Հանրությունը սուր քննադատության ենթարկեց Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրված Պարույր Սեւակի արձանը, որի հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: Հանրային ճնշումն այնքան մեծ էր, որ գյուղում քվեարկության դրեցին հարցը, եւ այն ապամոնտաժելու որոշում կայացվեց: Բայց հիմա ինչ-որ իշխանական շրջանակներ իրենց «թեւերը փռել» են քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի վրա, որը երբեք էլ աչքի չի ընկել գեղագիտական բարձր ճաշակի ու արժեքավոր գործեր ստեղծելու մեջ: Եվ նրա ստեղծագործությունները դժվար է գլուխգործոց համարել, թեեւ, իհարկե, համաշխարհային աղմուկն էլ տեղին չէր: Նկատեցինք, որ Նիկոլ Փաշինյանի կինը, որն առաջադեմ երեւալու, մարդկանց «կրթելու» մոլուցքով է տառապում, արձանի մասին «խոհափիլիսոփայական» գրառումներ է տեղադրել իր էջում` մեջբերումներ է արել ԱՄՆ-ում ապրող մի անձ, որը դաշնակցական է, բայց նիկոլական հայացքներ ունի: Խոսքը Սասուն Քոսյանի մասին է, որն իր էջում Լեւոն Թոքմաջյանին համաշխարհային մեծությունների հետ էր համեմատել եւ Զանգակատան բնակիչներին ու արձանը քննադատողներին իր էջում ամոթանք տվել:
Նա մասնավորապես գրել էր. «Ֆրանսիական Գրական ընկերությունը 1891-ին պատվիրեց Ռոդենին ստեղծել ֆրանսիացի գրական հսկա, հայտնի վիպասան Օնորե դը Բալզակի հուշարձանը: Ռոդենը յոթ տարի ուսումնասիրեց Բալզակի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը, բայց ավանդական դիմաքանդակի փոխարեն ստեղծեց արմատականորեն տարբեր, վանականի զգեստով հզոր ֆիգուր, որը նպատակ ուներ ներկայացնելու գրողի «ստեղծագործական ուժը» եւ էներգիան, այլ ոչ թե նրա ֆիզիկական արտաքինը։
Քննադատներն այն անվանեցին «անձեւ զանգված», «դոդոշ պարկի մեջ» եւ «ձնեմարդ»։ Գրական ընկերությունը հրաժարվեց ընդունել գործը։ Ռոդենը գիպսե աշխատանքը տարավ իր տուն: Միայն իր մահից տասնամյակներ անց այն ստացավ ճանաչում ու ձուլվեց որպես բրոնզե արձան: Այժմ այն համարվում է ժամանակակից քանդակագործության գլուխգործոց։ Իսկ ո՞ւր են քննադատները...»: Ապա հավելել էր. «Զանգակատուն գյուղի գյուղացիների 85%-ի քվեարկությամբ որոշվել է, որ Լեւոն Թոքմաջյանի քանդակը կհեռացվի գյուղից: Իսկ գյուղացիներն ինչպե՞ս կբարեհաճեն քվեարկել Սոկրատեսի փիլիսոփայության մասին: Իսկ Արթյուր Ռեմբոյի բանաստեղծությունների մասին ի՞նչ կարծիք ունեն: Ապա թող իրենց քվեները գցեն Կանդինսկու նկարների մասին, Մալերի 2-րդ սիմֆոնիայի մասին...
Ինչպիսի խայտառակությո՜ւն: Մարտնչող տգիտությունը հաղթեց բարձր արվեստին: Ամոթ ձեզ, դուք արժանի չեք ինքնատիպ արվեստի, թող ձեր երեխաները հանկարծ չշեղվեն քառակուսի մտածողությունից, հանկարծ չգայթակղվեն ու ձեր տափակ, սահմանափակ ճաշակից դուրս ինչ-որ բանի վրա ուշադրություն չդարձնեն: Հանկարծ միջակությունից չազատագրվեն: Արագ հանեք տարեք այդ քանդակը՝ ավելի արժանի վայրում դրեք, անարժաններ»: Առնվազն փարիսեցիություն ու սրբապղծություն է Ռոդենի քանդակները Թոքմաջյանի քանդակների հետ համեմատելը: Մենք ԱՄՆ-ում բնակվող Քոսյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, թե ինչպես կարելի է Լեւոն Թոքմաջյանին համաշխարհային մեծությունների հետ համեմատել: Նա մեզ հետ զրույցում արդարացավ. «Ոչ թե մեծությունների հետ եմ համեմատել, այլ օրինակներ եմ բերել, որ կան արվեստի շատ ուղղություններ, որոնք դուրս են ավանդական ոճից, բայց նույնպես արժեքավոր են եւ երբեմն չեն հասկացվել նույն կերպ: Գեղեցկությունը սուբյեկտիվ է, բայց արվեստը միայն գեղեցկություն արտահայտելու համար չէ»: