Հասարակություն

Խոզալիր՝ պարզ բարդություն

Խոզալիր՝ պարզ բարդություն

- Պողոս, այ Պողոս, բա չիմացար… Հիշո՞ւմ ես, որ ասում էին՝ Ադրբեջանով ցորեն ենք ստանալու…
- Հա:
- Ստացել ենք:
- Յա՜ա՜ա՜… Մալադեց Նիկոլ:
- Հա, Պողոս ջան… Բա որ իմանաս ինչ ցորեն աաաա…
- Ցորենը ցորեն չի՞:
- Ցորենը ցորեն ա, Պողոս ջան, բայց էդ ցորենի կեսը իշխանությունների համար է, կեսը՝ պողոսների: Նիկոլն էլ կարգադրել է՝ չլինեմ, չիմանամ, որ իշխանությունները պողոսի ցորենից գողանան, ուտեն:
- Յա՜ա՜ա՜… Մալադեց Նիկոլ:
- Ասիր ու թողի՞ր, մալադեց, բա ի՞նչ: Նույնիսկ կարգադրել է՝ ցորենը տարբեր ալրաղացներում աղան, որ իշխանական ցորենը պողոսների ցորենի հետ չխառնվի:
Պողոսն ընկավ մտքերի մեջ: Ձեռքը տարավ ծոծրակին… Ես հասկացա, որ Պողոսի գլխում ինչ-որ բան շարժվեց: Չէի սխալվում:
- Իսկ չէի՞ն կարող ցորենն այնքան բերել, որ բոլորին հերիքեր… Էդ էլ հո երկու էշի գարի չէ՞, որ չեն կարողանում իրարից ջոկել ու Նիկոլին էլ էդքան նեղություն են տալիս:
- Չէ, Պողոս ջան, քանակի խնդիր չկա այստեղ, ցորենը վագոններով բարձած գալիս է, վերջը չի երեւում: Ուղղակի ամեն «սաստավի» 2 վագոնը իշխանության ցորենն է, 10-12 վագոնը՝ ժողովրդինը, այսինքն՝ իմը, քոնը, ձեր հարեւան Արտաշինը… Նիկոլը կարգադրել է, որ դեռ Հայաստան չմտած՝ ցորենը ջոկ-ջոկ անեն:

Պողոսի հայացքից զգացի, որ նա ոչ մի կերպ չի ընկալում հայտնածս նորությունը: Անընդհատ բարձրանում էր ոտքի թաթերի վրա, իջնում, բարձրանում, իջնում: Մեկ էլ՝ խոսեց.
- Դու ինչ-որ բան այնպես չես ասում…
- Ի՞նչը…
- Այ մարդ, Հայաստան չհասած էդքան պարապ մարդ կա՞, որ մեր իշխանության ու ժողովրդի ցորենն իրարից ջոկի:
- Այ Պողոս ջան, հո հատիկ-հատիկ չե՞ն ջոկում: Իշխանական ցորենն ուրիշ արտից է, մերը՝ ուրիշ: Արդեն ջոկած է, հասկանո՞ւմ ես, ջոկած լցնում են տարբեր վագոնների մեջ, վագոնի վրա էլ, որ Հայաստանում չխառնեն, գրում են․ սա՝ «Նիկոլին», սա՝ «պողոսներին»:
- Ասում ես՝ արտերն են տարբե՞ր…
- Հա, վագոններն էլ… Ցորենն էլ տարբեր ալրաղացներում են աղալու, մի մասը՝ Սիլաչի, մի մասը՝ Բաղրամյան:

Պողոսը գլխով արեց.
- Հա, այդքանը հասկացա, իսկ ինչպե՞ս են հացի փռում ալյուրն իրարից ջոկելու:
- Նիկոլն այդ մասին էլ է մտածել, Պողոս ջան: Փռերն էլ են տարբեր լինելու՝ էլիտար եւ սովորական: Իշխանականների հացի խանութները ջոկ են լինելու, իմը, քոնը, ձեր հարեւան Արտաշինը՝ ջոկ: Նրանց հացը թանկ կլինի, մերը՝ էժան:
- Չհասկացա… Իշխանականները էժան հացի համար կլցվեն մեր խանութները, էդքան խելք չունե՞ն:
- Չեն լցվի, Պողոս ջան, հանգիստ մնա, Նիկոլը գիտի՝ ինչ է արել: Ասի, չէ՞, արտերը տարբեր են: Նրանցը վերի արտի ցորեն է, մերը՝ ներքի… վագոնները տարբեր են, ալրաղացները՝ տարբեր, ալյուրները՝ տարբեր, փռերը՝ տարբեր, խանութները՝ տարբեր… Պողոս, հասկացիր, վերջապես, նրանցը ալյուր է, մերը՝ «խոզալիր»:
- Խոզալիրն ի՞նչ ա…
- Չգիտեմ: Գնա, Նիկոլին հարցրու: Ինքը դրա մեծ մասնագետն է…
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image