«Անազատության մեջ գտնվող նախկին գերին ահազանգում է՝ դեկտեմբերի 8-ից հացադուլի մեջ եմ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց այս պահին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Խաչիկ Գրիգորյանը: Նա 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարվել էր նոյեմբերի 10-ին, Լաչինի հատվածում եւ 34 օր գերության մեջ էր եղել:
«Իմ ծայրահեղ քայլը պայմանավորված է դատավորի որոշումով: 3 ամսով կալանքս երկարացրեց՝ հաշվի չառնելով, որ ունեմ 4 անչափահաս երեխա, հինգերորդին էլ սպասում ենք՝ կինս էլ ծանր հղիություն է տանում, կինս էլ տնային կալանքի տակ է»,- ասաց Գրիգորյանը: Խաչիկ Գրիգորյանը գողության համար է անազատության մեջ, մեղքն ընդունել է, տուժողի հետ էլ համաձայնության է եկել, որ վնասը փոխհատուցելու է, իսկ կինը վարույթին ներգրավվել է որպես օժանդակող, սակայն իրականում իրեն որեւէ բանով չի օժանդակել՝ պնդում է Խաչիկ Գրիգորյանը: Նշում է, որ դատավորը կարող էր փոքր-ինչ մեղմ որոշում կայացնել, ու գոնե վարչական պատասխանատվության ենթարկեին, որովհետեւ կինը ծանր հղիություն տանելու ու տնային կալանքի պատճառով չի կարողանում երեխաներին դպրոց տանել, երեխաները փաստացի զրկված են կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից: Բացի այդ, օգնող չունեն, իսկ ինքը կկարողանար ընթացիկ վճարումներով պարտավորությունը մարել:
«Հանրային պաշտպանի գրասենյակից, ընդհանուր առմամբ, գոհ եմ` հանրային պաշտպանը նորմալ պաշտպանել է, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ասեցին, որ ոչինչ չեն կարող անել, որովհետեւ դատերի մեջ եմ, իսկ արդարադատության նախարարությունից էլ արձագանքն այնպիսին էր, որ արդարադատության նախարարության հետ չունեն»,- ասաց անազատության մեջ գտնվող Խաչիկը: Ինչ վերաբերում է կալանավայրի պայմաններին, ապա դրա հետ կապված բողոքներ չունի, ասում է, որ խցում տաք է, բժիշկներն ամեն օր ստուգման են գալիս՝ կշռում են, ջերմություն եւ ճնշում են չափում: Սակայն մտահոգված է իր խցում գրեթե 30 օր հացադուլ անող ազատազրկվածների վիճակով, քանի որ վերջիններս առողջական խնդիրներ ունեն, խնդրել են իրենց հիվանդանոց տեղափոխել, բայց՝ ապարդյուն:
«Հոգեբանն աշխատել է ինձ հետ, բայց ինձ համոզել չի լինի: Ես հետճանապարհ չունեմ, եթե ուղիղ տեքստով ասեմ` այսօր իմ երեխաներն են հացադուլի մեջ, կարելի է նաեւ այդպես ասել: Չեմ դադարեցնելու հացադուլը, քանի դեռ դատարանի որոշման փոփոխություն չի եղել: Դեկտեմբերի 25-ին ես դատի եմ, եթե այդ օրն էլ որոշումը չփոխեն, ես շարունակելու եմ հացադուլը»,- եզրափակեց Խաչիկ Գրիգորյանը: