Հոգեբանության մեջ վաղուց հայտնի մի մեխանիզմ կա․ մարդիկ ամենակտրուկ ատում, խուսափում կամ ագրեսիվ են դառնում հենց այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց մասին գիտեն այնպիսի ճշմարտություններ, որոնք իրենք ամեն գնով փորձում են թաքցնել։ Հատկապես այն դեպքում, երբ այդ ճշմարտությունները քանդում են տարիներով կառուցված կեղծ կերպարը։ Այդպիսի մարդկանց ներկայությունը դառնում է ներքին անհանգստության մշտական աղբյուր․ նրանք հիշեցնում են ոչ թե այն, ինչ մարդը ցույց է տալիս հանրությանը, այլ այն, ինչ իրականում կա ներսում՝ վախ, անապահովություն, փլուզված ինքնավստահություն։
Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ փորձում է ուժեղ մարդու կերպար ստեղծել ու դրանով խաբել մարդկանց։ 2018-ին նա մտել էր Մոնթեի կերպարի մեջ՝ հեղափոխական, անվախ, պայքարող առաջնորդի դիմակի տակ։ Բայց ցանկացած քաղաքական կերպար մի օր բախվում է իրականությանը։ Այսօր նա այլևս չի կարողանում գտնել այդ կերպարը, որովհետև մարդիկ ութ տարվա ընթացքում ճաշակել են նրա թուլության բոլոր հետևանքները։ Երբ մարդու ներքին վախը երկար ժամանակ թաքցվում է, այն մի օր սկսում է արտահայտվել ոչ թե լռությամբ, այլ նյարդային ագրեսիայով, գոռոցներով, նվաստացնող բառապաշարով։ Դա հաճախ ուժի ցուցադրում չէ, այլ ներքին խուճապի պաշտպանական ռեակցիա։
Զարուհի Փոստանջյանի վրա Փաշինյանի երեկվա հարձակումը հենց այդ ժանրից է։ Զարուհի Փոստանջյանը ճակատագրի բերումով մի հիշարժան բան էր պատմում, որը տպավորվել է իմ մեջ։
Նիկոլի կինը՝ Աննան, գիշերը զանգում է Զարուհուն ու խնդրում գնալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, քանի որ Նիկոլ Փաշինյանը կալանավայրում լուրջ խնդիրներ ուներ։ Դա 2010 թվականն էր։ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր այդ ժամանակ։ Զարուհին գնում է ու Նիկոլին տեսնում նյարդային ու սարսափելի վախեցած վիճակում։ Կարևոր չէ, թե ինչ ասացին Կոշում Նիկոլի մասի և ինչու առանձնացրին նրան։ Կարևորն այն է, որ մենք այդ տարիների սերունդն ենք ու հիշում ենք, թե ինչ էին խոսում այդ ժամանակ։
Նիկոլ Փաշինյանին մարդիկ ընդդիմություն էին համարում, ու մինչև այսօր հիշում եմ ցույցի մասնակիցներից մի տարեց կնոջ խոսքերը․ «Նիկոլը ծտի պես դողում էր, երբ Զարուհին բանտախուց գնաց։ Էդ խեղճ աղջիկը խնդրեց, ու Նիկոլին տեղափոխեցին Արթիկ քրեակատարողական հիմնարկ»։ Նա այնտեղ մնաց հոյակապ պայմաններում, առանց այլ կալանավորների հետ շփման։ Նույնիսկ կալանավորների համար էր դժվար տանել Նիկոլին։
Ու հենց այստեղ է ամբողջ հոգեբանական հանգույցը։ Զարուհուն ատում է, որովհետև նա տեսել է իր վախը՝ ծտի պես դողալը
Մարդը ամենից շատ ատում է նրան, ով տեսել է իր անկումը, իր խուճապը, իր իրական դեմքը՝ առանց քաղաքական դիմակի։ Զարուհին Փաշինյանի համար պարզապես քաղաքական հակառակորդ չէ։ Նա կենդանի հիշեցում է այն ժամանակների, երբ ամբողջ «ուժեղ առաջնորդի» առասպելը փլվում էր մի քանի վայրկյանում։ Այդպիսի հիշողությունները իշխանությունը չի ջնջում․ դրանք ապրում են ենթագիտակցության մեջ ու տարիների ընթացքում վերածվում են ագրեսիայի։
Այսօր Նիկոլը չի կարող տանել Զարուհուն, որովհետև նա ականատես է եղել իր թուլությանը, գիտի՝ ով է ինքը իրականում։ Ու դրա համար այդքան աղեկտուր ճչում ու անպատվում էր Զարուհի Փոստանջյանին։ Երբ մարդը կորցնում է ներքին վստահությունը, նա սկսում է բարձրացնել ձայնը՝ հույս ունենալով, որ գոռոցը կփակի իր վախի ձայնը։