԽ աշխատակազմ հանձնված դիմումային փաթեթի յուրաքանչյուր էջ վավերացվել է էջի ներքեւում դիմողի եւ ՀՀԽ աշխատակազմի ղեկավարի կողմից դրվող հակադիր ստորագրություններով (countersign): 
Դատարան ներկայացված՝ պրն Քոլոյանին վերաբերող թղթերի վրա վավերացնող ստորագրությունները բացակայում են, ինչն էլ հիմք է պնդելու, որ դրանք կեղծված են՝ հավանական է՝ նաեւ բովանդակային առումով։ 
Հետեւաբար, արձանագրելով փաստը, որ դատարանի 26.08.2024թ․ որոշումն ապացույցներ պահանջելու մասով պատասխանողի կողմից կամովին չի կատարվել (նաեւ պատասխանողի կողմից չի ներկայացվել գրավոր դիմում որոշման կատարման անհնարինության պատճառ(ներ)ի եւ նոր ժամկետ հայցելու մասին), իսկ նման պարագայում Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է դատարանի որոշման կատարում՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի սահմանած կարգով, ․․․

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ ԵՄ

որպեսզի Դատարանի կողմից տրվի Կատարողական թերթ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար» 28.06.2024թ․ հայտարարված մրցույթի մասնակիցների դիմումային փաթեթների բնօրինակները Հանրային հեռարձակողի խորհրդից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ԱՆՀԱՊԱՂ առգրավելու եւ դատարանին հանձնելու վերաբերյալ։ ․․․»։
Դատարանի կողմից իմ միջնորդությունը սահմանված ժամկետում չի մերժվել, առանց քննության թողնելու որոշում չի կայացվել, ինչը նշանակում է, որ միջնորդությունը, մեծ հավանականությամբ, կբավարարվի։ Այս պահի դրությամբ, սակայն, մրցութային փաթեթների բնօրինակները ԴԱՀԿ-ով առգրավելու Կատարողական թերթը ես դեռ չեմ ստացել։ Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Վարչական դատավարության օրենսգիրքն առհասարակ նախատեսում է միջնորդությունների քննարկում հակառակ կողմի մասնակցությամբ։ Դատարանն էլ գուցե համարում է, որ չեն սպառվել ապացույցները՝ առանց ԴԱՀԿ ներգրավման ստանալու միջոցները, գուցե նախնական նիստում դատարանն ուղիղ եւ անվանական պահանջի ապացույցները՝ դրանց ներկայացման համար սահմանելով մի քանի ժամ կամ մի քանի օր ժամկետ։ 

Ա․ Քոլոյանի 0 (զրո) համապատասխանությունը մրցույթի պահանջներին

Հուսանք՝ ՀՀԽ-ում հանցագործներ չեն նստած, քրեական հանցագործություն չեն պարտակում, հետեւաբար՝ իրենց տիրապետության ներքո գտնվող, հայցվոր կողմի համար նպաստավոր ապացույցները կամովին դատարան կներկայացնեն։ Եթե համառեն եւ չներկայացնել, իմ կողմից Միջնորդությունն արված է, ԴԱՀԿ օրենքով, Կատարողական թերթով, ՀԿԱԾ ներգրավումով դիմումային փաթեթները կառգրավվեն։ Եթե ՀՀԽ-ից փորձեն ապացույցների առգրավմանը դիմադրել կամ ապացույց վնասել, ոչնչացնել, ինքնաբերաբար ու առանց այլեւայլության քրեական հանցագործության մասին հաղորդում կտրվի։ Այդ դեպքում ՀՀԽ անդամները, վարչական դատավարությանը զուգահեռ, նաեւ քրեական վարույթում կընդգրկվեն։ 

Ընդսմին, այս պահի դրությամբ էլ հիմք կա ՀՀԽ կատարած քրեական հանցագործության մասին խոսելու։ Իսկ դիմումային փաթեթների բնօրինակների դատարան հասնելուց եւ ՀՀԽ անդամների՝ դատարանում հարցաքննություններից հետո չի բացառվում, որ արդեն քրեական հանցագործության մասին հաղորդում տալու հիմքերն ամբողջանան։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում։ 

