Հասարակություն

Գյումրիում տեղադրվեց հայտնի դաշնակցական Կարո Սասունիի արձանը

Գյումրիում տեղադրվեց հայտնի դաշնակցական Կարո Սասունիի արձանը

​Գյումրիում՝ Պռոշյան փողոցի և Գարեգին Նժդեհի պողոտայի խաչմերուկում, տեղադրվեց ազգային-ֆիդայական շարժման հայտնի գործիչ, հասարակական, քաղաքական ու մշակութային ակնառու դեմք, Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ազդեցիկ ներկայացուցիչ և 1920 թվականին Ալեքսանդրապոլի նահանգապետ Կարո Սասունիի (իսկական անունը՝ Կարապետ Ղազարյան) արձանը։ Հուշարձանի բացումը խորհրդանշական կերպով զուգադիպեց երախտավորի ծննդյան օրվան՝ հուլիսի 15-ին. նա ծնվել է 1888 թվականին և ապրել բեղմնավոր ու երկարատև 89 տարի։

​Տեղանքի ընտրությունը պատահական չէ. արձանը տեղադրվել է այնպես, որ Սասունին դեմքով նայում է դեպի Նժդեհի պողոտա՝ խորհրդանշելով նրա հավերժական քայլը դեպի մեծ զորավարը։ Քանդակագործ Միսակ Մելքոնյանը հուշարձանի վրա պատկերել է երեք կարևոր խորհրդանիշ՝ ծխամորճը, որը խորհրդանշում է միտքն ու խորհելու տեղիք տալիս, ծփացող շարֆը՝ որպես ազատության արտահայտություն, և ցուցամատը, որը վկայում է նրա իշխանավոր ու առաջնորդ լինելու մասին։

​Արարողության ընթացքում ներկաներն անդրադարձան Սասունիի թողած պատմական հարուստ ժառանգությանն ու հայրենանվեր գործունեությանը, որն անխզելիորեն կապված է եղել ՀՅԴ-ի հետ թե՛ հայրենիքում, թե՛ տարագրության մեջ։ Կարո Սասունին ավելի քան 20 տարի եղել է ազգային-ազատագրական պայքարի կիզակետում։ Նա մասնակցել է Թալինի հերոսամարտերին, որոնք նախապատրաստեցին Սարդարապատի հաղթանակը։ Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին (1918-1920 թթ.) եղել է խորհրդարանի պատգամավոր, ինչպես նաև Տարոնի և Շիրակի նահանգապետ, որտեղ ծավալել է հակակոռուպցիոն ակտիվ պայքար և լուծել տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ 1921 թվականին նա եղել է բոլշևիկների դեմ բարձրացված Փետրվարյան ապստամբության գլխավոր կազմակերպիչներից և «Հայրենիքի փրկության կոմիտեի» անդամ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Սասունին հաստատվել է Լիբանանում, որտեղ շարունակել է իր ակտիվ կուսակցական գործունեությունը, եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ինչպես նաև «Հայրենիք» ամսագրի խմբագիրներից մեկը։ Բացի այդ, նա թողել է հարուստ գրական ու պատմագիտական աշխատություններ՝ մանրամասն ներկայացնելով ազատագրական պայքարի ու ՀՅԴ պատմության կարևորագույն դրվագները, իսկ 1970-ականներին հասցրել է այցելել նաև Խորհրդային Հայաստան։

Արձանի ստեղծումն ու տարածքի բարեկարգումն իրականացվել է բարերարների աջակցությամբ։ Նախաձեռնության հեղինակը «Զորավար Սեպուհ» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Ներսիսյանն է, իսկ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացրել է բարերար Իվան Նալթաջյանը, ով նաև փոխանցեց Կարո Սասունիի ընտանիքի ու թոռների երախտագիտությունը Գյումրիում արձանը զետեղելու թույլտվության համար։ Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանի մասնակցությամբ կատարվեց օրհնության կարգ։ Հատկանշական է, որ հուշարձանի քողազերծումն ուղեկցվեց 1965 թվականին Լոս Անջելեսում ձայնագրված Կարո Սասունիի կենդանի ձայնի ներքո, ինչն անասելի հուզմունք առաջացրեց ներկաների մոտ։ Արարողությանը մասնակցում էին նաև ԱՄՆ-ից ժամանած հյուրեր, այդ թվում՝ Սասունիի երկու սաները, որոնցից մեկը՝ Նշան Փալանջյան ճեմարանի նախկին տնօրեն Տիգրան Ճիմբաշյանը, նշեց, որ իրենք եղել են մեծ գործչի դասավանդած վերջին սերունդը։

Լրահոս

Ամենաընթերցված

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդ...

×
Gallery Image