Հասարակություն

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը 4-րդ անգամ կկանգնի դատարանի առաջ

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը 4-րդ անգամ կկանգնի դատարանի առաջ

Երրորդ նախագահը չորրորդ անգամ կկանգնի դատարանի առաջ։Հիշեցնենք․ առաջինը դիզվառելիքի գործն էր, որով նախկին նախագահն արդարացվեց, երկրորդն առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ գործն է, որը դատարանում քննվում է, երրորդը՝ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու գործը, որը եւս դատարանում է, եւ այժմ մի գործ է նորից ուղարկվել դատարան, որով նախկին նախագահին մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կաշառք վերցնելու, պաշտոնը չարաշահելու համար: Այս գործի եզակիությունն այն է, որ այն կառուցվել է 5 տարի առաջ` 2020 թվականին մահացած հայտնի գործարար Միկա` Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքի հիման վրա: Քրեական գործը հարուցվել է 2019 թվականին։ Շուրջ 6 տարի տեւած նախաքննությունից հետո՝ հուլիսի 2-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ գործն ուղարկվել է դատարան։ Սա, իհարկե, ընտրություններից առաջ իշխանության հերթական ճնշումն է ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ։

Ըստ գործի նյութերի՝ Սերժ Սարգսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, նպաստել է, որ օտարերկրյա ներդրումներով, ՀՀ կարիքների բավարարման համար, Արարատի մարզի Սուրենավան համայնքում բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավվեն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Մ. Բ.-ն եւ վերջինիս պատկանող կազմակերպությունները: Նշվում է, որ միասին հիմնադրել են ընկերություն, այնուհետեւ այդ ընկերության կառավարումը ձախողվել է, օտարերկրյա ներդրողները որոշել են վաճառել իրենց բաժնեմասը, եւ, ի վերջո, Սերժ Սարգսյանի միջնորդությամբ, 2015 թ. օգոստոսի 22-ին Ս. Ս.-ի դստեր ամուսնու հետ փոխկապակցված ընկերությունը 40 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Մ. Բ.-ի հիմնադրած նոր ընկերության 100 տոկոս բաժնեմասը, ինչով պայմանավորված՝ հնարավորություն է ստացել ՀՀ բենզինային վառելիք ներկրելու մենաշնորհ ստանալ:  Դրանից հետո Սարգսյանը Բաղդասարովից պահանջել է իր եղբորորդու (Նարեկ Սարգսյան) եւ ՀՀ երկրորդ նախագահի որդու ընկերությանը նախկինում որպես կաշառք ձեւական գործարքով փոխանցված 22,5 տոկոս բաժնեմասի դիմաց ՀՀ երկրորդ նախագահի որդուն տալ առանձնապես խոշոր չափերով՝ 6 մլն ԱՄՆ դոլար։ Խոսքը Սեդրակ Քոչարյանի մասին է, որի դրվագը գործից առանձնացվել եւ այժմ դատարանում քննության փուլում է։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար: Միխայիլ Բաղդասարովը, որը մահացել է 2020-ին՝ ՌԴ-ում, ուղեղի կաթվածից, 2019-ին հաղորդում էր ներկայացրել ԱԱԾ նշված դեպքի վերաբերյալ։ 

Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում հիշյալ մեղադրանքին տվեց քաղաքական գնահատական․ «Հերթական շինծու, նիկոլական պատվերն է, ինչպես մնացած բոլոր գործերը, որոնք կարվել են Սերժ Սարգսյանի վրա։ Սա նրա մասին է խոսում, որ Նիկոլ Փաշինյանի վախերը շատ են, եւ նա փորձելու է իր քաղաքական հակառակորդների դեմ շինծու քրեական հետապնդումներ իրականացնել եւ գործեր կարել, հրաման տալ։ Մի երկրում, որտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը SMS-ով ԲԴԽ նախագահ է գործից հանում, ինչի՞ց եք զարմանում, եթե մի հայտարարություն անելու համար Սամվել Կարապետյանին կալանավորում են, ինչի՞ց եք զարմանում, եթե Աշոտյան Արմենի վրա ցուցմունք չկա, ոչ մի վկա չի ասում, որ Աշոտյանը կապ ունի այս բաների հետ, այդ մարդը 2 տարի է՝ նստած է, ինչի՞ց եք զարմանում։ Մի զարմացեք։ Տարբերակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի դեմ օրենքով սահմանված, Սահմանադրության կիրառմամբ այդ մարդուն հեռացնել իշխանությունից, ուրիշ տարբերակ չկա։ Նիկոլ Փաշինյանը քնեց, ում երազում տեսավ կամ սուրճ խմելուց որոշեց բռնել, հրամանը տալու է, դատական համակարգը կատարելու է, չե՞նք տեսել։ Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը, որ նստացրել եք էդ տղուն։ Նիկոլական Հայաստանում փորձել փնտրել տրամաբանություն եւ օրինականություն՝ անշնորհակալ գործ է

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image