Արդեն բազմիցս ասվել է, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերությունը» 100 տոկոս պետությանը պատկանող բաժնեմասով ՓԲԸ է։ Նման ՓԲԸ-ները Հայաստանում մի քանի հարյուր են, ներառյալ Երեւանի ՋԷԿ-ը, Մեծամորի ատոմակայանը, կառավարական «Հատուկ կապ» ծառայությունը եւ այլն։ Բոլոր 100 տոկոս պետական բաժնեմասով ՓԲԸ-ների համար, ՀՀ կառավարությունը 2005թ․ 224-N որոշմամբ հաստատել է ՓԲԸ գործադիր մարմնի (տնօրենի) ընտրության ընդհանուր կարգ, որտեղ իմպերատիվ սահմանված է․ 
9. Գործադիր մարմինների ընտրության պարտադիր պայմաններն են`
ա) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի 
Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն եւ այլ իրավական ակտեր).
դ) կազմակերպության զարգացման եւ բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն։
ՀՀԽ-ի կողմից հայցադիմումի պատասխանի շրջանակում դատարան ուղարկված մակուլատուրայի մեջ կար երկու թղթի պատճեն, որոնց վավերականությունը կասկածահարույց չէ, մեկը պրն Արմեն Քոլոյանի բարձրագույն կրթության դիպլոմի պատճենն է, մյուսը՝ «Ազատություն» ռադիոկայանի կողմից 30-ամյա ծառայության համար տրված շնորհակալագիրը։ 
Ինչ է գրված դիպլոմում. «Настоящий диплом выдан Колояну А. С. в том, что он поступил в Московский … государственный педагогический институт имени В. И. Ленина и окончил полный курс названного института по специальности ДЕФЕКТОЛОГИЯ․
Решением Государственной экзаменационной комиссии Колояну А. С. присвоена квалификация УЧИТЕЛЯ И ЛОГОПЕДА ВСПОМОГАТЕЛЬНОЙ ШКОЛЫ»․
Արդյունքում դիպլոմի պատճենից ակներեւ է, որ պրն Քոլոյանն ունի 0 (զրո) համապատասխանություն լրագրության բնագավառի բարձրագույն կրթության պահանջին, ինչը նշանակում է, որ նրա դիմումը պետք է վերադարձվեր, պրն Քոլոյանին չէր կարող թույլատրվել՝ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին նույնիսկ մասնակցել։ 

Եթե ՀՀԽ-ում իրենց հոժարակամ նույնացրել են օժանդակ դպրոցի սաների հետ եւ «չեն տարբերել», որ դեֆեկտոլոգիա-լոգոպեդիան լրագրություն չէ, ոչ էլ Հանրային ռադիոն է օժանդակ դպրոց, որ դեֆեկտոլոգն այն ղեկավարի, դրանից ոչինչ չի փոխվում։ Ռադիոն, ինչպես տպագիր մամուլը կամ հեռուստատեսությունը, զանգվածային լրատվության միջոց է, եւ համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը «Ժուռնալիստիկա» մասնագիտությունն է, «Լրագրող» որակավորմամբ, ինչը պրն Քոլոյանը չունի, այդքանով էլ իր դիմումը պետք է որակազրկվեր, եւ պրն Քոլոյանին թույլ չտրվեր մրցույթի մասնակցել (իմ մասով հետո կանդրադառնամ, այստեղ միայն թռուցիկ նշեմ՝ ես ավարտել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ լրագրողի մասնագիտությամբ, գերազանցությամբ)։

Դատելով ՀՀԽ-ի կողմից դատարան ուղարկված մակուլատուրայի երկրորդ թղթից՝ 30-ամյա ծառայության համար «Ազատություն» ռադիոկայանից տրված շնորհակալագրի պատճենից, պրն Քոլոյանը 0 (զրո) համապատասխանություն ունի նաեւ «ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» պահանջին։

Շարունակելի

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image